Այս օրերին ՀՀ-ում է գտնվում պարսիկ հոգեւորական, գրող, հետազոտող Մահմուդ Արգանի Բեհբահանը: Օրերս նա Հայաստանի Ազգային գրադարանի հյուրն էր: Մ. Ա. Բեհբահանի այցի նպատակը Հայաստանի խոշոր գրադարաններին ծանոթանալն է: Նա մտադիր է գիրք հրատարակել աշխարհի գրադարանների մասին: Ազգային գրադարանի տնօրինության հետ հանդիպման ժամանակ խոսվեց երկու երկրներում գրքի, գրադարանների, ընթերցանության մասին: Նա Ազգային գրադարանին նվիրեց «Հանրագիտարան իրանահայոց» ստվարածավալ աշխատությունը, «Sacrification In Islam» գիրքը, իր ուսումնասիրություններից մեկ օրինակ՝ երեքն էլ պարսկերեն:
Իր հերթին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը գրողին նվիրեց Ազգային գրադարանի ուղեցույցը, «Հայ գրքի մատենագիտության» 1-4-րդ հատորները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համագործակցության մասին: Մահմուդ Արգանի Բեհբահանը խոստացավ հնարավորության դեպքում Հայաստանի Ազգային գրադարանին ուղարկել իր գրքերի օրինակները:
Մ. Ա. Բեհբահանը հեղինակ է ավելի քան քառասուն գրքերի: Ըստ նրա, Իրանում գրադարանները գիտական կարեւոր կենտրոններ են: «Իրանն ընդհանրապես գրքասեր երկիր է, այնտեղ յուրաքանչյուր ընտանիք հսկայական գրադարան ունի իր տանը, եւ երեխաներին էլ դաստիարակում ենք այնպես, որ միշտ սիրեն գիրքը, քանի որ ժողովրդի ինքնությունն արտահայտված է գրքերում»,- ասաց Մ. Ա. Բեհբահանը: Նա նշեց, որ տպավորված է մեկնում Հայաստանից, այստեղ պահպանվող հոգեւոր ժառանգությունից:
Նա շրջեց Ազգային գրադարանի ընթերցասրահներով, ծանոթացավ գրադարանում պահպանվող արժեքներին, իրանական գրականությանը, խոստացավ իրանական գրականությամբ ֆոնդերը համալրելու հարցում օգնել Հայաստանի Ազգային գրադարանին:
Հաջորդ երկիրը, որ մտադիր է այցելել գրողը, Վրաստանն է: