Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ երեք նախագահներին

Հոկտեմբեր 20,2009 00:00

  Երեկ «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության եւ ՌԴ նախագահներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մեկնարկող դատավարության վրա:
«2008թ. մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք. բռնությամբ՝ ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու սպանելով՝ ցրեցին զանգվածային ընտրակեղծիքներով ու բռնություններով ուղեկցված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին: Դրանից հետո Հայաստանում մտցվեց հատուկ դրություն, որի պայմաններում ապօրինի սահմանափակումների ենթարկվեցին բոլոր լրատվամիջոցները, իրականացվեցին ընդդիմության զանգվածային ձերբակալություններ, հազարավոր ակտիվիստների ու համակիրների ապօրինի հետապնդումներ: Այդ օրերից ի վեր ընդհատակ անցած, բայց 2008թ. հուլիսի 1-ին ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր առանց որեւէ հիմքի պահվում է բանտում եւ այժմ կանգնելու է դատարանի առջեւ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով»,- ասված է բաց նամակում:
Կոմիտեն արձանագրել է, որ ՀՀ-ում մարտիմեկյան դեպքերի առնչությամբ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր խայտառակ դատավարություններ, որոնց արդյունքում «մինչ այսօր դատարանի առջեւ չի կանգնել ոչ մի մարդասպան, հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը, ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ է արձակվել 30 քաղբանտարկյալ, 17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են, տասնյակ անմեղ դատապարտված քաղաքացիներ՝ սպառելով սեփական երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, փորձում են դրան հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով»: Նամակի հեղինակները նաեւ հայտարարել են, որ այսօր, երբ հիշյալ երկրները «համատեղել են իրենց ջանքերը ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ իսպառ վերացել է նաեւ Ձեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների՝ ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ: Սա մեր եւ հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա՝ հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու»:
Ելնելով վերոգրյալից՝ կոմիտեն անմեղ զոհերի հարազատների, անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների եւ քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր ՀՀ քաղաքացիների անունից խնդրել ու պահանջել է՝ ստիպել ՀՀ իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել