Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդվածի արձագանքը հալիձորցիների օգտին է

Հոկտեմբեր 17,2009 00:00

«Առավոտի» (15.10.2009) «Օտարում են ջրի գնով» հոդվածում ընթերցողին ներկայացրինք Կադաստրի Գորիսի տարածքային ստորաբաժանման պատասխանն այն մասին, որ Հալիձորում գերակա շահ ճանաչված հողամասերի 1հա-ի կադաստրային արժեքը 17200 ՀՀ դրամ է կամ, այլ կերպ ասած՝ 1քմ հողամասի կադաստրային արժեքը 1,7 դրամ է:

Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը կարծիք էր հայտնել, որ հողամասի կադաստրային արժեքը մի քանի հարյուր անգամ պակաս է նշվել, որպեսզի բնակիչները ստիպված համաձայնեն իրենց հողամասերը չնչին գներով օտարել:

Նշված հոդվածը լույս տեսնելու հաջորդ օրն իսկ՝ 16.10.2009թ., նույն կադաստրից ստացվել է նոր պատասխան, որից պարզվում է, որ Սյունիքի մարզի Հալիձոր համայնքը ընդգրկված է տարածագնահատման 14-րդ գոտում եւ հողամասի 1քմ-ի կադաստրային արժեքը 222 դրամ է:

Գրությունում նաեւ խոսք է գնում այն մասին, որ նախորդ պատասխանում տեղ է գտել տեխնիկական վրիպակ եւ 17200 դրամը ոչ թե հոդամասի 1հա-ի կադաստրային արժեքն է, այլ՝ զուտ եկամուտը:

Նշված գրությունից, փաստորեն, պարզ է դառնում, որ հալիձորցիներին իրենց հողամասերի դիմաց ոչ պաշտոնապես առաջարկվող 100 դրամը մի քանի անգամ պակաս է այդ հողամասերի կադաստրային արժեքից, էլ չենք ասում շուկայական արժեքի մասին:

Որպես շոշափելի օրինակ՝ նշենք, որ տարածագնահատման 1-ին գոտում՝ Երեւանի փոքր կենտրոնում 1քմ հողամասի կադաստրային արժեքը 60 000 դրամ է, իսկ շուկայականը՝ մոտ 600 000 դրամ, այսինքն, մոտ տասնապատիկի տարբերություն կա կադաստրային եւ շուկայական արժեքների միջեւ:

Նույնը վերաբերելի է նաեւ Հալիձորին, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ ՀՀ կառավարության 26.06.2009թ. N848-Ն որոշմամբ այն զբոսաշրջային կենտրոն է հայտարարվել եւ մեծ ներդրումներ են սպասվում:

Ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի, հալիձորցիները գտնում են, որ իրենց հողամասերը զավթվել ու դրանցում իրենց կամքին հակառակ ապօրինի շինարարություն է սկսվել, որպեսզի իրենք հույսները կտրած չնչին գներով իրենց հողամասերն օտարեն իրենց դիմած անձանց, իսկ վերջիններս էլ արդեն իրական շուկայական գներով դրանք օտարեն այդտեղ ներդրում կատարող զբոսաշրջային ընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել