Հազիվ 1500 բնակիչ ունեցող գյուղում ազգամիջյան ընդհարումներ են լինում
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում ապրում է մոտ 1500 մարդ: Քիչ չեն եզդիները: Մրգաստանցի է նաեւ Ազիզ Իսկոյանը, ով ունի կին եւ երեք երեխա: Իսկոյանների պատմելով, իրենց ընտանիքը դարձել է Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանի աչքի փուշը, եւ գրեթե չկա մի օր, որ գյուղապետն ու նրա հարազատներն ու մտերիմները մի վատ բան չասեն կամ չանեն Իսկոյաններին:
«Մի քանի տարի առաջ, երբ Ռաֆիկ Խաչատրյանը գյուղապետ չէր, նրա տղան իմ հետ կռվեց: Ես գնացի ոստիկանություն, որտեղ աշխատում է նրանց հորեղբոր տղան: Հետո միջամտեցին այլ ծանոթներ, խնդրեցին, որ չբողոքեմ ու խոստացան, որ սրանից հետո իրենք ինձ տեսնելիս մի խաչմերուկ հեռու կգնան: Այդպես անցավ մեկ տարի կամ մի քիչ շատ: Մեր այն ժամանակվա գյուղապետը՝ Սերոժ Կարապետյանը, ոչ մի ազգի մեջ տարբերություն չէր դնում, բոլորը իրար հետ լավ, նորմալ հարաբերությունների մեջ էին, գյուղին էլ լավ նայում էր. մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իսկ անցած տարվա հոկտեմբերին, երբ գյուղապետի ընտրություններ եղան, ես դարձա Խաչատրյանների աչքի գրողը, ինչ է թե՝ մեր ընտանիքով ընտրել ենք Սերոժ Կարապետյանին»,- պատմում է Ազիզ Իսկոյանը:
Դրանից հետո սկսվել է հալածանքների իսկական շղթա: Ըստ Իսկոյանների՝ գյուղապետ դարձած Խաչատրյանները գյուղի երեխաներին սովորեցրել են դպրոցում չխոսել իրենց ավագ որդու՝ Ռոմանի հետ. «Երեխեն դպրոց չգնաց, ասացի՝ ինչո՞ւ չես գնում, ասաց՝ ոչ ոք հետս չի խոսում: Չխոսողներից մեկն էլ դպրոցի տնօրեն Նունե Բարսեղյանի որդին էր: Տնօրենը իմ ներկայությամբ տղայիս ասաց՝ իրենք քո հետ չեն խոսում՝ դու իրենց հետ խոսա: Էդ էլ՝ տնօրենի պատասխան: Երեխես իրենց ահու փախավ-գնաց Ռուսաստան, ոնց որ իմ եղբայրները, իմ հորեղբոր տղաները, թոռները, իմ հարեւանները»:
Ազիզ Իսկոյանը պնդում է, որ իր աղջիկը՝ Գոհար Իսկոյանը, անեմիա հիվանդությունն է ստացել. «Երբ տարիներ առաջ եղած կռվի ժամանակ աղջիկս ինձ տեսավ արնաշաղախ՝ դրանից հետո ամիսը երկու-երեք անգամ բուժում է անցնում արյան փոխներարկման ինստիտուտում»:
Բացի սրանից, Ազիզ Իսկոյանը պատմեց, որ եղել են դեպքեր, երբ գյուղապետը մեքենան քշել է իր վրա, կամ՝ «ես պարտք չունեմ, բայց մորս թոշակը կամ երեխու հիվանդության թոշակը ստանալիս ասում էր՝ պիտի անպայման մուծում անես»:
Խաչատրյան-Իսկոյան վերջին բախումը հոկտեմբերի 18-ի առավոտյան 11-ի մատույցներում է եղել: Ըստ Իսկոյանի՝ գյուղապետ Խաչատրյանն է նախահարձակ եղել: «Երեխեն՝ Քյարամս, մեր դռան դեմ էր նստած, ես՝ հարեւանի: Տեսա, որ գյուղապետը երեխայիս հայհոյում է: Կինս դուրս եկավ տնից: Գյուղապետը վրա տվեց կնոջս ու հայհոյեց: Ես խոսեցի, իրենց թողեց՝ ինձ հասավ ու սկսեցին խփել. գյուղապետն էր, Տիկոն, Արտակը, մի հոգի էլ կար, որ բաժանողի դերում էր: Հարեւանները սկսեցին բաժանել, բաժանողների մեջ էին նաեւ խփողներից մեկի տատն ու մայրը: Գոհարիկը վատացավ ու իրենք հեռացան: Անցավ մի կես ժամ ու եկավ գյուղապետի եղբայրը՝ Արտուշը ու ասաց՝ Ազո, գլուխդ օձի նման կջնջխենք, քեզ խելոք պահի, ասացի՝ հլը մի բան էլ ես եմ մեղավո՞ր: Ասաց՝ գյուղը մերն է, քեզ ոնց ասենք, այնպես էլ կանես: Ասաց՝ գնա միլիցա ու ով էլ փոշմանի…: Դրանից առաջ ասում էին՝ մենք իրա տունը կծախենք, թող թողնի գնա… Ի՞նչ ա, մենք գերի՞ ենք, մենք իրավունք չունե՞նք այստեղ ապրելու, փաստորեն վտարում են: Գյուղ օգնություն է գալիս՝ միայն իր շրջապատին է տալիս: Ես չեմ հասկանում, ըտենց ղեկավար ո՞նց են ընտրել, ո՞նց ա ղեկավարում»,- պատմեց Ազիզ Իսկոյանը:
Ազիզ Իսկոյանի հետ զրույցից հետո զանգեցինք Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանին: Նա ասաց, որ Ազիզ Իսկոյանի պատմածը իրականությանը չի համապատասխանում: «Մեղավորը իրանք են եղել, ըտենց բան չի եղել: Վիճաբանություն եղել է, խփել չի եղել: Մենք հուշարձան ենք սարքում զոհվածների հիշատակին, իրենք տրորում են: Մենք սարքենք՝ իրենք քանդե՞ն: Իրա հայրը շատ անշնորհք մարդ է, իրանք ինձ զրպարտում են: Գյուղի եզդիների միության նախագահը իրա հորեղբոր տղան է, իրան էլ հարցրեք»,- հայտարարեց գյուղապետը: Ըստ նրա, իր տղան եւ Ազիզ Իսկոյանը տարիներ առաջ չեն կռվել, ինքն էլ օգնությունը բաժանում է բոլորին՝ այդ թվում՝ Իսկոյաններին: Վերջում գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ եթե ճիշտը չգրենք՝ կբողոքի:
Իսկոյանի հորեղբոր տղան՝ գյուղի եզդիների միության նախագահ Թորուն Իսկոյանը ազատամարտիկ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Ըստ նրա, Ազիզ Իսկոյանը կռվարար է. «Բարեկամս մի քիչ կոպիտ խասիաթ ունի: Կիրակի առավոտյան էլ թյուրիմացություն է եղել, գյուղապետը գնացել է նրանց տուն՝ ասելու, որ ձեր երեխան իրեն լավ չի պահում՝ ամուսիններով տաքացել են ու դրանից է վեճը ծագել: Գյուղապետը ոչ ոքի չի ծեծել»: