Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ

Հոկտեմբեր 17,2009 00:00

Զիջումների՞, թե՞ փոխզիջումների ժամանակը

\"\"

2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության եւ հանրապետության իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում նկատեցի, որ երկիրը գտնվում է բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, եւ դա հարկավոր է շուտափույթ հաղթահարել։ Նա ծիծաղելով ասաց, որ ընտրությունների շեմին ինչ-որ ճգնաժամի մասին չեն խոսում։ Ընտրություններից հետո, որը իշխող կուսակցությանը էյֆորիայի մեջ էր գցել, առավել եւս բարոյահոգեբանական ճգնաժամի մասին խոսելն ավելորդ էր։ Չհաղթահարված ճգնաժամը խորանալու եւ քրոնիկ բնույթ կրելու հատկություն ունի։ Իսկ արդեն 2008-ի մարտի 1- ից հետո պարզ էր՝ գտնվում ենք համազգային կոլապսի մեջ, որից դուրս գալու ելքեր Սերժ Սարգսյանը փնտրում է արտաքին հարաբերություններում։

Ու ներհասարակական անվստահության, քաղաքական ու կուսակցական դաշտի չգոյության, ըստ էության՝ ձախողած պետականության պայմաններում մենք մտանք հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելու չափազանց վտանգավոր խաղի մեջ՝ չունենալով ոչ միայն հնարավորություններ, այլեւ՝ հնարավոր հնարավորություններն օգտագործելու ներուժ եւ կարողություն։

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Մամուլի ազգային ակումբում հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված Արձանագրությունները դրական գնահատելով՝ նշեց, որ «եթե ոչ 100 տոկոսով, բայց, համենայնդեպս, շատ զգալի չափով հայկական կողմը կարողացավ ստանալ այն, ինչ այսօրվա պայմաններում Հայաստանի այս ռեսուրսներով հնարավոր էր ստանալ»։ Ավելին՝ ըստ նրա, Հայաստանի փոքրիկ ռեսուրսները բավարար չէին դրա համար, եթե չլիներ «ԱՄՆ ակտիվ մասնակցությունը, Ռուսաստանի ակնհայտ պաշտպանությունը»։

Ասվածին չի կարելի չհամաձայնել։ Թեեւ՝ այս պարագայում դիվանագիտական հաջողություն կամ հաղթանակ կարելի է համարել նաեւ գեներալ- ֆելդմարշալ Կեյտելի 1945 թվականի մայիսի 8-ի քայլը։ Ստորագրելով անվերապահ կապիտուլյացիայի ակտը, նա փրկեց միլիոնավոր կյանքեր՝ համարձակություն ունենալով ստորագրել Գերմանիայի փլուզման արձանագրությունը։

Թուրքական նախապայմանների հայկական առաջարկը

Հարաբերությունների կարգավորման Արձանագրությունները ցույց տվեցին, թե Թուրքիան որքան փայլուն կերպով է օգտվել հայկական կողմի բացթողումներից։ Գուցե իր համար անակնկալ եւ արտաքին ճնշումների ենթարկվելով՝ սակայն նա կարողացել է Արձանագրություններում ամրագրել իր ցանկացած բոլոր նախապայմանները։ Ավելին՝ ամենավիճարկելի դրույթն անգամ՝ պատմական հարցերը միջկառավարական ենթահանձնաժողովում քննարկելու կետը, ըստ էության, ոչ թե թուրքական նախապայմանի, այլ՝ հայկական առաջարկի ամրագրումն է։

Երբ 2005- ի ապրիլի 25- ին Ռոբերտ Քոչարյանը պատասխան նամակ էր հղում Էրդողանին՝ առաջարկելով գումարել միջկառավարական հանձնաժողով` քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, ըստ էության նպատակ ուներ դիվանագիտորեն հրաժարվել պատմաբանների խումբ ստեղծելու թուրքական նախաձեռնությունից։

Մի՞թե հարաբերությունների զարգացման Արձանագրություններում ամրագրված չեն Ռոբերտ Քոչարյանի առաջարկները։

Կասեք՝ խնդիրը ձեւակերպումների մեջ է։ Անկախ ձեւակերպումներից, պետք է հասկանանք, որ պատմական հարցերի քննարկման ցանկացած հանձնաժողով, խումբ, գիտական քարտուղարություն եւ այլն, ամենեւին չի քննարկելու Վարդովյանի թատրոնի խաղացանկը կամ Սինանի ճարտարապետական ժառանգությունը։ Պատմական հարցերի ցանկացած քննարկում առնչվելու է 1915 թ. խնդրին։ Բոլոր նրանք, ովքեր նշում են, որ Ցեղասպանությունը նշված չէ Արձանագրություններում, ուստի դա չի քննարկվելու, կամ միամիտ են, կամ միամիտ են համարում ուրիշներին։ Եթե Արձանագրություններում նշվեր Ցեղասպանության խնդրի քննարկման մասին, կնշանակեր, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի (մեկնաբանության հարց է) ընդունում է այն։ Ցեղասպանությունը Թուրքիայի համար «պատմական հարթության երկխոսության հարց» է, ինչն էլ արձանագրված է փաստաթղթում։

Ռոբերտ Քոչարյանը Հայ ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձնելով հայկական դիվանագիտության օրակարգի հիմնական հարց՝ դրանով իսկ եւ իրեն, եւ ապագա իշխանություններին, ըստ էության, զրկեց մանեւրելու հնարավորությունից։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց մենք այժմ ստիպված ենք լինելու համաձայնել, որ Ճանաչման գործընթացը տեւական ժամանակ (եթե ոչ ընդմիշտ) սառեցվի։

Դիվանագիտական խաղ չեն խաղում, դրանով զբաղվում են, զբաղվում են լուրջ եւ պրոֆեսիոնալ, ինչպես եւ շախմատում. շատերն են խաղում, բայց դրանով զբաղվում են շախմատիստները։

Ֆուտբոլային դիվանագիտությունից դեպի շախմատային քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների բարդ թնջուկն այսօր հայաստանյան քաղաքական «էլիտայի» գիտակցության մեջ հանգել է մեկ՝ սահմանի բացման պարզունակ խնդրին։ Ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունը բիլիարդային տրամաբանության վրա էր հիմնված։ Այսինքն՝ հաշվարկը երկու քայլից ավելի չէր կարող լինել։ Գյուլին Երեւան հրավիրելով՝ Սարգսյանն ակնկալում էր, որ նա կամ կընդունի հրավերը, կամ՝ ոչ։ Ռուս- վրացական պատերազմը թուրքական դիվանագիտությանը հնարավորություն տվեց անմիջապես սկսել տարածաշրջանային բարդ խաղ՝ Կովկասի անվտանգության պլատֆորմ անունով։ Հանկարծ Հայաստանը տեսավ, որ ֆուտբոլային կոչվող բիլիարդի սեղանին Թուրքիան դրել է շախմատի խաղատախտակը։ Ըստ երեւույթին՝ նա կարող էր ունենալ նաեւ խորհրդատուներ միջազգային խաղացողներից, որոնց հոգնեցրել էին Հայաստանի՝ ներքին առկա խնդիրների հետ անհամեմատելի ազգային հավակնությունները։

Ու քանի որ խնդիրը հասարակացրել ենք մինչեւ սահմանի բացման մոտեցմանը, ապա նույն այդ սահմանային խնդիրն էլ դարձել է Արձանագրությունների առանցքային թեմաներից մեկը։

Ըստ էության՝ «hաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող` միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը», Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է Կարսի պայմանագիրը։ Սա կարեւոր նախապայման էր Թուրքիայի համար՝ այս երկրում առկա սեւրաֆոբիան հաղթահարելու համար։

Հայ- թուրքական ներկա սահմանները ձեւավորվել են ոչ թե Կարսի պայմանագրի արդյունքում (պայմանագիրը արձանագրեց իրականությունը), այլ Առաջին Հանրապետության՝ երկրում առկա ներքին խնդիրները լուծելու, արդարություն եւ օրինականություն հաստատելու անկարողության հետեւանքով։ Այն ժամանակ էլ, այսօր էլ Թուրքիան եւ արտաքին ուժերն օգտվեցին Հայաստանի՝ ներքին խնդիրները լուծելու, հասարակական կոնսենսուս (կամ ինչպես սիրում ենք ասել՝ ազգային միասնություն) ձեւավորելու, արդարադատության վրա հիմնված հասարակարգ կառուցելու մեր անկարողությունից։ Առաջին Հանրապետության իրական ախտերը բացահայտելով՝ Կոստան Զարյանը գրել է. «Մոռացվում են բոլոր այն արժեքները, որոնց համար տարիներով պայքարել են ու երգել։ Ու դիմում են նույն բռնապետական միջոցներին, որոնց լծի տակ իրենք իսկ ճնշվել են։ Խոսում են ընկերվարության, հավասարության, արդարության մասին։ Երբ նրանց քերթես՝ մորթի տակից դուրս կցցվի չարացած ու նախանձոտ ազգայնամոլը։ Ոստիկանություն, լրտեսություն, խուզարկումներ, ձերբակալություններ, բանտ, աքսոր»։ Ստեղծված իրավիճակն այնպիսի բարոյական ավերներ գործեց, որ հայկական բանակը, որը ձեւավորվել էր Առաջին աշխարհամարտի ռազմաճակատներում, Օսմանյան կայսրության խորքերը թափանցած հայկական ջոկատներից, որը ռազմական մկրտություն էր ստացել 1918-ի մայիսյան հերոսամարտերում, 1920-ի աշնանը թուրքական հարձակման ժամանակ ընդամենը մի քանի օրում դադարեց գոյություն ունենալ։

Պատմությունը կրկնվում է։ Կրկնվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի շուրջը։ Ուղղակի ձեւերն են փոխվում, դառնում ավելի «մարդասիրական»՝ 21-րդ դարին վայել։

Այս Արձանագրությունները լավը կամ վատը չեն, սրանք, ըստ էության, Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ակտն են։ Այլ՝ ավելի լավ փաստաթուղթ չենք ունենալու, որովհետեւ ներքին կյանքում որեւէ փոփոխություն չենք ունեցել, հայրենի քաղաքական «էլիտայի» մենտալիտետային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ոչ էլ ունենալու ենք։

Պարտություն խաղաղությանը

«Վերահաստատելով իրենց երկկողմ եւ միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու եւ հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը». Արձանագրություններում առկա այս ձեւակերպումն է պատճառը, որ շատերը կարծում են, թե հայ- թուրքական հարաբերությունները շաղկապվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորան գործընթացների հետ։ Առանց այս ձեւակերպումների էլ՝ 1993 թվականին փակելով հայ- թուրքական սահմանը՝ Անկարան հստակ հայտարարեց՝ երկու խնդիրներին նայում է նույն պրիզմայով։ Այսօր արդեն՝ նա կարող է իր ոչ ֆորմալ հայտարարության դիվանագիտական արձանագրումը ստանալ։

Մադրիդյան սկզբունքների հրապարակումը Թուրքիայի եւ տարածաշրջանի հիմնական խաղացողների մոտ՝ հայկական հասարակության զիջողականության հստակ բարոմետր էր։ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորի նախավերջին հանգրվանի՝ Մադրիդի անունը կրող սկզբունքներն այնքան էլ չեն տարբերվում 1997 թվականի առաջարկներից։ Հայ հասարակությունն այն ժամանակ բողոքի ալիք բարձրացրեց։ Այն ժամանակ դեմ լինելով 5 շրջանները Ադրբեջանին հանձնել «դե ֆակտո անկախ, դե յուրե Ադրբեջանի կազմում» բանաձեւի դիմաց, այսօր համաձայն ենք հանձնել դրանք «կամարտահայտություն» անորոշ բանաձեւով։

Հաղթելով ղարաբաղյան ճակատում, մենք պարտվել ենք խաղաղությանը։ Անցած տարիներին մենք այդպես էլ չկարողացանք ստեղծել քիչ թե շատ ժամանակակից կառավարման մոդելների համապատասխանող պետական համակարգ, իշխանությունը չկարողացավ հասարակությանը երաշխավորված ապագայի վստահություն ներշնչել, անարդարությունը եւ արդարադատության բացակայությունը այնպիսի բարոյահոգեբանական վիճակ է ստեղծել, որ մենք կարող ենք համաձայնել ներկա սահմաններին՝ ապագա սերունդներին էլ զրկելով ոչ միայն պատմական, այլեւ, որ ավելի սարսափելի է, նորմալ հայրենիքի երազանքից։

Ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հակամարտության կարգավորման խնդիրները համատեղվեցին։

Այսօր բավականին հարմար ժամանակ է, երբ երեք պետություններն էլ պատրաստ են այս կնճռոտ խնդիրների լուծմանը։

Հայաստանում քաղաքական կյանքի չգոյությունը եւ հասարակական ապատիայի մակարդակը բերել է այնպիսի վիճակի, որ իշխանությունները ցանկացած որոշում ընդունելու հնարավորություն ունեն։ Քաղաքական դաշտում չկա ոչ մի ուժ, որ կարող է դրան խանգարել։ Անցած 10 տարիներին ՀՅԴ «հավաքած» հեղինակությունը չբավարարեց անգամ լցնելու Ազնավուրի հրապարակը, ՀԱԿ- ը, որը դեռ կարողանում է բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստովանությամբ, «իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը»։

Ադրբեջանում Ալիեւը չունի քաղաքական ներքին քիչ թե շատ լուրջ մարտահրավեր եւ կարող է ընդունել տալ իր հասարակությանը ցանկացած որոշում։

Ամենաբարդ իրավիճակը Թուրքիայում է։ Սակայն 2003 թվականին ստանձնելով այս երկրի կառավարման ղեկը բավականին բարդ պայմաններում՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանը վեց տարիներին իրականացրեց ռեալ բարեփոխումներ՝ Թուրքիան դարձնելով աշխարհի հզոր 20 պետություններից մեկը։ Այսօր նա այստեղ ունի հասարակության վրա մեծ ազդեցություն եւ կարող է ցանկության դեպքում առկա խնդիրները լուծել։ Պետք չէ հույս կապել, որ աշխարհիկ զինվորականությունը նրան կարող է խանգարել։ Թուրքիայում ավարտվել է ռազմական հեղաշրջումների ժամանակը, ապացույցը՝ «Էրգենեկոնի» բացահայտումն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել