Գարիկ Կուրղինյանը, ինչպես ինքն է ասում՝ «օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից», դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի:
Հիշեցնենք, որ Գարիկ Կուրղինյանը նույն հայցով դիմել էր վարչական դատարան, եւ դատավոր Տիգրան Մուկուչյանը որոշել էր ընդդեմ նախագահի ներկայացրած հայցադիմումի ընդունումը մերժել: Գ. Կուրղինյանի ձեռքից խլել են Բուսաբանական այգու մուտքի մոտ գտնվող բրուտանոցը, ջարդոտել նրա արձանները, նրան վտարել այդ տարածքից:
Նա բողոքարկել էր Տ. Մուկուչյանի կայացրած որոշումը, սակայն վարչական դատարանը (նախագահող՝ Ա. Միրզոյան, դատավորներ՝ Ռ. Հակոբյան, Ք. Մկոյան) մերժել էր նաեւ բողոքը: Իհարկե, հայցվորը կարող էր վճռաբեկության կարգով բողոքարկել այս որոշումը, սակայն, ինչպես ինքն է ասում. «Այս գործով անիմաստ է դիմել վճռաբեկ դատարան՝ այս խայտառակ իրավիճակում սպառված եմ համարում բոլոր հնարավոր իրավական պաշտպանության միջոցները: Սահմանադրության առջեւ՝ անկախ իրենց ֆինանսական կարողություններից եւ պաշտոններից, բոլորը պատասխանատու են»: Վարչական դատարանը Գ. Կուրղինյանի բողոքը մերժել էր նաեւ հետեւյալ հիմքով. «ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք համարում են, որ խախտվել են իրենց իրավունքները: Այսինքն՝ անձը ցանկացած կամ վերացական պահանջներով դատական պաշտպանության դիմել չի կարող»:
Բրուտագործը գտնում է, որ իր հիմնավորումներն ավելի քան բավարար եւ ակնհայտ են: Գարիկ Կուրղինյանը դատարան ներկայացրած միջնորդության մեջ հայտնել էր, որ գտնվում է թալանված եւ գործազուրկի վիճակում ու տեղեկանք էր ներկայացրել տարածքային զբաղվածության կենտրոնից:
Հայտնենք նաեւ, որ Սահմանադրական դատարանը ընդունել է Գ. Կուրղինյանի դիմումը: