Անվանի օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանը, որ առավել հայտնի է աշխարհին Վաննո Թադեո արտիստիկ անունով, արդեն ութ տարի է, ինչ բնակվում է Իսպանիայում: Այժմ տենորը Հայաստանում է, եւ մեր զրույցի թեման, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, ոչ թե օպերային, դասական արվեստն է, այլ ֆուտբոլը, քանի որ Վահրամը շատ հետաքրքիր կապեր ունի ֆուտբոլի հետ, այն էլ՝ իսպանական: Իսկ մեր զրույցը սկսվեց հենց նրա՝ ինձ ուղղած հարցով. «Դուք «Վալենսիան» սիրո՞ւմ եք»…
Թե ինչո՞ւ հենց «Վալենսիան» եւ ի՞նչ կապ ունի Վաննո Թադեոն ֆուտբոլի հետ՝ մեր զրույցում:
– Ես բավական սերտ կապեր ունեմ իսպանական ֆուտբոլի, մասնավորապես, «Վալենսիա» թիմի, որի երկրպագուն եմ, ինչպես նաեւ՝ իսպանական ֆուտբոլի աստղ Ռաուլի հետ: Մենք ծանոթացել ենք Մադրիդի «Կալդերոն» թատրոնում: Ռաուլն արվեստասեր է, շատ է սիրում օպերային, դասական երաժշտությունը եւ ներկա է եղել նաեւ իմ համերգներին: «Վալենսիայի» հետ իմ կա՞պը. այս տարի, ինչպես նաեւ 2007-ին, ես եմ բաց արել Իսպանիայի առաջնության՝ «Վալենսիայի» նոր մրցաշրջանը՝ կատարելով թիմի եւ պրովինցիայի օրհներգերը: Բացի այդ, որպես երգիչ, մշտապես ներկա եմ լինում ակումբի բանկետային միջոցառումներին: Ցավոք, վերջին տարիներին թիմը կորցրել է Ռաֆայել Բենիտեսի տված ոճը, ինչի արդյունքում հաղթանակների թիվը նվազել է:
– Ինչպե՞ս կայացավ Ձեր ծանոթությունը թիմի հետ:
– Առաջին հերթին այս կապին նպաստեց իմ մեծ սերը «Վալենսիայի» նկատմամբ: Ես «Ռեյնա Սոֆիա» թատրոնի մեներգիչ եմ եւ տեղի իմպրեսարիոյի օգնությամբ ծանոթացա ակումբի ադմինիստրացիայի, մասնավորապես՝ նախկին նախագահ Պակո Ռոջիի հետ: Այդ կերպ սկիզբ առավ մտերմությունս թիմի հետ:
– Ձեր՝ արվեստագետի տեսանկյունից որքանո՞վ են արվեստն ու ֆուտբոլը փոխկապակցված, առհասարակ այսօրվա ֆուտբոլում արվեստը տեղ ունի՞:
– Արվեստում կա «ակադեմիական» հասկացությունը, որն ունի իր կանոնները ու կա նաեւ «հոբի» հասկացությունը, որը գերակշռում է այսօր: Նույնը վերաբերում է ֆուտբոլին: Այսօր Իսպանիայում շատ է զարգացել ֆուտբոլի դպրոցը: Ակադեմիական փոխանցումները, գեղեցիկ գոլերը ես կանվանեի արվեստ, որովհետեւ դրանք մարդուն գեղագիտական հաճույք եւ ոգեւորություն են պարգեւում: Ֆուտբոլը մարզական արվեստ է:
Ցավոք, 20-30 տարի առաջ արվեստը շատ ավելի բարձր էր, քանի որ չկային արհեստական միջամտումներ: Գրեթե նույն վիճակում ֆուտբոլն է, որն այսօր կորցրել է իր բնականությունը: Այժմ ֆուտբոլում գերիշխում է կուլտուրիզմը, կանոնավորված, տեխնիկայի եւ խելքի վրա հիմնված մարզաձեւն աստիճանաբար վերածվել է ուժայինի, որն էլ վարագուրում է նրա՝ դեռ մի քանի տասնամյակ առաջ առկա իրական գեղեցկությունը:
– Դեռ Արիստոտելն էր պնդում, որ արվեստը կատարսիսի՝ մաքրման է ենթարկում մարդուն: Ի՞նչ եք կարծում, «մարզական արվեստն» այդ ֆունկցիան կատարո՞ւմ է, թե՞ ագրեսիա է ծնում:
– Իսկապես, իրական արվեստը «մ աքրման» գործառույթ ունի: Ես դա տեսնում եմ եւ զգում, երբ կատարում եմ Կոմիտասի ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա այստեղ առաջնային է երկրպագուի գործոնը. կա մի հոծ շերտ, որն իր առաքելությունը տեսնում է ծեծկռտուքներ սարքելու եւ մրցակցին թշնամաբար վերաբերվելու մեջ: Նրանք, պարզապես, ի վիճակի չեն ընկալել ֆուտբոլի գեղեցկությունը, իրենց սիրելի թիմի, հավաքականի անհաջողությունների դեպքում զինվել համբերությամբ ու սպասել: Այդպիսի մարդիկ հիմնային դաստիարակության կարիք ունեն:
– Մեր հավաքականի դեպքում Դուք սպասման փուլո՞ւմ եք գտնվում:
– Այո: Հայաստանի հավաքականն իր կազմում չունի վառ անհատականություններ: Աստված տա՝ մի օր ունենանք: Սակայն վերջին խաղերում երեւում է մարզչական աշխատանքը: Կարծում եմ, որ Վարդան Մինասյանը շարունակում է լուսահոգի Յան Պորտերֆիլդի հիմնած դպրոցի գործը, նրա ոճը: Մինասյանը կարողացավ վերջին երկու-երեք հանդիպումներում կազմակերպել եւ մեկ հպումով խաղ ստեղծել: Հուսով եմ, որ նրա շնորհիվ կունենանք լավ ֆուտբոլ: Մանավանդ որ, որպես ազգ՝ մենք ուժեղ ոգի ունենք:
– Թեկուզ մակերեսորեն առնչվելով իսպանական ֆուտբոլային համակարգին, Ձեզ ակնառո՞ւ են դառնում համակարգերի տարբերությունները, ու նաեւ դրանից բխող հետեւանքները:
– Հայկական ֆուտբոլում այսօր առաջատարներ չկան, ինչն էլ բերում է թիմի դեստրուկտուրալիզացիայի: Մեր ֆուտբոլի ամենամեծ թերություններից է նաեւ փոխանցումների խոտանը, մինչդեռ՝ իսպանացիների մոտ անգամ ամենաբարդ փոխանցումը հասնում է հասցեատիրոջը: Նրանք կարողանում են կանգնած տեղում խաղալ, գնդակը հարմարեցնում են իրենց, իսկ մերոնք իրենք պիտի հարմարվեն գնդակին: Ինչ վերաբերում է ինֆրակառուցվածքներին, ապա ուրախացնում է, որ վերջին տարիներին Հայաստանում լավ խոտածածկով նոր խաղադաշտեր են կառուցվել: Դա չի կարող դրականորեն չազդել, չնպաստել զարգացմանը: Ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլը կզարգանա, բայց միայն համապատասխան հզոր դպրոց ստեղծելու դեպքում, որը մենք ժամանակին ունեցել ենք ու հիմնովին կորցրել: Մենք ֆուտբոլասեր ազգ ենք, սակայն մեր այսօրվա կյանքի կարգավիճակը թույլ չի տալիս լիովին նվիրվել ֆուտբոլին: Իսպանիայում ֆուտբոլը տոն է, մարդիկ խաղերին սպասում են անհամբերությամբ, քանի որ պետությունը կայուն դրվածք ունի: Իսկ Հայաստանում մարդիկ ստիպված են օրվա հացի մասին հոգալ, էլ ի՞նչ ֆուտբոլի ու երկրպագման մասին կարող է խոսք լինել: