Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՍԱՀՄԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\"իշխանությունը չվերանայի իր տնտեսական քաղաքականությունը:
Ասում է ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին
խորհրդական, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Եկեք մի պահ վերանանք հայ-թուրքական արձանագրությունների քաղաքական համատեքստից եւ փորձենք բացառապես գնահատել երկու երկրների միջեւ սահմանի բացման փոխազդեցությունը զուտ տնտեսական տեսանկյունից: Արդյոք  դա դրականորեն կազդի՞ Հայաստանի տնտեսության, մեր շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա:
– Այս հարցի ուղղակի պատասխանը միանշանակորեն դրական է: Ընդհանրապես բաց սահմաններ, ազատ առեւտուր, ազատ տեղաշարժ՝ մարդկանց եւ կապիտալի, ցանկացած պայմաններում եւ ցանկացած երկրի համար դրական է: Բայց այս հարցի պատասխանը նաեւ առանձին նրբություններ է պարունակում, որոնց մասին արժե խոսել: Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս կառավարության, մինչեւ հիմա չունեն Հայաստանի տնտեսական զարգացման հստակ ծրագիր՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական իմաստով, ու այս կառավարության՝ ներկայումս որդեգրած  մարտավարությունը միայն օրվա խնդիր է լուծում: Սա ակնհայտ է թեկուզ հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ֆոնի վրա: Տեսեք՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանները բաց են, բայց այստեղ էլ կողմերի միջեւ հակասություններ են առաջանում միայն այն պատճառով, որ երկու երկրների իշխանությունները չեն կարողանում համաձայնել ամենատարրական խնդրի շուրջ՝ համահունչ դարձնել իրենց տնտեսական օրենսդրությունները: Եթե այդ հարցը մինչեւ հիմա լուծված լիներ, դա որոշ ոլորտներում միջազգային ճանաչված ընկերությունների կողմից ներդրումների համար էլ շատ ավելի գրավիչ կդարձներ մեր երկրները՝ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած: Ես կասկած չունեմ, որ նույն խնդիրները կառաջանան նաեւ Թուրքիայի հետ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի: Կա նաեւ մեկ այլ խնդիր. որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ ընդունել թուրքական կապիտալի մուտքը Հայաստան, թեեւ մեր շուկայի գրավչության աստիճանն այսօր ես շատ ցածր եմ գնահատում:
– Դուք նկատի ունեք ներդրումնե՞րը, թե՞ նաեւ ապրանքների ներկրումը:
– Առաջին հերթին՝ ներդրումները, որովհետեւ ապրանքների ներկրման հարցը նույնիսկ փակ սահմանի պարագայում մինչեւ հիմա ինքնուրույն ձեւով լուծվել է: Վերջին հինգ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հինգ անգամ ավելացել է՝ հիմնականում թուրքական ապրանքների ներմուծման հաշվին: Հայկական ապրանքների արտահանման ծավալների մասին խոսելն ուղղակի անհարմար է, որովհետեւ առայժմ մենք Թուրքիա ենք արտահանում հիմնականում կաշի եւ մետաղի ջարդոն, իսկ Թուրքիայից ստանում ենք ապրանքների մի ողջ ցանկ՝ մեքենաշինական, թեթեւ արդյունաբերական արտադրանք եւ այլն: Իհարկե, այս իմաստով սահմանի բացումից մենք՝ որպես սպառողներ, միանշանակորեն կշահենք: Զուտ մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ սահմանի բացման արդյունքում ապրանքների գները, տրանսպորտային ծախսերի նվազեցման շնորհիվ,  25-30 տոկոսով կէժանանան՝ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ սահմանի բացման պարագայում ներկրողները նախկին երկու՝ Թուրքիա-Վրաստան եւ Վրաստան-Թուրքիա մաքսակետերի փոխարեն միայն մեկ մաքսակետ են հատելու:
Իհարկե, այս իմաստով կարեւոր է նաեւ, թե կողմերը ինչ համաձայնությունների կգան սահմանների եւ ազատ առեւտրի հետ կապված: Կարեւոր մի հանգամանք էլ կա, որն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր դեմ են սահմանի բացմանը: Խոսքը թուրքական ապրանքների էժան  եւ ավելի մրցունակ լինելու մասին է: Դա հիմնականում վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, եւ այդ մտավախությունն, իսկապես, կա: Թուրքիան հասկացել է, որ իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկայում կարող է մրցակցել միայն այն դեպքում, եթե լինեն որակյալ եւ էժան, ու դրանք իսկապես այդպիսին են: Այո, թուրքական ապրանքները, այդ թվում՝ գյուղատնտեսական, կմտնեն հայկական շուկա, բայց չեմ կարծում, թե դրանք իրենց որակական հատկանիշներով վատը կլինեն, բայց կլինեն ավելի էժան, նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխանող, օրինակ՝ էկոլոգիապես մաքուր եւ սպառման համար գրավիչ: Հնարավոր է, որ այդ դեպքում հայկական գյուղատնտեսական ապրանքները մրցակցությանը չդիմանան նաեւ իրենց մշակման որակով: Ու այստեղ ՀՀ կառավարությունը լուրջ անելիքներ ունի:
– Բայց Հայաստանում շեշտվում է հատկապես անորա՛կ ու էժան ապրանքների հանգամանքը:
– Այդ հարցում մենք ընտրություն ունենք եւ կարող ենք անորակ ապրանքներ չգնել: Այդ նույն մտավախությունը ժամանակին՝ 90-ականների սկզբներին, կար նաեւ պարսկական ապրանքների ներմուծման պարագայում: Երբ հայ-իրանական սահմանը բացվեց եւ հատկապես կամուրջը կառուցվեց, խոսակցություններ կային, թե՝ տեսեք պարսկական անորակ եւ էժան ապրանքները ոնց են լցվելու Հայաստան: Բայց կյանքը ցույց տվեց, որ հայկական շուկան աստիճանաբար կարողացավ իր տեղը գտնել, եւ  հատկապես փոքր բիզնեսի շնորհիվ հայկական ապրանքները կարողացան ոչ միայն դիմանալ մրցակցությանը, այլեւ պարսկական շատ ապրանքներ, որոնք 6-7 տարի շարունակ հայկական շուկայում գերիշխող դեր ունեին, իրենց տեղը զիջեցին հայկականին: Մեր գործարարները գրավեցին այն ապրանքների շուկան, որ ձեւավորել էին պարսիկները, որովհետեւ ավելի գործունյա գտնվեցին եւ սկսեցին արտադրել ավելի որակյալ, մրցունակ ու էժան ապրանքներ:
– Ասել կուզեք՝ սահմանի բացման դեպքում է՞լ հայ գործարարները հարկադրված կլինեն ավելի էժան ու ավելի որակյալ ապրանքներ արտադրել՝  մրցունակ լինելու համար:
– Այո: Բայց այստեղ մի այլ խնդիր կա: Եթե 90-ականների կեսերին Հայաստանն ուներ համեմատական առավելություններ՝ էժան եւ որակյալ աշխատուժ, եւ կառավարությունն էլ վարում էր ճիշտ դրամավարկային քաղաքականություն՝ ուղղված ե՛ւ արտահանմանը, ե՛ւ ներմուծվող ապրանքների փոխարինող արտադրության զարգացման խթանմանը, ապա  վերջին 5-6 տարիների ընթացքում այդ քաղաքականությունը փոխվեց: Մեր տնտեսությունը 180 աստիճանով հակվեց դեպի ներմուծում, որի արդյունքում ե՛ւ տեղական արտադրողները տուժեցին, ե՛ւ արտահանողները: Գների աճի զսպմանն ուղղված այն քաղաքականությունը, որը վարում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ Կենտրոնական բանկը, հանգեցրեց նրան, որ  մենք սկսեցինք  կորցնել շատ շուկաներ՝ սկսած թանկարժեք քարերի՝ ադամանդի եւ ոսկու մշակումից, մինչեւ մեքենաշինական շատ արտադրատեսակներ, որոնք մտնում էին անգամ եվրոպական եւ ամերիկյան շուկաներ:
– Դա նշանակում է, որ գոնե սկզբնական շրջանում մենք պրոբլեմնե՞ր կունենանք:
– Այո, կունենանք, ու դրա հիմնական պատճառն էլ հենց այն է, ինչի մասին սկզբում ասացի. մենք չունենք տնտեսական հստակ ռազմավարություն եւ չունենք հստակ պատասխան այն հարցին, թե, ի վերջո, մենք ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում ունենալ՝ արտահանմա՞նը, թե՞ վերջին տարիներին ունեցած՝ ներմուծմանը միտված տնտեսություն: Հայաստանում ներդրումներ ապահովելու համար սահմանների բացումը դեռ հարցի լուծում չէ: Պետք է հստակեցնել վարվող քաղաքականության նպատակը, ծրագրեր մշակել, օրինակ՝ հենց նույն գյուղատնտեսության ոլորտում:
– Իսկ Հայաստանը Թուրքիայի համար որպես շուկա գրավի՞չ է:
– Կարծում եմ՝ ոչ:
– Իսկ հակառա՞կը:
– Միանշանակ: Ու թեեւ այս պահին մենք թուրքական շուկա արտահանելու համար մրցունակ ոչինչ չունենք, բայց այդպիսի հնարավորությունների մասին մենք պետք է մտածենք, եւ դա պիտի անեն իշխանությունները՝ իրենց տնտեսական, դրամավարկային քաղաքականությամբ: Մենք ունենք չիրացված հնարավորություններ, որոնք զարգացնել ու խթանել է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել