Ուջանը նշեց իր հիմնադրման 90 տարին
1915 թվականից հետո Օսմանյան յաթաղանից փրկված գաղթականության մի հատված հանգրվան գտավ Արագածի հարավային լանջերին: 1919 թվականին այսպես ստեղծվեց Ուջան գյուղը, որ այսօր ավելի քան 3000 բնակիչ ունի:
Այստեղ կողք կողքի հիմնվեցին նաեւ այլ գյուղեր, որոնց բնակիչները, աչքը չկտրելով Հայկական պարից, հավատում էին, որ մի օր կբացվեն սահմանները եւ իրենք կվերադառնան իրենց բնակավայրերը: Նրանք վառ էին պահում Էրգրի կարոտը՝ երգերով, ասքերով, պատմություններով: Ու դրա համար շատերը դարձան հայրենիքի «թշնամիներ», աքսորվեցին ու գնդակահարվեցին: Շատերը հերոսացան Մեծ հայրենականի տարիներին, Արցախի գոյամարտում: Գրեց ուջանցին իր հերոսական պատմությունը, եւ առ այսօր այստեղ ծնված մանուկը այդ պատմության տերն է, դրա կերտողը: 1967 թվականին՝ խորհրդային գաղափարախոսության ամենախիստ ժամանակաշրջանում, բազմաթիվ ճնշումների ու խոչընդոտների պայմաններում Ուջանում հառնեց զորավար Անդրանիկի կիսանդրին: Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին Ուջանի հյուսիսային մասը գոտեւորող լեռների վրա խարույկներ են վառվում, ճիշտ այնքան, որքան տարի անցել է 1915 թվականի ցեղասպանությունից:
Այս տարի հոկտեմբերի 18-ին Ուջանը նշեց իր հիմնադրման 90-ամյակը: Ուջանցին ցուցադրության էր հանել Արեւմտյան Հայաստանից բերած աշխատանքային եւ կենցաղային իրեր: Պաստառների վրա մեկ առ մեկ գրված էին Արեւմտյան Հայաստանի՝ իրենց բնակավայրերի անունները: Թեպետ Ուջանում ցեղասպանությունից փրկվածների արդեն 3-րդ սերունդն է ապրում, սակայն նրանք միմյանց դիմում են իրենց Էրգրի բնակավայրերի անուններով: Ազգագրական երգ ու պարով սկսված տոնը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր եւ կրկին հաստատվեց այն փաստը, որ ուջանցին վառ է պահում իր կորուսյալ Էրգրի հիշողությունը: Ապրելով ու հզորանալով այս հողի վրա՝ նա վստահ է, որ մի օր իսկական տերն ու հողը գտնելու են իրար: