Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\" «Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ Կապանում

Շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպված «Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքը գյուղմթերքների առատությամբ զիջում էր նախորդներին: Տարածաշրջանի գյուղատնտեսության համար անբարենպաստ տարին էր պատճառը, որ ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքին գյուղական համայնքներից մասնակցող ֆերմերներն այս տարի ներկայացել էին ոչ այնքան հարուստ գյուղմթերքների տեսականիով: «Կապան Ագրո Էքսպո 2009»-ին մրգեղենը, բանջարեղենն իրենց տեղը զիջել էին տնական գաթաներին, թոնրի լավաշներին եւ այլ խմորեղենների ու թխվածքների: Կապանի տարածաշրջանում գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքներ կազմակերպվում են 2005 թվականից՝ «Կապանի տարածաշրջանի ֆերմերների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ: Ըստ հ/կ նախագահ Արմինե Հակոբյանի, այս ցուցահանդես-վաճառքների նպատակը Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների զարգացմանն ու կենսամակարդակի բարելավմանը խթանելն է՝ միջոցառումներն աջակցում են գյուղացիներին իրացնելու իրենց արտադրած գյուղմթերքները: Մինչեւ օրս անցկացված ցուցահանդես-վաճառքներից 8 միլիոն դրամի եկամուտ են ստացել ֆերմերները:
Այս տարի ծրագրում ընդգրկվել էր 16 գյուղական համայնք՝ յուրաքանչյուրից 3-4 ներկայացուցիչ, ովքեր ցուցահանդեսին ներկայացնում էին նաեւ իրենց համագյուղացիների արտադրած գյուղմթերքները: Գեղի գյուղական համայնքը, որը տարածաշրջանում աչքի է ընկնում հատկապես խնձորի առատությամբ, ինչպես նաեւ մի շարք մշակաբույսերով, «Կապան Ագրո Էքսպո»-ին մասնակցում էր առաջին անգամ: «Ընթացիկ տարին շատ անբարենպաստ էր մեր գյուղի համար: Պտղատու ծառերն ու մշակաբույսերը մի քանի անգամ կարկտահարվել էին, դրա համար մենք այս տարի չկարողացանք Գեղիում արտադրվող բոլոր գյուղմթերքները ներկայացնել: Հիմնականում կաթնամթերք, բոխի եւ բուժիչ հատկություն ունեցող սարի ծաղիկներ ենք բերել ցուցահանդեսին, որոնք լավ վաճառվել են, ինչը շատ ուրախալի է»,- ասում է Գեղի գյուղի բնակիչ Մարգարիտա Հարությունյանը: Բացի Գեղիից, գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքին առաջին անգամ էին մասնակցում նաեւ Շրվենանց եւ Սյունիք գյուղերը:
Անկախ եղանակային պայմանների բացասական ազդեցությունից, մասնակից գյուղական համայնքներից եւ ոչ մեկը չէր հրաժարվել տարին մեկ անգամ կազմակերպվող ցուցահանդես-վաճառքին մասնակցելու հնարավորությունից: «Կապան Ագրո Էքսպո 2009»-ը նախորդներից տարբերվում էր նաեւ գյուղմթերքների փոքր-ինչ բարձր գներով, ինչը նկատել էին մասնակիցները, իսկ ֆերմերները պարզաբանում էին, որ դրա պատճառը գյուղատնտեսական անբարենպաստ եղանակային պայմաններն են: Ամեն դեպքում, քաղաքաբնակները նախընտրում են գյուղական անարատ հողում աճեցրած կարտոֆիլն ու խնձորը, գյուղացու ձեռքով պատրաստած մածունն ու պանիրը:
Գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքի հետ կապված՝ մասնակիցները նաեւ առաջարկներ ունեին: Նրանք կուզեին, որ նման միջոցառումներ կազմակերպվեն ավելի հաճախ ու ավելի ընդարձակ տարածությունում, ինչը հնարավորություն կտա ավելի ազատ տեղաշարժվել, ինչպես նաեւ կապահովի ավելի մեծ թվով ֆերմերների մասնակցություն: «Մեր հնարավորություններն այսօր այնքան էլ չեն ներում, որ միջոցառումն ավելի ընդգրկուն դարձնենք, բայց եթե մեզ հետ համագործակցել ցանկացողներ լինեն՝ մենք պատրաստ ենք միասին աշխատել եւ, ինչու չէ, այս առաջարկները իրականություն դարձնել: Ծրագրում ընդգրկված մասնակից ֆերմերների բոլոր ծախսերը մենք ենք հոգում, խորհրդատվություններ ենք տրամադրում, տեղեկացնում ենք ներկայացվող ապրանքատեսակների շուկայական գների մասին եւ այլն»,- նշում է կազմակերպիչ հ/կ նախագահ Արմինե Հակոբյանը:
Ինչպես միշտ, այս տարի էլ մասնակից ֆերմերների համար հուշանվերներ եւ մրցանակներ էին նախատեսվել՝ «Լավագույն կին ֆերմեր», «Լավագույն ձեւավորող» եւ այլ անվանակարգերում: Ընդհանուր՝ 10 մրցանակ էր սպասում ֆերմերներին ցուցահանդես-վաճառքից հետո, հաղթողներին էլ ընտրում են հենց ցուցահանդեսի մասնակից-ֆերմերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել