Անակնկալ՝ դատական վիճաբանությունների փուլում
Իրավապաշտպանը դեռ տեղավորվում է մեղադրյալի աթոռին:
Հարազատները շնորհավորում են դատական նիստերի դահլիճից ազատ արձակված Արշալույս Հակոբյանին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ հայտարարեց դատական վիճաբանությունների փուլը սկսելու մասին: Դա նշանակում էր, որ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Հունան Բաբայանը պետք է հանդես գար մեղադրական ճառով, ասեր պատժաչափը կամ…
Մեղադրող Հունան Բաբայանը հայտարարեց, որ ունի «այլ միջնորդություն»: Նա դիմեց դատարանին՝ իրավապաշտպանին առաջադրված մեղադրանքը փոխելու եւ դատաքննությունը հետաձգելու:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը մեղադրել էր Ա. Հակոբյանին, որ «գտնվելով երրորդ աստիճանի հարբածության վիճակում», այս տարվա հունիսի 5-ին, Լալայանց փողոցում գտնվող իր բնակարանում «բռնություն է կիրառել» ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներ Աշոտ Սարգսյանի եւ Վահե Բադալյանի նկատմամբ:
Դատախազն ասաց, որ նախաքննության մարմինը բազմակողմանի քննություն չի կատարել, մասնավորապես նշեց, որ Հակոբյանը մեկ անգամ է ցուցմունք տվել, իսկ հետո հրաժարվել ցուցմունք տալուց: Սակայն, ըստ մեղադրող Հ. Բաբայանի, Հակոբյանը դատաքննության ժամանակ «ակտիվ մասնակցություն» է ունեցել: Արդյունքում՝ դատարանում ասվել են բաներ, նշվել «փաստական նոր հանգամանքներ», որոնք հայտնի չէին նախաքննությունն իրականացրած մարմնին:
Մեղադրողը միջնորդեց նաեւ, որ փոխվի իրավապաշտպանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ նրա ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի քրեական գործի նոր քննությանը: Ի դեպ, դատարանը, երբ խորհրդակցական սենյակից դուրս գալով որոշեց Հակոբյանին ազատել դատարանի դահլիճից, այն ընդունվեց ներկաների ծափերով: Հակոբյանը ստորագրություն տվեց քաղաքից չբացակայելու մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին: Մեղադրող կողմը հայտնեց «նոր մեղադրանք առաջադրելու» մասին:
Արշալույս Հակոբյանն «Առավոտի» հարցին, թե, արդյոք, սպասո՞ւմ էր նման շրջադարձ, պատասխանեց. «Վստահ էի, որ իրականությունը դուրս կգա ջրի երես»: Մեր հաջորդ հարցին, թե իրավապաշտպանն ազատազրկման վայրում գտնվելով ինչպե՞ս է կարողացել իր իրավունքները պաշտպանել, ինչպիսի՞ն էր նրա տպավորությունները կալանավայրից՝ ասաց. «Անկեղծ ասած, խնդիրներ չեմ ունեցել: Իմ անձնական զրկանքները ոչինչ էին այն ապրումների դիմաց, որ զրկված եմ եղել ընտանիքիցս: Իմ փոխարեն այնտեղ պիտի լինեին այս ոստիկանները, որոնք կարող են ներխուժել սեփական բնակարանդ՝ լկտիաբար սպառնալով քեզ եւ քո ընտանիքին»:
Ա. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր իրավապաշտպաններին ու լրագրողներին, որոնք եղան իր եւ իր ընտանիքի կողքին: