«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության տեղեկացմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է գործարանի եւ Սուքիասյանների բողոքը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը բողոքը ներկայացնող անձանց առաջարկել է մինչեւ 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջել են 220 միլիոն եվրո՝ որպես «արդար փոխհատուցում»: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, անդրադառնալով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանի դիմումներին, տեղեկացրել է, որ նրա դիմումն ուղարկվել էր Կոտայքի ոստիկանություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Լ. Հարությունյանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի բաժանմունք՝ բացատրություն տալու իր իսկ դիմումում մատնանշած հանգամանքների վերաբերյալ: Նա իր փաստաբանի ներկայությամբ տված բացատրությամբ խնդրել էր ընթացք չտալ իր դիմումին՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանում քննվում է նույնաբովանդակ քաղաքացիական գործ: Դիմումատուի խնդրանքը բավարարվել էր եւ դիմումը թողնվել առանց քննության: