Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրական դրսեւորում

Հոկտեմբեր 20,2009 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ կրկին դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, կապված քաղաքացի Հասմիկ Ասլանյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հետ: Նշենք, որ Հ. Ասլանյանի դիմումը, որով նա խնդրում էր իրեն Հայաստանում փաստաթղթավորել, մերժվել է ոստիկանության անձնագրային բաժնի կողմից, պատճառաբանությամբ, որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Ոստիկանությունը հայտնել էր, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի շրջանի ՆԳԲ-ում կատարվում է ծառայողական քննություն՝ կեղծ հիմքերով անձնագիր ձեռք բերելու համար:
Պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ոստիկանության նշված դիրքորոշումը փաստում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ միեւնույն երեւույթի վերաբերյալ տարբերակված, խտրական մոտեցում ցուցաբերելու մասին, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով, համաձայն որի՝ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»:
«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք նույնաբնույթ են եղել (հիմնականում՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք), սակայն ՀՀ ոստիկանությունը եւ պետական պաշտոնատար այլ անձինք գտել են, որ այլ երկրի քաղաքացիություն ստացած անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, իսկ այլ պետության քաղաքացիություն ձեռք են բերել օրենքի խախտմամբ: Մինչդեռ, քաղաքացի Հասմիկ Ասլանյանի պարագայում, ոստիկանությունը գտնում է, որ Հ. Ասլանյանին հնարավոր չէ փաստաթղթավորել, քանի որ նա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ հաշվի չառնելով, որ վերջինիս ՀՀ քաղաքացիության փաստը չի դադարել կամ նա քաղաքացիությունից չի զրկվել»,- հավելում է օմբուդսմանի գրասենյակը:
Ըստ վերջինիս, ՀՀ քաղաքացիությունից զրկելը, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելը հանդիսանում է ՀՀ նախագահի բացառիկ լիազորությունը, հետեւաբար՝ ՀՀ ոստիկանությունը օժտված չէ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունից զրկելու իրավասությամբ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Օմբուսդմանը պահանջում է խնդրո առարկան մանրակրկիտ քննարկման ենթարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել