Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դատարանում ոտքի կկանգնի

Հոկտեմբեր 20,2009 00:00

Նա կպահպանի այս եւ այլ «ֆորմալ դատավարական կանոնները»

 Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Իսկ երեկ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո ՀՀ քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է: Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով: Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը: Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը՝ դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները՝ իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից:
Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ հոտնկայս: Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին: Կօգտագործեմ «Հարգելի դատարան» դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին:
Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիններին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը:
Սիրելի ժողովուրդ, 2008 թ. փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում: Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա՝ ՀՀ քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ:
2008 թ. մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ: Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը: Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.
– հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.
– հպարտ եմ, որ 2008 թ. մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, ՀՀ Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար»: Մեկ առ մեկ թվարկելով «Մարտի 1»-ի առնվազն տասը անմեղ զոհերի անունները՝  Փաշինյանը նրանց սուրբ հիշատակի առաջ երդվել է՝ իր կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, «որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը»: Դիմելով «քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին»՝  նա կոչ է արել՝ «գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, եւ ուրեմն՝ պայքար, պայքար մինչեւ վերջ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել