Այլընտրանքային ծառայության համար ընդհանրապես դիմողներ չկան
Երեկ Շիրակի մարզպետարանում Լիդա Նանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Քննարկվեցին զորակոչիկների առողջության, բուժզննման, բանակից խուսափելու հետ կապված հարցեր: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պիտի գյումրեցի զորակոչիկը բուժհետազոտման համար մեծ գումար ծախսի ու մայրաքաղաք հասնի, երբ այդ նույն ծառայությունները գործում են նաեւ Գյումրիում: «Կառավարության 2004թ. ընդունած որոշում կա, ըստ որի՝ նշվում է, թե որ հիվանդությունների գծով է պետպատվեր իջեցվում: Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում նյարդաբանական բաժանմունք կա, վնասվածքների դեպքում կարելի է բուժզննում անցնել Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում, զորակոչիկների աչքերը մայրաքաղաքի Մալայանի անվան հիվանդանոցում ստուգելու փոխարեն, կարելի է զննել մեր Ավստրիական հիվանդանոցում, այստեղ հոյակապ սարքավորումներ կան: Այսքանից հետո իմաստը ո՞րն է Երեւան հասնելու: Տեղում պատասխանը անմիջապես կտան, իսկ Երեւանում, միանգամից չեն հետազոտում ու պատասխանը տալիս: Մի օր տանել-բերելուց, հետազոտելուց հետո մի անգամ էլ պիտի գնաս, որ պատասխանը բերես եւ հասցնես մեր էստեղի զինկոմին: Մենք երեւի թե գրություն ուղարկենք պաշտպանության նախարարին ու կառավարությանը՝ խնդրելով լուծում տալ այս խնդրին»,- ասաց մարզպետը: Ի դեպ, ՊՆ-ում օրեր առաջ հրավիրված նիստում բարձրացվել է այդ հարցը, ինչին անդրադարձել էր «Առավոտը»: Մարզպետի դիտարկմամբ՝ զորակոչիկին ծախսերի տակ գցելը արդարացված չէ այն պատճառով, որ պետությունը մայրաքաղաք գնալ-գալու համար նրան 1400 դրամ է տրամադրում, մինչդեռ Գյումրիից միայն Երեւան հասնելը 1500 դրամ է: «Հաշվեք, երկու անգամ Երեւան գնալ-գալը 6000-7000 դրամ է նստում երեխայի վրա»,- ասաց մարզպետը՝ թվարկելով նաեւ այլ խնդիրներ:
Պաշտոնյան համաձայն էր այն քննադատություններին, ըստ որի՝ բուժհանձնաժողովները օբյեկտիվ չեն աշխատում, երբեմն կեղծ տեղեկանքներ են տալիս այս կամ այն հիվանդության վերաբերյալ: «Այո, երբեմն փաստերի առաջ ենք կանգնում. երեխան դպրոցական տարիքում կցագրվում է, ըստ օրենքի՝ դպրոցներում երեխաների առողջության մասին տեղեկանքը պիտի ուղարկվեր զինկոմներին, բայց մեր բոլոր դպրոցները ուղարկում են տեղեկանքներ, թե առողջ են: Այսինքն, միասնական տեղեկանք են գրում: Մեր դպրոցները չեն հետաքրքրվում՝ բուժհիմնարկներում երեխան ունի՞ անկետա, թե՞ չունի, հիվա՞նդ է, թե՞ առողջ: Դրա համար խիստ հանձնարարություն ենք տվել, որ մեր պոլիկլինիկաները եւ բժշկական կենտրոնները, որտեղ երեխաները կցագրվում են, պարտադիր յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկանք ներկայացնեն, որպեսզի մենք արդեն իսկ իմանանք, երեխան նախօրոք իրո՞ք ունեցել է այդ հիվանդությունը, թե՞ ոչ: Դպրոցից երեխան պետք է ունենա անկետա մինչեւ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին ներկայանալը: Սա ես համարում եմ մեծ բացթողում»,- ասաց տիկին Նանյանը:
Մարզում պրոբլեմ է նաեւ այն, որ բժիշկները խուսափում են զինկոմիսարիատների բուժհանձնաժողովներում աշխատելուց: Լրագրողների հարցին, թե եկամտաբեր չէ՞, տրվեց մարզպետի հետեւյալ պատասխանը. «Էդ հարցը լավ կլիներ իրենց տայիք, մենք նրանց հարկադրաբար ենք պահում, չունենք նոր բժիշկներ, որոնք ցանկանան մասնակցել էդ հանձնաժողովի աշխատանքին, թեեւ վճարովի է՝ 35 000 դրամ են ստանում ամբողջ ամիս, բայց երեւի եկամտաբեր չէ»:
Լիդա Նանյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա դրությամբ 80 քաղաքացի կա, որ զորակոչային տարիքի են, բայց քաղաքից բացակայում են, գործերը տրվել են հետաքննչական մարմնին:
Նիստի ընթացքում տիկին Նանյանը առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին խնդրեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում քաղաքացին հրաժարվում է բուժումից: «Պարզ չէ՞, որ խուսափելով բուժումից՝ նրանք խուսափում են բանակից, հիվանդության պատճառով նա էս տարի դուրս կմնա բանակից, բուժում չստանալով՝ մյուս տարի նորից որպես հիվանդ կներկայանա ու ծառայությունից կազատվի»,- իր տված հարցին պատասխանեց տիկին Նանյանը:
Գյումրիի զինկոմ Համբարձում Մաթեւոսյանն էլ հավելեց, որ այսօր աճել է հիվանդ զինակոչիկների թիվը, քանի որ պաշտպանության նախարարը խստորեն հրամայել է չընդգրկել հիվանդ զորակոչիկներին. դա պետության վրա ավելի թանկ է նստում: Իսկ խուսափողների թիվը, ըստ պաշտոնյայի, գրեթե ամեն տարի նույնն է, ընդհանուր թվի 8-10%-ն է կազմում: Համբարձում Մաթեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ զորակոչիկները խուսափում են այլընտրանքային ծառայությունից, մինչեւ օրս դիմողներ ընդհանրապես չեն եղել ոչ միայն մեր մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում: