Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս չափավոր սնվել, որպեսզի չճարպակալեն
Այն, որ հղի կանայք նախանձելի ախորժակ ունեն, կամ՝ մոր սիրտն ինչ ուզում է՝ դա երեխան է ուզում, եւ պետք է հղիներն իրենց ոչնչում չսահմանափակեն, այնքան էլ ճիշտ չէ: Բժիշկ-մասնագետների կարծիքով, հղիության ընթացքում կարելի է ամեն ինչ ուտել, եթե սիրտն ուզում է, սակայն կիլոգրամներով «ցոգոլ» կամ միանգամից մի քանի կտոր խորոված-քաբաբ ուտելը նույնիսկ վտանգավոր է: Բժիշկների ներկայացմամբ, շատ հղիներ, «բկլիկություն են անում», եւ այդ պատճառով էլ ծննդաբերությունից հետո չափից ավելի գիրանում են ու սկսում դիետաներ պահել: Եվ որպեսզի կինը հղիության ընթացքում եւ հետո պահպանի իր կառուցվածքը եւ չտձեւանա, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել ամեն ինչ, բայց՝ չափավոր: Նրանց հավաստմամբ, եթե հղիության ընթացքում կինը ճիշտ սնվի, ապա կպահպանի իր կազմվածքը եւ կխուսափի ճարպակալումից:
Ընդհանրապես, ըստ մասնագետների, հատկապես հղի կնոջ սննդակարգը պետք է խիստ կանոնակարգված լինի. օրգանիզմին հավասարաչափ անհրաժեշտ են սպիտակուցներ, ածխաջրեր, յուղեր եւ վիտամիններ:
«Առավոտի» հետ զրույցում «Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, գինեկոլոգ Իննա Պերսոյանի խոսքերով՝ հղի կնոջ օրգանզիմին առավել կարեւոր են սպիտակուցները, քանի որ հենց այդ նյութն է հանդիսանում ապագա երեխայի օրգանիզմի, այսպես ասած՝ հենասյունը. «Երեխայի օրգանիզմը կառուցվում է սպիտակուցներով»:
Բժշկի փոխանցմամբ՝ սպիտակուցներով հարուստ է տավարի, խոզի, ոչխարի միսը, բայց գերադասելի է խուսափել ոչխարի եւ խոզի մսից, քանի որ դրանք շատ յուղոտ են, բայց ծայրահեղ դեպքում պետք է գոնե խոզի եւ ոչխարի միսը օգտագործել ոչ հաճախ եւ խաշած վիճակում: Եվ որպեսզի հղի կնոջ օրգանիզմը սպիտակուցների պակաս չունենա, կարելի է խաշած վիճակում ուտել թռչնամիս, ձուկ եւ ձու, վերջինը, սակայն, խորհուրդ է տրվում շաբաթը 2-3 անգամից ոչ ավելի: Ըստ բժշկուհու, մոր եւ երեխայի համար շատ կարեւոր են նաեւ կաթնամթերքն ու սունկը, որոնք եւս հարուստ են սպիտակուցներով: Սակայն, եթե կաթնամթերքի դեպքում թունավորվելու վտանգը մեծ չէ, ապա սունկի պարագայում պետք է զգույշ լինել եւ այն չգնել պատահական վայրից: Օրգանիզմի համար շատ կարեւոր են նաեւ ոլոռը, լոբին, ոսպը եւ ընկույզը, որոնք եւս հարուստ են սպիտակուցներով: Ի. Պերսոյանի խոսքերով՝ լավ կլինի, որ հղի կինը ուտի օրը 5-6 անգամ, բայց՝ քիչ-քիչ: Ածխաջրերն էլ պակաս կարեւոր չեն օրգանիզմին: Բժշկուհու ներկայացմամբ՝ այն կանայք, որոնք արագ գիրանալու հակում ունեն, պետք է շոկոլադ, կարամել կամ խաղող չուտեն կամ շատ քիչ ուտեն: Սակայն որպեսզի օրգանիզմը ածխաջրերի պակաս չունենա, մասնագետները շաքարի փոխարեն խորհուրդ են տալիս մրգեր օգտագործել: Այսօր կրծքով կերակրող շատ մայրեր, որպեսզի կաթը քչություն չանի, տատիկների խորհրդով, օրուգիշեր քաղցր թեյ են խմում, ինչը բժիշկները չեն խրախուսում: Ըստ Ի. Պերսոյանի՝ «Քանի որ կաթի հետ երեխան մոր օրգանիզմից վերցնում է բոլոր օգտակար նյութերը, ապա մայրերը թեյը գոնե մեղրով կամ կաթով պետք է խմեն»: Ածխաջրեր են պարունակում նաեւ կարտոֆիլը, հացը, բրինձը, մակարոնեղենը, բայց չի կարելի ամեն օր ուտել: Ըստ բժշկուհու. «Ցավոք, այսօր, սոցիալական վիճակից ելնելով, շատ մայրեր միայն հաց ու կարտոֆիլ են ուտում, բայց սա էլ ճիշտ չէ: Ես գտնում եմ, որ հղիության շրջանում կինը պետք է քմահաճություն անի եւ օգտակար սնունդ օգտագործի: Իսկ ինչ վերաբերում է այն կանանց, որոնք վախենում են գիրանալուց եւ դիետա են պահում, ապա պետք է ասեմ, որ եթե ճիշտ սնվեն, ամեն ինչ նորմալ կլինի: Հղի կինը պետք է առաջին հերթին իր երեխայի մասին մտածի: Ես նույնիսկ բեռնաթափման օր եմ տալիս հղիներին եւ մի օր խնձորի պյուրե եմ նշանակում, սա էլ շատ օգտակար է»:
Հղի կնոջ օրգանիզմին անհրաժեշտ են յուղերն ու հեղուկը: Հատկապես անփոխարինելի է ձկան յուղը, որն անգամ կանխում է մի շարք հիվանդություններ: Ի. Պերսոյանի խոսքերով, հղի կինն օրական պետք է 2-2.5 լիտր հեղուկ օգտագործի, այն էլ՝ ապուրը, թեյը, սուրճը եւ սովորական ջուրը միասին չպետք է գերազանցեն 2,5 լիտրը: Բժշկուհու խոսքերով՝ ընդհանրապես հղի կինը պետք է օգտագործի միայն թարմ սնունդ, խուսափի պահածոյացված սննդամթերքից եւ հյութերից, քանի որ, որքան էլ գովազդվում են բնական հյութերը, դրանք, այնուամենայնիվ, կոնսերվանտներ են պարունակում: «Կարծիք կա, որ ամռանը թարմ մրգերի եւ բանջարեղենի հետ մայրերը կարող են ստանալ բոլոր օգտակար նյութերը: Բայց այսօր շրջակա միջավայրն այնքան է աղտոտված եւ վնասված, հետն էլ անհասկանալի պարարտանյութեր են տրվում հողերին եւ բույսերին, որ հողի օգտակարություն էլ է սպառվել: Ակադեմիկոսներից մեկն ասել է. 100 տարի է՝ դեֆիցիտով մայրերը դեֆիցիտով երեխաներ են ծնում: Այսինքն՝ արդեն 5-րդ սերունդն է, որ երեխաները դեֆիցիտով են ծնվում, մայրերը չեն կարողանում տալ այն վիտամինները եւ հանքային նյութերը, ինչ անհրաժեշտ են երեխաներին»,- ասաց Ի. Պերսոյանը: Նրա խոսքերով՝ եթե անգամ սննդի միջոցով հղի կինը չի ստանում բոլոր օգտակար նյութերը, կարելի է նաեւ պոլիվիտամիններ օգտագործել, ինչը պետք է անպայման բժշկի նշանակմամբ լինի: