Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու փառատոնը՝ Արենիում

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\"  Կյանքը շատ կարճ է վատ գինի ըմպելու համար

Վայոց ձորի մարզի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Քրիստոսից առաջ 3-րդ դարից: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ խաղողագործությամբ եւ գինեգործությամբ զբաղվել են 6 հազար տարի առաջ, այդ մասին են վկայում քարանձավներում գտնված խաղողի ճյուղը, հայտնաբերված կարասները: Միանշանակ է. Արենիում վայրի խաղող մշակել սկսել են դեռեւս վաղ բրոնզի դարից, այսօր մշակում են խաղողի շուրջ երկու տասնյակ տեսակներ, բայց ամենատարածվածը հանրահայտ «Արենին» է:
Շաբաթ օրը, հոկտեմբերի 17-ին՝ առավոտից Արենի տանող բոլոր ճանապարհները փակ էին. գյուղում արդեն 3-րդ տարին է՝ հոկտեմբերի 3-րդ շաբաթը մեծ շուքով նշվում է ավանդական դառնալ հավակնող Գինու տոնը: Այս տարի տոնին ավելի մեծ հնչեղություն տալու համար կազմակերպիչները այն Գինու փառատոն էին անվանել: Արենիում էին հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը եւ այլք: Արենի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը հույս հայտնեց, որ տոնակատարությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը եւ հավելեց, որ փառատոնը համագյուղացիներին հնարավորություն է տալիս ցուցադրելու, գովազդելու իրենց բերքը, գինին: Արենցիները կամ մոտակա գյուղի բնակիչները մոտ 50 սեղանի վրա ներկայացրել էին տարբեր տեսակի գինիներ, խաղող, գաթա, Արենիի պանիր: Որոշ գյուղացիներ էլ որոշել էին հյուրերիս «զարմացնել»՝ առանձին սեղաններով վաճառքի հանելով պարսկական, թուրքական կամ այլ ծագումով մանկական խաղալիքներ:
Գյուղ այցելող հյուրերին լավ գինով հյուրասիրելը արենցիները պարտադիր են համարում, իսկ ահա Արենիի մեկ խնձորը համտեսեցինք 150, 1 ողկույզ սպիտակ խաղողը՝ 300, իսկ Արենիի գաթան՝ 1000 դրամով: Արենիի գինեգործներն ունեն խաղողի մշակման, գինու պատրաստման իրենց գաղտնիքները եւ դրանց մասին չեն խոսում նույնիսկ գինովցած ժամանակ: Արենիի բնակիչ Արտյոմը հպարտանում է. «Մեր սարքածը շատ ավելի լավ է վաճառվում, քան պետականը», հետո մեզ խորհուրդ է տալիս՝ «Արենի» ընտրելիս իրենց պատրաստածը փորձել. «Խանութներում եղածի ու մեր սարքածի միջեւ տարբերությունը շատ մեծ ա, էնտեղ զտումներն ուրիշ ձեւ ա լինում, գինուց հասկացողը որ համտեսի, կտեսնի»: Արենիի մեկ այլ բնակիչ՝ Միքայել Գրիգորյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Արենիի խաղողը՝ որակով, տեսակով ու քաղցրությամբ համեմատելի չէ Արարատյան դաշտավայրի խաղողի հետ: Նրանց սպիտակ խաղողը կոնյակի համար է լավ, մերը՝ գինու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել