Գազի խոշոր սպառողները մատակարարվող գազի որակի հարցում հայտնվել են անորոշ դրության մեջ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006-ի հունվարի 20-ի թիվ 9-Ն որոշման մեջ մանրամասն սահմանված է ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդներին բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւը: Այնտեղ մատակարարվող բնական գազի որակական ցուցանիշները ներկայացնելիս հանձնաժողովը, համաձայն ԳՈՍՏ-5542-87-ի, նշել է «նորմալ ֆիզիկական պայմաններին» համապատասխանող գազի որակի մասին, մինչդեռ իրականում մեր երկրում գազի խոշոր սպառողներին մատակարարվում է «ստանդարտ ֆիզիկական պայմաններին համապատասխանող» գազ: Թե ինչ տարբերություն կա «նորմալի» եւ «ստանդարտի» միջեւ, պարզվում է՝ այդ մի բառի փոփոխությունից Հայաստանի ցեմենտի եւ գաջի գործարանները, քիմիական կոմբինատները, ջերմային էլեկտրակայանները եւ այլ խոշոր արտադրական գործարանները ստացել են այլ որակի գազ, քան նշված է հանձնաժողովի օրինակելի ձեւում: Այս մասին «Առավոտին» իր դիտարկումներն է ներկայացրել ճարտարագետ Էմիլ Սահակյանը:
Բանն այն է, որ բնական գազերը գնահատվում են ըստ իրենց ջերմարարության հատկությունների: Այդ հատկությունները, կախված ճնշումից եւ ջերմաստիճանից, այսինքն՝ ֆիզիկական պայմաններից, փոփոխվում են: Է. Սահակյանի խոսքերով՝ ջերմային էներգետիկայում եւ արդյունաբերության մեջ գազի օգտագործման արդյունավետությունը հաշվարկում են նորմալ ֆիզիկական պայմաններին համապատասխանող ջերմարարությամբ: Նորմալ պայմանների գազը պետք է համապատասխանի 760 մմ սնդիկի սյան ճնշման եւ 0օC ջերմաստիճանի պարամետրերին: Մինչդեռ Հայաստանում, պաշտոնական տեղեկատվությամբ, խոշոր սպառողներին մատակարարում են 20օC ջերմաստիճանի եւ 760 մմ սնդիկի սյան ճնշման պարամետրերին համապատասխանող, այսինքն՝ ստանդարտ պայմանների գազ: Դա հաստատված է նաեւ «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության եւ կոմունալ կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ-5542-87 տեխնիկական պահանջներում: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրում գազ սպառող խոշոր ձեռնարկությունները հայտնվել են այնպիսի անորոշ իրավիճակում, երբ մի կողմից իրենց գազամատակարարումն իրականացնում են ստանդարտ պայմաններին համապատասխան ծավալով ու ջերմարարությամբ, սակայն թե՛ «ՀայՌուսգազարդի», թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բոլոր փաստաթղթերում նշվում է, իբր թե վերջիններս ստանում են նորմալ ֆիզիկական պայմանների գազ: Հասկանալու համար, թե որքան է տուժում դրանից սպառողը, նշենք, որ 1 խմ գազի ջերմարարությունը ստանդարտ պայմաններում կազմում է 8450 կկալ, իսկ նույնքան գազի ջերմարարությունը նորմալ պայմաններում կազմում է 9050 կկալ: Է. Սահակյանի դիտարկմամբ՝ հանձնաժողովը պետք է վերանայի իր որոշման մեջ տեղ գտած թյուր տեղեկատվությունը, որից հետո անհրաժեշտ կլինի արդեն լուծել դրա հետ կապված մյուս խնդիրները. «Իմ համոզմամբ, համաշխարհային շուկայում բնական գազի սակագնի անընդհատ աճի պայմաններում, եթե մեր ձեռնարկություններին համապատասխան ջերմարարությամբ գազ մատակարարվի, հնարավոր կլինի զգալի կրճատել գազի վրա ծախսվող գումարները»:
Այս առնչությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պարզաբանեցին. «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմէքսպորտի» միջեւ կնքված միջպետական պայմանագրի 8.1 կետի համաձայն, բնական գազի սակագինը սահմանվում է ըստ ստորին ջերմարարության՝ 7900 կկալ/խմ: Այսինքն՝ ամենացածր կալորիականությամբ: Ե՛վ սահմանի վրա, եւ, սահմանից հետո չափման միավորները տրված են նույն ֆիզիկական պայմաններում (20օC 101.325
կՊա), ուստի մենք էլ մեր նորմատիվ ակտերը սահմանում ենք՝ ելնելով այդ իրողությունից»:
«ՀայՌուսգազարդի» պարզաբանմամբ՝ «Ոչ կենցաղային սպառողները չեն կարող այլ կալորիականությամբ գազ ստանալ եւ այլ վճարումներ կատարել, որովհետեւ յուրաքանչյուր 10 օրը մեկ մենք պաշտոնաթերթում հրապարակում ենք, թե մեր լաբորատորիան ինչպես է գնահատել գազի կալորիականությունը, ըստ այդմ էլ վճարումները կատարվում են»: