ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամի բժշկական խումբն օրեր առաջ այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ կանանց եւ անչափահասների ակնային ստուգումներ իրականացնելու: ՀԱՆ բարեգործական հիմնադրամի, ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարությունների եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ միջոցառումը թույլ տվեց հնչեղություն տալ բազմաթիվ խնդիրների եւ կոնկրետ օգնություն տրամադրել անազատության մեջ գտնվող կանանց: ՀԱՆ-ի բժշկական խումբը հետազոտեց 110 կնոջ եւ 17 անչափահասի՝ նշանակելով համապատասխան բուժում եւ դուրս գրելով 80 ակնոց, որոնք կբաժանվեն պատրաստվելուց հետո: Բացի բժշկական զննումից, դատապարտյալներին բաժանվեց ակնային տարբեր հիվանդությունների ու կուրության կանխարգելման մասին գրականություն: ՀԱՆ մասնագետը հատուկ դասընթաց է անցկացրել կալանավորված կանանց հիմնական ակնային հիվանդությունների եւ դրանց նախանշանների շուրջ: Անցյալ տարի ՀԱՆ-ը համագործակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ՝ այցելելով մի շարք կալանավայրեր: Կատարված ակնային ստուգումների արդյունքում հետազոտվել է ավելի քան 1000 կալանավորված անձ եւ տրամադրվել է 782 ակնոց:
Ա. Գ.
«ՈՍՏԻԿԱՆԻՆ» ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները բերման են ենթարկել 29-ամյա Վլադիմիր Շարոյանին։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ վերջինս, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով՝ քաղաքացուց հափշտակել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, 10 հազար դրամ եւ դիմել փախուստի։ Ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին, որոնք հնարավոր է տուժած լինեն Վլադիմիր Շարոյանի գործունեությունից՝ դիմեն ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգեն 1-02 հեռախոսահամարով։
ԱՂԹԱՄԱՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության շրջանային գործադիր տնօրեն Աբդուլլահ Թունջդեմիրը կողմ է, որպեսզի Աղթամարը դառնա գործող եկեղեցի, որովհետեւ դա կնպաստի հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գրում է «Մարմարան», այս առնչությամբ Միությունն իր առաջարկը փոխանցել է պատկան մարմիններին եւ սպասում է պատասխանի: Միությունը առաջարկում է նաեւ տեղադրել եկեղեցու խաչը եւ եկեղեցին վերադարձնել հայ հավատացյալներին: Այդպիսով, տարին երկու-երեք անգամ եկեղեցական արարողություններ կկատարվեն, տարին մեկ անգամ էլ Աղթամարի փառատոն կանցկացվի, եւ Հայաստանի բազմաթիվ գործակալություններ ուխտագնացություններ կկազմակերպեն, բազմաթիվ հայեր տարին գոնե մեկ անգամ կայցելեն Վան: