Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-շվեդական մշակութային համագործակցությունը խորանում է

Հոկտեմբեր 20,2009 00:00

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հյուրընկալել էր Շվեդիայի տարբեր քաղաքների հանրային գրադարանների մի խումբ գրադարանավարների: ՀԱԳ տնօրինության հետ հանդիպման ընթացքում հյուրերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ տեղեկատվության, փորձի փոխանակման մասին:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է այն, որ վերջին շրջանում հրատարակվել են հայերեն-շվեդերեն, շվեդերեն-հայերեն բառարաններ:
«Այս փաստը հնարավորություն է տալիս առավել հաճախ անդրադառնալու շվեդական մշակույթին եւ գրականությանը, նպաստում է թարգմանական գործին՝ հատկապես գրական-գեղարվեստական ստեղծագործություններին, ընդ որում՝ թարգմանել հենց բնագրից, այլ ոչ թե միջնորդավորված ձեւով, ինչպես կատարվում էր մինչեւ այժմ»,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում՝ շվեդերենի, Շվեդիայում՝ հայերենի դասավանդման եւ իմացության հետ կապված խնդիրներ: Ըստ հանդիպման մասնակիցների, այդ գործում կարող է օգտակար լինել շվեդահայ համայնքը:
Շվեդ գրադարանավարները պատմեցին իրենց երկրում գրադարանային գործին վերաբերող մանրամասներ:
Առաջիկայում կկազմվի աշխատանքային առավել հստակ ծրագիր՝ երկու երկրների գրադարանների միջեւ համագործակցության մասին:
Նշենք նաեւ, որ Հայաստանի Ազգային գրադարանը հաճախ է անդրադառնում շվեդական գրական-մշակութային կյանքին: Բոլորովին վերջերս այս հաստատությունում նշվեց շվեդահայ Պողոս Արոյի «Շվեդերեն-հայերեն բառարանի» շնորհանդեսը: Այն լույս է տեսել Ստոկհոլմում: Իսկ 2007թ. նույն հեղինակը հրատարակել էր «Հայերեն-շվեդերեն բառարան», որը նույնպես ներկայացվել է Հայաստանի Ազգային գրադարանում:
Պ. Արոն մտադիր է առաջիկայում միավորել այս երկու բառարանները՝ հրատարակելով «Հայերեն-շվեդերեն, շվեդերեն-հայերեն բառարան»: Նա նաեւ մտադիր է հայերեն թարգմանել շվեդական գեղարվեստական գործեր: Իսկ ներկայումս մի վավերագրական ֆիլմի սցենար է գրում, որի հերոսուհին շվեդուհի է, սակայն ապրել է Արեւմտյան Հայաստանի որբանոցներում եւ ականատես  եղել հայերի ցեղասպանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել