Նպատակը թերթի տպագրությունն արգելելն է
«Գինդ» տպարանը, որտեղ մինչեւ վերջերս տպագրվում էր «Չորրորդ իշխանություն» թերթը, որոշել է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել թերթի տպագրումն արգելելու համար: «Գինդը» ընդդեմ թերթի հիմնադիր «Օգոստոս» գործակալության իր հայցը հենց այդպես էլ շարադրել է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից պահանջելով ոչ միայն արգելանք դնել գործակալության գույքի վրա, այլ նաեւ արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակումը: Բանն այն է, որ ամիսներ առաջ «Գինդը», շրջանցելով թերթի հիմնադիր գործակալության եւ տպարանի միջեւ կնքված պայմանագիրը, միակողմանիորեն եւ, որ ամենակարեւորն է՝ թերթից թաքուն, առանց համապատասխան բանակցությունների ու պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոշել է բարձրացնել «Չորրորդ իշխանության» տպագրության գինը:
Ամիսներ առաջ, մի գեղեցիկ օր տպարանը գործակալությանը պարտքուպահանջի մասին գրություն է ուղարկել՝ հայտարարելով, որ եթե վերջինս տպարանի հանդեպ ունեցած իր պարտքը՝ 5 մլն դրամը, որը գոյացել էր տպագրական ծախսի ինքնակամ բարձրացման արդյունքում, չվճարի՝ թերթն այլեւս չի տպագրվի: Ավելի ուշ տպարանը չգիտես՝ ինչ վերահաշվարկներ էր արել եւ «պարտքը» նվազեցրել էր՝ հասցնելով շուրջ 2 մլն դրամի, թեեւ դա էլ վճարել ոչ ոք չի պատրաստվում: Գործը հասել էր դատարան: Դատական առաջին նիստը, որը նախագահելու էր Գագիկ Խանդանյանը, նշանակվել էր հոկտեմբերի 9-ին: Այդ օրը, սակայն, նիստը տեղի չէր ունեցել, որովհետեւ դատավորն այդպես էլ չէր ներկայացել. հայտարարվել էր, թե նա գործուղման մեջ է եւ հանրապետությունից բացակայում է: Դատական նիստը հետաձգվել էր, բայց բանն այն է, որ ավելի վաղ՝ դեռ մեկ ամիս առաջ, նա որոշում էր կայացրել արգելանք դնել «Օգոստոսի» գույքի վրա ու որոշման մեջ էլ գրել էր, թե այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ ոչ ոք չէր դիմել, որովհետեւ այդպիսի որոշում կայացնելը դատավորի կողմից ակնհայտորեն անգրագետ որոշում էր եղել: Բանն այն է, որ արգելանքի վերաբերյալ դատական որոշումները, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, բողոքարկման ենթակա չեն:
Երեկ դատավոր Խանդանյանը ճիշտ ժամանակին է ներկայացել ու կայացրել է իր՝ թվով եւ իրավաբանության տեսանկյունից երկրորդ, մեղմ ասած՝ կոպիտ սխալ պարունակող որոշում: Նա բավարարել է հայցվոր կողմի՝ «Գինդի» միջնորդությունը, որով նա շարունակում է պահանջել արգելել թերթի տպագրությունը:
«ՉԻ»-ում արդեն միանշանակորեն գիտեն, որ «Գինդի» պրոբլեմը, որն, ի դեպ, կորցրել է իր «կլիենտներից» երկուսին՝ «Հայկական ժամանակ» թերթին եւ «ՉԻ»-ին, ի սկզբանե եղել է թերթի հրատարակմանը խոչընդոտելը: Թերեւս, հենց այդ՝ թերթի հիմնադիր «Օգոստոս» գործակալությանը «նեղը» գցելու՝ նրա գույքը կալանքի տակ առնելու, հետեւաբար նաեւ՝ թերթի տպագրությունը կանգնեցնելու նպատակով էլ «Գինդը» թաքուն էր բարձրացրել «ՉԻ»-ի տպագրական ծախսերը: Տեսնելով, որ դա այլեւս անիմաստ է, տպարանը որոշել է պնդել թերթի տպագրությունը արգելելու պահանջը:
Այս գործով դատական նիստը շարունակվելու է: