Զգուշացնում է արդարադատության նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը
– Հայկական հեռուստատեսությունը դեռ իր առաջին քայլերն էր անում հեռուստասերիալներ ցուցադրելու ուղղությամբ, երբ դուք անմիջապես արձագանքեցիք եւ համոզված պնդում էիք, որ դրանք խիստ բացասաբար կանդրադառնան հանցավորության զարգացումների եւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Այժմ, իրոք, առկա է հանցավորության նկատելի աճ: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր կանխատեսումներն արդարացան:
– Բնավ այդ բնույթի կանխատեսումների մասին չէր խոսքը: Մշակույթի բացասական ազդեցությունը, որպես կանոն, շատ ավելի ուշ է նկատվում: Իսկ ավելի ճիշտ՝ շատերի կողմից չի էլ նկատվում, քանի որ մենք, որպես կանոն, հակված ենք հանցավորության աճը բացատրել բացառապես քաղաքականացված բնույթի չափանիշներով՝ իրավապահ մարմինների վատ աշխատանք, սոցիալական բարդ իրավիճակ եւ այլն: Ցավոք, գիտական խոր վերլուծություններ, որոնք անաչառորեն կբացահայտեին մշակույթի ոլորտում շեղումների ներազդեցությունը հասարակական կյանքի վրա ընդհանրապես՝ եւ հանցավորության վրա՝ մասնավորապես, հազվադեպ են իրականացվում:
– Դուք խոսում եք շեղումների մասին, սակայն մյուս կողմից, մշակույթի ոլորտում բարոյականության առումով անընդունելի երեւույթներն ունակ են սոցիալական հարաբերություններում նպաստելու այնպիսի ավանդույթների ներդրմանը, որոնք արդեն ձեռք են բերում, ինչպես դուք եք սիրում ասել՝ իրավական արժեք: Կա՞ այդ երեւույթների բացասական ազդեցությունը մեղմելու ճանապարհ եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
– Նկատենք, որ ստեղծագործության ազատությունը մեր երկրի Սահմանադրությամբ դասվում է այն բացառիկ իրավունքների շրջանակին, որոնք որեւէ պարագայում չեն կարող սահմանափակվել օրենքով: Դրանք չեն կարող անգամ սահմանափակվել ժամանակավորապես, ասենք՝ երկրում հանրապետության նախագահի կողմից ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: Այս դիրքորոշումը հստակ ամրագրված է Սահմանադրության 43-րդ եւ 44-րդ հոդվածներով: Միաժամանակ, Սահմանադրության 47-րդ հոդվածը յուրաքանչյուրին պարտավորեցնում է հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Կոնկրետ հեռուստասերիալների առնչությամբ հարկ եմ համարում նկատել, որ բուն մշակույթի այդ տեսակի նկատմամբ ոչինչ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ: Այդ հարցում մասնագիտական առումով ես պարզապես իրավասու չեմ: Խնդիրը դրանց բովանդակությունն է, որի դառը պտուղները մեր սերունդը քաղելու է տարիներ անց: Ի դեպ, դժվար է պնդել, թե դրանցում առկա է բռնության կամ որեւէ հանցավորության ուղղակի քարոզ, սակայն քրեական կյանքի ստվերոտ կողմերը ակնհայտ գունեղ, խտացված ու յուրովի, նկատի ունեմ՝ որպես մեր սոցիալական կյանքին խիստ բնորոշ, ներկայացնելը չի կարող անհետեւանք մնալ: Միեւնույն է, սերնդի ձեւավորման գործում դա կամա թե ակամա ընկալվում է որպես բռնությունը խրախուսող քարոզ: Ավելին, արտասահմանյան ֆիլմերը բնավ չեն կարող ունենալ այն ներազդեցությունը, ինչ հայրենական արտադրության հեռուստաֆիլմերը, քանզի վերջինները, երեւույթները հասկանալու տեսանկյունից՝ առավել մատչելի են եւ ընկալվում են որպես առավել «հավաստի» նյութ: Չեմ ուզում հավատալ, թե մեր արվեստի տաղանդավոր գործիչները չեն կարողանում այլ հետաքրքիր թեմաներ ընտրել եւ հանկարծ գրեթե միաժամանակ հանգել են այն մտքին, որ քրեական աշխարհի մութ դեպքերի նմանօրինակ լուսաբանումը արվեստի լավագույն ու շահավետ բացառիկ ոլորտն է:
– Կարծում եք՝ մեր տեղական «սերիալային» մշակույթը չի՞ կատարում երկրի Գլխավոր օրենքի պահանջը եւ չի՞ հարգում այլոց արժանապատվությունը:
– Իսկ մի՞թե իմ ասածի վառ ապացույց չէ այն, որ մեր արվեստի տաղանդաշատ գործիչները չեն խորշում անգամ հումորի նյութ դարձնել հոգեկան հիվանդների թեման, ավելին, նույնիսկ սերիալներ են պատրաստում այդ թեմայով՝ նվիրելով դրանք հոգեբուժարանի առօրյային, մի՞թե դրա մասին չեն վկայում մարդկային ֆիզիկական արատների կապակցությամբ հորինված անհամ կատակները: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ եք որեւէ քաղաքակիրթ երկիր մատնանշել, որտեղ եւս հանդիպած լինեք նման երեւույթի: Մի պահ պատկերացրեք այն մարդկանց վիճակը, որոնք ունեն հոգեկան հիվանդ մերձավորներ եւ այդ պահին դիտում են այդ կարգի «հումոր»: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն նրանց զգացումները: Միակ սփոփիչը այս դեպքում, թերեւս, այն է, որ դրանք այնքան էլ լայն տարածում չունեն: Ավելի քան համոզված եմ, որ մշակույթի ոչ մի գործիչ այնքան նրբանկատ չէ, որ դա համարժեք չընկալի եւ ներքուստ չի ցանկանա ցավ պատճառել որեւէ մեկին: Բայց սա լուրջ հարց է, եւ անհրաժեշտ է պարզապես մտածել այդ ուղղությամբ եւս: Բայց ինչո՞ւ ենք հարցին միայն իրավական տեսանկյունից մոտենում: Ի՞նչ է, բարոյական նորմերով խրախուսվո՞ւմ է հաշմանդամ մարդկանց ծաղրելը: Ավելին, մենք քրիստոնյաներ ենք, եւ մեր հոգեւոր ուսմունքը եւս խստորեն դատապարտում է այդօրինակ երեւույթները: Առանց որեւէ չափազանցության եմ ասում, իսկապես համոզված եմ, որ մենք ունենք տարբեր սերնդի հումորի հիրավի տաղանդաշատ վարպետներ, մի՞թե մեզ բազում ուրախություններ չի պատճառում Հրանտ Թոխատյանի, Աշոտ Ղազարյանի, Նարեկ Դուրյանի, Սամվել Բաղդասարյանի, ճանաչված «Կարգին հաղորդման» Հայկոյի եւ Մկոյի, մյուսների արվեստը: Սակայն մեր սիրված արտիստներին կոչ կանեի զերծ մնալ այնպիսի հումորից, որն ուղեկցվում է մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան արատները ծաղրելով եւ նրանց ու նրանց մերձավորներին ցավ պատճառելով: