Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափանիշներին համապատասխանության ցուցանիշով Եվրոպայի խորհրդի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը: Երեկ այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը՝ վկայակոչելով ԵԽ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (MONEYVAL) հաշվետվությունը: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, Դանիել Ազատյանը նշել է, որ հաշվետվության մեջ հետխորհրդային երկրներից Հայաստանը զիջում է միայն Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային: Նրա խոսքերով, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հայաստանյան համակարգն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Մասնավորապես, զգալի առաջընթաց է արձանագրվել իրավական, ֆինանսական եւ իրավապաշտպանական ոլորտներում: