Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսանդրի՝ կենդանության օրոք

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Քչերին է վիճակվում մասնակցել սեփական հուշարձանի բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը հոկտեմբերի 15-ին Նոյեմբերյանում մասնակցեց իր կիսանդրու բացմանը:

Ծագումով երեւանցի, շուրջ կես դար Մոսկվայում բնակվող Ադամյանին Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ 2007 թվականին շնորհվել է համայնքի պատվավոր բնակչի կոչում: Նույն 2007-ին էլ լույս է տեսել Ադամյանի հեղինակած «Նոյեմբերյանյան ուրվանկարներ» գիրքը, ուր նա պատմում է աշխատանքային գործունեության, նոյեմբերյանցի գործընկերների՝ բժիշկների, բուժքույրերի, վարորդի ու հիվանդանոցի պահակի մասին: 1960 թվականին ավարտելով Երեւանի բժշկական ինստիտուտը՝ աշխատանքի է գործուղվել Նոյեմբերյանի հիվանդանոց: Մեկ ամիս անց նա արդեն վիրաբուժական բաժանմունքի վարիչն էր: Ադամյանի շնորհիվ փոխվեց այն պրակտիկան, որ Նոյեմբերյանի հիվանդանոցում վիրահատություններ չէին կատարվում եւ վիրահատության կարիք ունեցողներին ստիպված Ալավերդի էին ուղարկում: Շուրջ կես դար նա Մոսկվայում է, ներկայումս Վիշնեւսկու անվան ինստիտուտի վիրաբուժության պոլիմերային նյութերի բաժանմունքի վարիչն է, 600 գիտական տպագիր նյութերի, 4 մենագրութան հեղինակ: Աշխատությունները վերաբերում են կրծքավանդակի պլաստիկ վիրաբուժությանը, վերականգնողական եւ էսթետիկ պլաստիկ վիրաբուժությանը: Ադամյանը նաեւ Ռուսաստանի վաստակավոր գյուտարար է, աշխարհի տարբեր երկրներում արտոնագրված 100 գյուտի հեղինակ: Բազմաշնորհ մարդ է՝ բանաստեղծությունների ժողովածու է տպագրել, ջութակ է նվագում: 74-ամյա բժիշկը սերտ կապերի մեջ է Նոյեմբերյանի հետ: 2 տարի առաջ նրա նախաձեռնությամբ Մոսկվայից հայտնի բժիշկներ էին եկել ու մարզում հարյուրավոր մարդկանց զննեցին եւ խորհրդատվություն իրականացրին: Անցյալ տարի Իջեւանում մարզի բժիշկների համար գիտական կոնֆերանս էր կազմակերպել: Նոյեմբերյանի հիվանդանոցի բակում Ադամյանի կիսանդրու տեղադրման մտահղացումը Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանինն է: Մարմարակերտ արձանը քանդակել է ծննդով գյումրեցի, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը: Նոյեմբերյանի հիվանդանոցի բակում արդեն 50 տարի այլ կիսանդրի էլ կա. նույն քանդակագործի կերտած՝ կողբեցի ժողովրդական բժիշկ Նիկոլայ Նասիբյանի կիսանդրին: Ադամյանի կիսանդրու հակառակ կողմին նրա ստեղծագործությունն է՝ ռուսերեն լեզվով:

Նշանավոր բժիշկը բավական անկեղծ մարդ է, կոթողի հանդիսավոր բացման ժամանակ հայտարարեց, որ ցավ է ապրել, երբ իր հարազատ Նոյեմբերյանի փողոցը կեղտոտ է տեսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել