Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ՝ ՍՏԵՄԻ

Հոկտեմբեր 17,2009 00:00

Կոմպոզիտոր Գայանե Քեոսայանը «հրաժարվել» է

«Առավոտն» անդրադարձել էր կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մոսկովյան ստեղծագործական շրջանին: Նրա երգերը, որ ժամանակին հնչում էին հայկական էստրադայի իրական աստղերի՝ Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի եւ այլոց կատարմամբ, վերջին տարիներին մատուցվում են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Նշենք միայն, որ, օրինակ, կոմպոզիտորի «Վերջին զանգ» երգը, սկսած 2005-ից, յուրաքանչյուր տարի հնչում է Կարմիր հրապարակում:

Գ. Քեոսայանը վերջերս վերադարձել է եւ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այլեւս ստեղծագործելու է հայրենիքում, հանդես գալով Ստեմի անվամբ. «Երկրորդ թոռնիկիս լույս աշխարհ գալով նույնիսկ ինձ համար անսպասելի ու անբացատրելի այս որոշումն ընդունեցի: Իսկ ստեղծագործական անունս հորինել եմ թոռնիկներիս անվան առաջին վանկերից՝ Ստեֆանի եւ Միքայել»: Ասածին հավելեց, որ Մոսկվայում եղած ժամանակ հիանալի բարեկամներ է ձեռք բերել, օրինակ, սեպտեմբեր ամսին «Ռուսական խոսքը Հայաստանում» միջոցառման շրջանակներում, որի կազմակերպիչն էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ճանաչված սոպրանո Մարիա Պավլովայի հետ համերգներով հանդես են եկել Սպիտակում եւ Արցախում, առաջիկայում էլ պատրաստվում է իր վոկալ շարքով՝ գրված Կոմիտասի խոսքերով, երգչուհու հետ ներկայանալ երեւանցի եւ մոսկվացի երաժշտասերներին: Ստեմին հայտնեց նաեւ, որ կատարվել է իր վաղեմի երազանքը. Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում (տնօրեն՝ Մելանյա Ծատինյան) նա ստանձնել է «Փոքրիկ արաբկիրցիներ» երաժշտա-թատերական ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, որն արդեն հանդես է եկել երկու ծրագրով. «Այս աշխատանքում ինձ օգնում է պրոդյուսերս՝ Կարինե Հունանյանը եւ իմ կողքին է ջազ-բենդը, որի երաժիշտները՝ դաշնակահար Սերգեյ Մարգարյանը, կիթառահարներ Արտաշես Արեւշատյանը, Ռաֆայել Շահբազյանը, Մուրատ Կուդուխովը եւ Վյաչեսլավ Բունիաթյանը (հարվածային գործիքներ) երաժշտասերներին ծանոթ են դեռեւս 70-80-ական թվականներից: Ի դեպ, պրոդյուսերիս խորհրդով կոմպոզիցիա եմ դասավանդում նաեւ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ վերջերս կայացավ երեկո՝ նվիրված դպրոցի կեսդարյա հոբելյանին»: Հարցին, թե կհամագործակցի՞ հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, Ստեմին պատասխանեց, որ ժամանակ է պետք ծանոթանալու այսօրվա հայաստանյան շոու-բիզնեսի կատարողների եւ կանոնների հետ. «Եթե որոշել եմ այլեւս մնալ Հայաստանում, ուրեմն դա չի բացառվում»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Արցախում եղած ժամանակ ծանոթացել է տեղի թեմի տեր Էմանուել քահանա Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Ծովինար Մնացականյանի հետ: Նշենք, որ տեր Էմանուելն ու իր տիկինը ժամանակին հանդիսացել են Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ եւ ճանաչված են հատկապես ռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովի նկարահանած «Անուշ» եւ Տիգրան Լեւոնյանի «Արշակ Երկրորդ» ու «Ալմաստ» ֆիլմ-օպերաներից: Հետեւաբար հետաքրքրվեցինք, թե մեր ճանաչված օպերային երգիչները մտադիր չե՞ն երբեւէ վերադառնալ բեմ, Ստեմին հայտնեց, որ ամուսինները երազում են իրենց վոկալ արվեստով դարձյալ ներկայանալ հանդիսատեսին, սակայն դրա համար հարկավոր են հովանավորներ: Հավելեց նաեւ, որ նրանք սիրով համաձայնել են կատարել իր երգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել