Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Նախատեսված էր այս տարի 557,8 միլիոն դրամով հիմնանորոգել Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոց, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգվել են 2010 թվական: Ընթացիկ տարում շինարարական աշխատանքներ իրականացվեցին դեռեւս նախորդ տարիներից նորոգվող դպրոցներում՝ Սառնակունք գյուղի դպրոց եւ Կապանի թիվ 3 կրթահամալիր: Իսկ Կապանի թիվ 10, Սիսիանի Որոտան գյուղի դպրոցի, Կապանի թիվ 2 հատուկ դպրոցի եւ Գորիսի Խնածախ գյուղի կրթօջախի հիմնանորոգման աշխատանքները, որոնց իրականացումը մեկ անգամ արդեն հետաձգվել էր ընթացիկ տարվա 3-րդ եւ 4-րդ եռամսյակներ՝ կրկին հետաձգվեց, այս անգամ՝ 2010 թվական: «Կառավարության որոոշում դեռ չի եղել, մոտ 330-335 միլիոն դրամի աշխատանքներ պետք է տարվեին նշված հանրակրթական հաստատություններում: Ֆինանսավորում չունենալու պատճառով այս դպրոցներն ընթացիկ տարում չեն հիմնանորոգվի»,- նշում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը: Հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցներին ոչինչ չի մնում, քան սպասել 2010 թվականին, բայց թե որքանով կարդարանա նրանց հույսն այս անգամ՝ պարզ չէ:

2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 439 միլիոն դրամ տալ կրթական օբյեկտների հիմնանորոգման համար, բայց ում կհասնի այս գումարը կամ արդյո՞ք նախագիծը կընդունվի առանց փոփոխությունների՝ կրկին պարզ չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել