Գյուղացիները նստել էին գործարանի տեխնիկայի վրա, որպեսզի այն չտանեն
«Չնայած «Բետարշին» գործարանի վրա արգելանք է դրված, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրամանով այժմ ամբողջ տեխնիկան տարածքից հանում են, որպեսզի տեղափոխեն: Մենք հավաքվել ենք, որ խանգարենք: Չենք թողնելու, որ մեր գործարանի տեխնիկան տանեն՝ եւ վերջ»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց իրենց դժգոհության ակցիայի նպատակը Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչներից մեկը: Գործարանի դիմաց հավաքվել էր 150-200 գյուղացի: Նրանց խոսքերով, տեխնիկան հանող բանվորներն իրենց ասել են, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Սարգսյանն է թույլ տվել տեխնիկան հանեն. «Նա Հակոբ Հակոբյանի հետ անօրինական համաձայնության է եկել եւ առանց դատական նիստի՝ վճիռ է կայացրել, որ տեխնիկան կարելի է արգելանքի պայմաններում դուրս հանել գործարանից: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ, եթե մեկ այլ վճռով այս գործարանի վրա արգելանք է դրված»:
Գործարանի անօրինական գործունեությանը մենք արդեն անդրադարձել ենք «Առավոտի»՝ հոկտեմբերի 15-ի համարում: Հիշեցնենք, որ «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի նախկին բաժնետերն իր բաժնեմասը Հակոբ Հակոբյանին է վաճառել խախտումներով, ինչի պատճառով էլ արդեն 2 տարի շարունակ գործարանը հայտնվել է կալանքի տակ: Բացի այն, որ գործարանը կալանքի տակ լինելով շարունակել է իր գործունեությունը, նաեւ ապօրինի գրավել է Եղեգնուտի գյուղացիների սեփական արոտավայրերը: Դեռ մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում եղեգնուտցիները կասկածներ էին հայտնում, որ գործարանի անօրինական սեփականատերը ուզում է տեխափոխել «Բետարշինը»՝ Զվարթնոց, իսկ երեկ արդեն համոզված էին, որ տեխնիկան տեղափոխում են այլ գործարանում աշխատեցնելու համար, որը նույնպես Հ. Հակոբյանին է պատկանում: Գործարանի դիմաց հավաքված գյուղացիներն ասում էին. «Արդեն մի մասը տարել են: Հիմա մի վերամբարձ կռունկ են ուզում տեղափոխել, դրա գինը 3 միլիոն դրամ է: Քաշը 200 տոննա է, պետք է քանդեն, որ տեղափոխեն, մենք էլ հավաքվել ենք, որ չթողնենք: Սրանից 3 հատ էր, արդեն 2-ը տարել են, բայց էլ չեն տանելու: Այստեղ են նաեւ գործարանի նախկին աշխատակիցները, նրանք էլ մտահոգվում են, որ գյուղի գործարանն այլեւս չի աշխատելու եւ գյուղի երիտասարդներն էլ գնալու են խոպան»: Նշենք նաեւ, որ գործարանի նախկին աշխատակիցները, սկսած 1999 թվականից, աշխատավարձ չեն ստացել:
Քանի որ Եղեգնուտում լարված իրավիճակ էր՝ հարկադիրները որեւէ բան չձեռնարկեցին՝ կազմելով արձանագրություն, որ այդ պայմաններում հնարավոր չէ կատարել դատարանի որոշումը: Եղեգնուտցիներն էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե հարցը չլուծվի, ամբողջ գյուղով գալու են կառավարություն՝ բողոքելու: