Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\"Իսկ երեք օրից մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները»
խորագրով միջազգային գիտաժողովին մասնագետների ուշադրության
կենտրոնում կլինի անձը:

Անձը, նրա խնդիրներն ու հոգեբանական անվտանգությունը. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ-ում մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ սրանք կլինեն ամենից շատ քննարկվող թեմաները: Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ 90 ու Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի 30-ամյա հոբելյաններին:
«Առավոտը» կայանալիք գիտական հավաքի առիթով զրուցեց Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանի հետ: Նա փոխանցեց, որ գիտաժողովին կմասնակցեն 100 հայաստանցի մասնագետներ եւ մոտ 30 հրավիրյալներ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Պարոն Աղուզումցյանը ներկայացրեց նաեւ լաբորատորիայի անցած ուղին: ԵՊՀ գիտական աշխատանքների մրցույթներում 2-րդ տեղին արժանացած լաբորատորիայի ուսումնասիրության ոլորտները տարբեր են եղել՝ մարդու գործունեության հուսալիության խնդիրը, մարդ-մեքենա համակարգերի պատրաստման հարցը, փոքր եւ միջին բիզնեսի հոգեբանության ուսումնասիրությունները, մարդու հոգեբանական անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք վերջին տարիներին արդիական են դարձել ողջ աշխարհում:
«Առավոտի» հետ զրույցում Ռ. Աղուզումցյանը նկատեց. «Մարդու անվտանգության խնդիրները քննարկվում են տարբեր բնագավառներում՝ իրավական, առողջապահական եւ այլ դաշտերում, բայց անձի համար առավել կարեւոր՝ հոգեբանական դաշտը, բաց է թողնված: Օրինակ՝ իրավական պաշտպանվածության համար կան օրենքներ, որոնք ղեկավարում են այդ հարաբերությունները, կան առողջապահական նորմեր: Բայց անձի հոգեբանական անվտանգությունն ապահովված չէ, չկան համապատասխան նորմեր: Այդ է պատճառը, որ եթե անձին ֆիզիկական վնաս տալու դեպքում վնաս պատճառողը անպայման պատիժ կկրի, ապա հոգեբանական վնասի համար պատիժ չի նախատեսվում: Այնինչ դեռ Եզոպոսն էր ասում, որ խոսքի միջոցով կարելի է սպանել մարդուն: Ու այժմ վնասի այդ միջոցը մնում է ուշադրությունից դուրս»:
Զարգացնելով անձի հոգեբանական անվտանգության թեման՝ հոգեբանը փաստեց. «ԱՄՆ-ում այս թեման անվանում են կյանքի որակ, Եվրոպայում՝ կյանքի արդյունավետություն, այսինքն՝ ավելի շատ տարվում է տնտեսական ուղղությամբ: Իսկ մենք վերլուծությունների արդյունքում առանձնացրել ենք մի քանի գործոններ, որոնց առկայության դեպքում ապահովվում է մարդու հոգեբանական անվտանգությունը: Դրանցից է ընտանիքը, ընկերությունը, աշխատանքը, առողջությունը եւ այլն: Այդ 9 գործոնի միաժամանակյա ներկայությունն է ապահովում անձի անվտանգությունը: Եթե մարդն առողջ է, ապա դա դեռ չի նշանակում, որ նա անվտանգ է, քանի որ կարող է, օրինակ՝ աշխատանք չունենալ: Մյուս կողմից էլ, անվտանգությունը՝ կախված սեռերից, սերունդներից, խավերից, ունի տարբեր իմաստներ»: Մեր դիտարկմանը, թե՝ այդ տրամաբանությամբ Հայաստանում դժվար թե վտանգի չենթարկվող մարդ գտնենք, պարոն Աղուզումցյանը պատասխանեց. «Դուք դա ասում եք կենցաղի եւ մարդու ապրելաձեւի տեսանկյունից: Բայց մենք կատարում ենք գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան ունենալ եզրակացություններ, որոնք կուղղվեն համապատասխան պետական մարմինների: Ցավալի է, որ շատ հարցեր որոշվում են առանց գիտական հիմնավորումների, այնինչ դրանք հնարավորություն են տալիս ավելի ճիշտ կազմակերպել աշխատանքը, իսկ դրա համար գիտության նկատմամբ լուրջ պետական հովանավորություն է պետք»:
Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են հետազոտությունների այս փուլի համար գրանցված եզրակացությունները, քանի որ, ինչպես պարոն Աղուզումցյանն ասաց, դրանք դեռ շարունակվում են, մասնավորապես՝ կատարվում են փորձարարական աշխատանքներ. ուսումնասիրվում են ուսանողության, տարեցների անվտանգության հարցերը եւ այլն: Պարոն Աղուզումցյանը նշեց. «Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խնդիրը կարեւորվում է հասարակության շրջանում: Եկանք այն եզրակացության, որ թեկուզ ամենահիմնավորված տվյալներն ու արդյունքները ստանանք, բայց եթե կատարողների կողմից դրանք չընդունվեն եւ չիրականացվեն, գիտական հետազոտությունների արդյունքները կմնան որպես զուտ գիտական արդյունքներ: Ուստի կարեւոր է համագործակցել պետական կառույցների հետ»: Հարցրինք՝ արդյոք նրանք դա ուզո՞ւմ են: Հոգեբանը պատասխանեց. «Չի կարելի սպասել նրանց ուզելուն, քանի որ նրանք հոգեբաններ չեն եւ հնարավոր է՝ ծանոթ էլ չեն հոգեբանությանը: Բայց մենք՝ հոգեբաններս, պիտի կարողանանք անել այնպես, որ պետական այրերը, որոնց որոշումներից ինչ-որ բաներ են կախված, դա գիտակցեն, եւ այդ գիտակցությունը բխի ազգի նպատակներից ու պահանջներից: Քանի որ բոլոր պետական այրերը մենեջերներ են, ճիշտ կլիներ, որ պետական մակարդակով կազմակերպվեր նրանց հոգեբանական ուսուցումը: Հոգեբանական մշակույթի բացակայությունն է պատճառը, որ որոշ դեպքերում տեղի է ունենում բնակչության եւ պետական այրերի օտարում»: Քանի որ անձի գաղափարը հիմնաքարային է հոգեբանության մեջ, հետաքրքրվեցինք՝ այդ տեսանկյունից ինչպե՞ս է բնորոշվում մեր հասարակությունը: Պարոն Աղուզումցյանն ասաց. «Եթե հասարակության մեջ անձն առաջնային դեր չի կատարում, այդ հասարակությունը բարգավաճել չի կարող, գուցե նաեւ սխալ ճանապարհով գնա: Մինչեւ հիմա գիտականորեն հիմնավորված հայերի բնութագիր չկա: Հայի շատ լավ բնութագիր է տվել Դերենիկ Դեմիրճյանը, բայց այն գիտական չէ: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը բազմաշերտ է: Բայց զարգացած հասարակությունները ոչ զարգացածներից տարբերվում են օրենքների կիրառմամբ: Այս տեսանկյունից Հայաստանում մեծ ուշադրության պիտի արժանանա անպատժելիության խնդիրը, որ մարդիկ բոլորը հավասար լինեն օրենքների առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից: Հետո հոգեբանական մշակույթը պիտի բարձրանա: Դա չի նշանակում, որ բոլորը պիտի լինեն հոգեբաններ, ուղղակի մեզ մոտ պիտի լինի այն գաղափարը, որ առաջնայինը մարդն է՝ իր խնդիրներով: Իսկ մեզանում դեռ այդպես չէ: Առաջնային դեր են սկսում կատարել տնտեսական, քաղաքական հարցերը, եւ թվացյալ կարեւոր հարցերի մեջ մոռացվում է անձը՝ իր խնդիրներով»:
Զրույցի վերջում պարոն Աղուզումցյանից հետաքրքրվեցինք՝ անձի խնդիրների լուծման ճանապարհին ի՞նչ կարող է անել հենց ինքը՝ անձը: Հոգեբանը պատասխանեց. «Կարող է թեզ հնչել, բայց եկեք ուղղակի մեկս մյուսի նկատմամբ ուշադիր, կարեկցող լինենք, դրա համար հոգեբան լինել պետք չէ»: Պարոն Աղուզումցյանը նաեւ նշեց, որ գիտնականների կանխատեսմամբ 21-րդ դարը կենսաբանությանն է, իսկ այս դարավերջին կամ մյուսի սկզբին գալու է հոգեբանության դարաշրջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել