Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\"

Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման
Մելիքյանը եւ ստեղծված իրավիճակից ելք է առաջարկում

– ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ քննադատության ենթարկեց այն, որ Հայաստանի իշխանությունները գաղտնազերծեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման եւ բարելավման գործընթացը, համարելով, որ այս հարցի հանրայնացումը անընդունելի է եւ վտանգավոր: Համամի՞տ եք:
– Մերձեցման այս գործընթացի համեմատական թափանցիկությունը իրականում խիստ դրական է: Սա համազգային նշանակության հարց է, որի լուծումը հարկավոր է գտնել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հավաքական շահի ընկալման համատեքստում, ինչն անհնար է անել առանց ողջ հայության շահագրգիռ մասնակցության այդ խնդրի քննարկմանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը չպետք է լինի որեւէ անհատի, խմբի կամ կուսակցության մենաշնորհը: Մենաշնորհն ու գաղտնիությունն այս հարցում պարունակում են մեր ազգային շահերը ուրացող գործարքի վտանգ: Միաժամանակ  ստիպված եմ ընդգծել, որ հայ-թուրքական արձանագրությունների ներհայկական «քննարկման» գործընթացը խիստ ձեւական էր՝ ՀՀ իշխանություններն արդեն իսկ նախապես կայացրել էին այդ արձանագրությունները ստորագրելու եւ վավերացնելու վերաբերյալ որոշումը: Իշխանության նպատակն այն չէր, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվեր. նրանք նպատակ ունեին հանրությանը պարտադրել իրենց տեսակետը: Մեր իշխանամետ հեռուստաընկերությունները եւ այլ լրատվամիջոցներ պարզապես զբաղվում էին հայ-թուրքական արձանագրությունների գովազդով:
– Կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները, իսկ հիմա էլ պահանջում են դրանք կա՛մ չվավերացնել, կա՛մ էլ վավերացնել վերապահումներով:
– Պարոն Սերժ Սարգսյանի նախաձեռնության հավանական բացասական հետեւանքներն այլեւս հնարավոր չէ կանխել արձանագրությունները պարզապես մերժելով կամ չվավերացնելով: Դաշնակցությունն ու իրեն սատարող կամ համակիր ուժերը Հայաստանում եւ Սփյուռքում պետք է գիտակցեն, որ Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման վիժեցումը շատ լուրջ խնդիրներ կառաջացնի մեր պետության համար՝ էապես  խորացնելով մեր միջազգային մեկուսացումը եւ մեծացնելով արցախյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը:
 – Ստացվում է, որ պետք է վավերացնենք դրանք այնպես, ինչպես որ կա՞ն:
– Ստեղծված իրավիճակի  ծանրությունը կայանում է նրանում, որ այդ արձանագրությունների վավերացումն առանց Հայաստանի կողմից որոշ կանխարգելիչ քայլերի նույնչափ վտանգավոր է: Արձանագրությունները պարունակում են առկա սահմանների փոխադարձ ճանաչում. այն սահմանների, որոնք ամրագրված են Կարսի պայմանագրով: Առանց  Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու՝ այդ արձանագրությունները վավերացնելը կնշանակի, որ դրանք ինքնաբերաբար դառնում են վերոհիշյալ պայմանագրի հավելված: Այդ դեպքում մենք չենք ունենում զուտ հայ-թուրքական հարաբերություններ. Նախիջեւանի եւ Արցախի հետ կապված այդ հարաբերություններում իր ներկայությունն է ունենում նաեւ Ադրբեջանը՝ իր հակահայկական շահերի ողջ համալիրով:
– ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձինք քանիցս հայտարարել են, որ Հայաստանը ճանաչում է իր խորհրդային իրավահաջորդությունը, ճանաչել է նաեւ Կարսի պայմանագրի եւ դրանում նկարագրված հայ-թուրքական սահմանի իրավազորությունը: Հայտարարվել է նաեւ, որ հարեւանին տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ:
– Անգամ ճանաչելով Խորհրդային Հայաստանի հանդեպ մեր ունեցած իրավահաջորդությունը՝ մենք հանգիստ կարող ենք դուրս գալ այդ պայմանագրից, որպես հիմնավորում ունենալով այն իրողությունը, որ ներկայիս Ադրբեջանն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի կարգավիճակից, դրանից բխող հետեւանքներով՝ այն այլեւս չի կարող հավակնել ունենալու այն սահմանները, ինչ ուներ խորհրդային շրջանում: Թուրքիան եւս, բացի փաստացի գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումից, Կարսի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող եւ ոչ մի դրույթ չի կատարում առ այսօր: Կարսի պայմանագրից դուրս գալու այլ հիմքեր էլ կան, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին: Այնպես որ, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու եւ մեր խորհրդային իրավահաջորդության խնդրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դրսեւորած մերժողականությունը հիմնազուրկ է: Այլ խնդիր է, որ Հայաստանի՝ Կարսի պայմանագրից դուրս գալը, վաղ թե ուշ, կհանգեցնի նաեւ 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի եւ դրա հիման վրա հետագայում ստորագրված որոշ փաստաթղթերի անխուսափելի վերանայմանը:
– Հայաստանում հաճախ են տեսակետներ հնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը Սփյուռքի իրավասությունների շրջանակից դուրս է: Այս համատեքստում Սփյուռքի հանրությանը մեր իշխանությունների ներկայացուցիչները նախկինում պիտակավորել են որպես «նարինջ ուտողներ», հիմա էլ՝ «ազգի տականք ու մոլախոտ»: Հայաստանի հետ կապված հարցերում Սփյուռքը խոսքի իրավունք ունի՞, թե՞ ոչ:
– Հայաստանի կողմից խելամիտ քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու դեպքում մեր հանրության բոլոր հատվածներն էլ կզգային, որ պետությունն ու նրա բարձրագույն պաշտոնյաները համայն հայության խնդիրներն ու ներուժը դիտարկում են որպես մեկ ընդհանրություն: Իրողությունն այլ է. վարվող քաղաքականությունը չեմ կարող որակել որպես պետական, քանի որ այն միտված է հակադրելու ազգի տարբեր հատվածների շահերը: Այսօր կես միլիոն ադրբեջանահայ փախստականների շահերն անտեսված են միայն այն պատճառով, որ այսօրվա իշխանությունները հույս ունեն, որ դրանք ուրանալու միջոցով կարող են լուծել 145 հազար բնակչություն ունեցող ԼՂՀ-ի կարգավիճակի խնդիրը: Նմանօրինակ քաղաքական մտածողության արդյունք է ղարաբաղցի-հայաստանցի հակադրությունը: Հայ-թուրքական արձանագրությունների այս սրընթաց եւ հանպատրաստից արված «քննարկումների» արդյունքում սեպ խրվեց Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններում: Իշխանության հախուռն գործողությունները փաստացի մասնատում եւ ջլատում են համազգային ներուժը: Մենք կարիք ունենք միավորվելու ներուժ ունեցող վստահելի իշխանության շուրջ, որը կկարողանա ազգային մտածողությունը համադրել ժողովրդավարական արժեքների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել