«Առավոտի» հոկտեմբերի 16-ի համարում «Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ» հրապարակմամբ, հենվելով Տավուշի մարզպետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների վրա, անդրադարձել էինք հայկական կազակների միավորման անդամների այցին՝ Տավուշի մարզ: Հրապարակումից հետո ստացել ենք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը, որը վերնագրված է «Սխալ հետեւություն՝ ճիշտ տվյալներից»: Ըստ այդ պարզաբանման. «Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը Կրասնոդարի երկրամասի կազակների՝ Տավուշի մարզ կատարած այցի մասին է եղել: Նշվել է, որ դա դեռեւս 2005 թվականին ՀՀ Տավուշի եւ ՌԴ Կրասնոդարի մարզերի միջեւ ձեւավորված բարեկամության ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումներից էր եւ որ նրանց ուղեկցում էին Կրասնոդարի հայերի միության ու Հայաստանում գործող հայկական կազակների միավորման ներկայացուցիչները: Հակիրճ ներկայացվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ ընդունելության ընթացքում տեղի ունեցած զրույցը: Կրասնոդարի կազակների պատվիրակության այցի մասին Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ ոչ մի բառ չկա այն մասին, որ Կարեն Զադոյանը հայկական բանակի գեներալ- լեյտենանտ է, ինչպես «Առավոտ» թերթի հոկտեմբերի 16-ի համարում «Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ» հրապարակման մեջ նշում է Ո. Սարգսյանը: Այնտեղ շատ պարզ ու հասկանալի հայերենով գրված է. «Հայկական կազակների միավորման գլխավոր ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ արդեն 10 տարի Հայաստանում գործում է այդ կազմակերպությունը, գրեթե բոլոր մարզերում այն ունի ջոկատներ, պատրաստվում են նման ջոկատ ստեղծել նաեւ Տավուշի մարզում»: Փաստորեն, ՀՀ պաշտպանության նախարարությունից նույնպես «Առավոտի» թղթակցին պատասխանել են, որ նա կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ է, ինչպես եւ գրված է Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: Ավելին՝ հայտնել են, որ նա Հայ-կազակական բարեկամության միության նախագահն է: Հասկանալի չէ միայն, թե նույնիսկ նման պարզաբանումից հետո որտեղից է Ո. Սարգսյանը այդպիսի հետեւություն կատարել: Իսկ նյութում նշված կազակական ջոկատները Հայկական կազակների միավորման մասնաճյուղեր են, որ գործում են հանրապետության շատ մարզերում եւ, ըստ կազմակերպության, նախաձեռնել են նման մասնաճյուղ ստեղծել նաեւ Տավուշում»:
Նույն հրապարակման վերաբերյալ իր պարզաբանումներն է ներկայացրել նաեւ հայկական կազակական միավորումը, որը հագեցած է մեր հասցեին արված վիրավորանքներով, մեր թերթին չվայելող ու անհարիր ձեւակերպումներով եւ արտահայտություններով:
«Առավոտի» էթիկայի կանոններից երրորդով, մենք պարտավորվում ենք զերծ մնալ վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից: Այնպես որ, կազակների միավորման պատասխանը այդ տեսքով «Առավոտում» չի տպվի: