Վստահ են նրանց իրավունքների պաշտպանները
Լիցենզավորման հանձնաժողովի պահանջով՝ մինչեւ 3 տրանսպորտային միջոցի շահագործումն իրականացնող կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է ունենան հավաքակայան, բուժզննման եւ տեխզննման սպասարկման պայմանագիր: Ամենօրյա բուժզննման ու տեխզննման կարգը վերաբերում է նաեւ անհատ տաքսու վարորդներին: Ստուգումներն անցնելը դեռ բավական չէ, պարտադիր է բուժզննումն ու տեխզննումը հաստատող ուղեգիրը, ինչի բացակայության դեպքում՝ վարչական տուգանքներ են սահմանված: Մեր երկրում, թերեւս, շատ քիչ վարորդներ են հետեւում օրենքի այս պահանջին: Հիմնականում այդ ուղեգիրը ձեւական բնույթ է կրում: Այդ բարձիթողի իրավիճակի պատճառով էլ վարորդներից շատերը ուղեւոր են տեղափոխում նորմալ տեխզննում չանցած մեքենայով կամ՝ առողջական խնդիրներով:
Տաքսու վարորդ Հարություն Մովսիսյանը միակը չէ, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է բուժզննում անցել աշխատանքային օրը սկսելուց առաջ, բայց լավ գիտի տաքսու վարորդների նախաուղերթային ամենօրյա բուժզննման եւ տրանսպորտային նախաուղերթային տեխզննման պարտադիր պայմանը: Այն հարցին՝ որտեղի՞ց է ձեռք բերում ամենօրյա ուղեգիրը, նա պատասխանեց. «Ծանոթ բժշկից»: Ինչ վերաբերում է մեքենայի ամենօրյա տեխզննմանը, ապա Հ. Մովսիսյանը նշեց, որ «դրա համար ֆինանսական միջոցներ են պետք, մեքենան տեխզննում է անցնում, երբ դրա անհրաժեշտությունն է լինում»: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ տեխզննման եւ բուժզննման աշխատանքները ոչ պատշաճ մակարդակով են իրականանում: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, թեեւ այս տարի տեսչությունը խախտումների նվազում է արձանագրել, միեւնույն է, ամենօրյա ստուգայցերի ընթացքում խախտումներ արձանագրում են: «Ուղեթերթիկի բացակայութունը դեռ չի նշանակում, որ բուժզննումն ու տեխզննումը չեն իրականացվել, գուցե կազմակերպչական աշխատանքներն են թերի»,- ասում է պարոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս դեպքում էլ վարչական տուգանքից տվյալ կազմակերպություններն ու վարորդները չեն խուսափի: Օրինախախտների համար 5000 դրամի տուգանք է նախատեսված: Պարոն Մարտիրոսյանի տեղեկացմամբ, նախորդ երեք ամիսների ստուգայցերի ընթացքում Հայաստանի ողջ տարածքում արձանագրել են մոտ 210 խախտում, որի ճնշող մեծամասնությունը՝ Երեւանում: Պարոն Մարտիրոսյանը չբացառեց այնպիսի դեպքերը, երբ ամենօրյա բուժզննումը հաստատող ուղեգրերը վարորդներին տրամադրվում են՝ առանց զննումներ իրականացնելու. «Բուժզննում եւ տեխզննում՝ վարորդներն անցնում են առավոտյան ժամը 6-ին, իսկ տեսչությունն այդ ժամերին չի աշխատում»: Այսպիսի դեպքերում էլ, պարոն Մարտիրոսյանի համոզմամբ, բժիշկներն են մեղավոր, ովքեր ստանձնում են այդ պատասխանատու գործը, բայց իրականացնում մակերեսորեն. «Գուցե ժամանակն է, որ այդ «վայ բժիշկներին» մենք զգոնացնենք, որովհետեւ, եթե վթարներ լինեն՝ բժիշկն է պատասխանատվության ենթարկվելու, եթե ինչ-որ բան չհամապատասխանի իր գրածին կամ ստորագրածին»: Նախորդ երեք ամիսների ընթացքում տեսչության աշխատակիցները բուժկետերում որակյալ բուժզննման պայմանների բացակայության 20-30 դեպք են արձանագրել:
Պարոն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ վերջին շրջանում 30-40%-ով նվազել են վարորդների՝ ուղեգիր չունենալու դեպքերը. «Եթե նախկինում օրական մեկ ստուգայցի ընթացքում Հայաստանի մասշտաբով արձանագրում էինք 50-60 խախտում, այսօր դրանք չեն գերազանցում 15-ը»: Ավտովարորդների իրավունքները պաշտպանող «Աքիլլես» հ/կ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ տեսչության կողմից իրականացվող ստուգայցերը կամ տաքսի ծառայության վարորդների բուժզննման եւ տեխզննման ճշգրիտ ստուգումները միայն փաստաթղթային են: Երկու կողմերն էլ իրենց պարտականությունները գրեթե չեն իրականացնում. «Եթե վերահսկվեր տաքսի ծառայությունների գործունեությունը, վարորդները չէին շահագործվի, եթե Աշխատանքային օրենսգրքով սահմանված է քաղաքացու 8-12-ժամյա աշխատանքային գրաֆիկ, ինչո՞ւ մեր վարորդներին դա չի վերաբերում: Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք խոսել վարորդների՝ առողջ վիճակով մեքենա վարելու մասին»: