Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՆԵՏՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Առնետները «պաշարել» են մայրաքաղաքի Խորենացու թիվ 47 շենքը: «Ահաբեկված» բնակիչները պատմում են, որ իրենց բնակարանների շքամուտքի դռները բացում-փակում են հնարավորինս եւ առավելագույնս արագ, իրենց խոսքով՝ ակնթարթորեն, որպեսզի հանկարծ շենքի անկոչ ու համառ «բնակիչները» ներս չխուժեն: Խորենացու 47-ի բնակիչների ասելով՝ առնետներն ամենուր են, նրանց հետ մարդկանց, այդ թվում՝ երեխաների անցանկալի հանդիպումները տեղի են ունենում օրվա բոլոր ժամերին:
Շենքի բնակչուհիներից մեկի փոխանցմամբ՝ իրենց ընտանիքի անդամներն աշխատում են տուն վերադառնալ օրը դեռ չմթնած, որովհետեւ շենքի գորշ «նորեկները» ակտիվանում են հատկապես գիշերային ժամերին՝ անարգել շրջում շենքում բնակիչների հետ հավասար:
«Մինչեւ հյուրերիս ճանապարհեցի, չնկատեցի, թե ինչպես առնետը հայտնվեց խոհանոցում: Անհարմար էի զգում հյուրերիս ասել, որ դռան շեմն արագ անցնեն, որպեսզի ես էլ արագ հասցնեմ դուռը փակել, ավելի արագ՝ քան առնետները կհասցնեն ներս մտնել: Փաստորեն՝ չհասցրի, զզվելին արդեն խոհանոցում էր: Չեք պատկերացնի՝ ինչ խառնաշփոթ էր բնակարանում, երբ փորձում էինք դրան դուրս հանել տնից»,- պատմում է տիկին Կարինեն: Առնետների հետ հանդիպումները նվազագույնի հասցնելու համար, բնակիչները գլխի են ընկել, որ կարելի է իրենց գալստյան մասին նախապես «տեղեկացնել» կենդանիներին: «Շքամուտք մտնելիս տարբեր ձայներ ենք հանում, ծափ տալիս, ոտքերով ուժեղ հարվածում գետնին: Անտեղյակ մարդը, եթե կողքից նայի, կմտածի գիժ ենք, որ տարօրինակ շարժումներ ենք անում: Բայց գոնե այսկերպ կանխում ենք էդ զզվելիների հետ մեր հանդիպումը»,- ներկայացրեց շենքի մեկ այլ բնակիչ:
Բնակիչներն ասացին, որ իրենց տարածքում առնետներ երեւացին այն ժամանակ, երբ շենքի առաջին հարկում տեղակայված խանութներից մեկում աշխատել սկսեց հացի փուռը. «Գուցե դա զուգադիպություն է, բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ. մինչեւ այդ դրանք չեն եղել»:
Առնետագրոհի այս պատմության մեջ զարմանալին, սակայն, ոչ այնքան այդ կենդանիների «հայտնությունն» է Երեւանի կենտրոնում, որքան այն, որ այդ շենքի բնակիչներից մեկն էլ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել