Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են խոսել նախագահները Թուրքիայում

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպման որոշ մանրամասներ են պատմել երկու թուրք դիվանագետներ:

Մենք արդեն գրել ենք այն հրմշտոցի մասին, որն առաջացավ, երբ Գյուլն ու Սերժ Սարգսյանը մտան հյուրանոց: Լրագրողները բառիս իսկական իմաստով մի կողմ հրեցին անվտանգության աշխատակիցներին եւ ներս մտան: Հետո, իհարկե, բոլորին դուրս հրավիրեցին, բայց մի քանի թուրք եւ երեք հայաստանցի լրագրողների, այդ թվում Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանին եւ օպերատոր Արման Ղարիբյանին ու ինձ՝ «Առավոտի» լրագրողիս հաջողվեց մնալ ներսում: Այդ ընթացքում պարզեցինք, որ երբ մեր հայ գործընկերները դրսում սառչում էին եւ մնացել էին առանց ինֆորմացիայի, թուրք լրագրողները հյուրանոցի մյուս մուտքից կրկին լցվել էին ներս եւ սրճարանային պայմաններում հարցազրույցներ էին վերցնում թուրք պաշտոնյաներից: Մենք, ներսում մնացած հայերով, հայտնվեցինք այդտեղ այն պահին, երբ երկու թուրք պաշտոնյաներ հարցազրույց էին տալիս թուրքական ԶԼՄ-ներին: Այդ պաշտոնյաների անունները մենք ունենք, բայց հետագայում նրանց հարցազրույցը մեզ համար թարգմանող Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը խնդրեց, որ անունները չգրենք, այլ նշենք միայն «դիվանագիտական աղբյուրներ» արտահայտությունը:

Հետո մամուլում տարածվեց, այս «աղբյուրների» ներկայացմամբ՝ իբր Սերժ Սարգսյանը Սփյուռքի մասին ասել է, թե գնացել էր ոչ թե կարծիք հարցնելու, այլ տեղյակ պահելու իր քայլերի մասին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նման բան չի ասվել: Ներկայացնում ենք այդ պաշտոնյաների ամբողջ հարցազրույցը: Այս երկու պաշտոնյաները ներկա էին գտնվել նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպմանը եւ դրանից հետո թուրք լրագրողներին պատմել էին, թե ինչ էր տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ: Իրենք ասել են հետեւյալը. «Կանխավ ասենք, որ ծայրաստիճան դրական հանդիպում էր, ինչպես անցյալ տարի Աբդուլա Գյուլը մի քաջ, համարձակ քայլ անելով գնաց Երեւան՝ խաղը դիտելու, այնպես էլ ՀՀ նախագահը նույն համարձակությամբ արդեն փոխայցի է եկել: Տեսակցության ընթացքում նշվել է, որ երկու կողմերն էլ մի մեծ ղեկավարության օրինակ են դրսեւորել, եւ այս ամենը կարեւոր հանգամանք է ժողովուրդների մերձեցման տեսակետից: Նախագահ Գյուլը մի արտահայտություն է գործածել, թե այստեղ մենք ոչ թե պատմություն ենք գրում, հենց պատմությունը կերտում ենք:

Երկու նախագահները իրենց անցյալ տարվա հանդիպումից հետո վերլուծեցին ստեղծված մթնոլորտը եւ նշեցին, որ անցած ժամանակահատվածում մեծ առաջխաղացում է եղել, որովհետեւ մենք այլեւս ունենք իրավաբանական լուրջ փաստաթուղթ, որի վրա պիտի կարողանանք գործել առաջիկայում: Խոսվել է նաեւ ստորագրված Արձանագրություններում նախատեսված ժամանակացույցերի մասին: Խոսք է գնացել, օրինակ, վավերացման մասին:

Երկու կողմերն էլ խոսել են այն մասին, որ դժվարին քայլեր են հանձն առել, դժվարին գործընթացի առաջ են կանգնած եւ գիտակցում են, որ այս դժվարին պայմաններում արդեն խնդիրները պետք է լուծվեն աստիճանաբար: Ոչ միայն երկու հարեւան երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի, ընդհանրապես աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս գործընթացի վրա, ինչը ապացուցում է այստեղ կատարված քայլերի մեծությունը, կարեւորությունը: Իրենք ասացին, որ մինչեւ հիմա ասածները ընդհանուր առմամբ պարոն Գյուլի ասածներն էին: Վերադառնալով պարոն Սերժ Սարգսյանի ասածներին՝ ասացին, որ պարոն Սերժ Սարգսյանն էլ հաստատեց, որ դժվար քայլ էր: Օգոստոսի 31-ին հաջորդող ժամանակաշրջանում ինքը մեծ դժվարությունների է դիմակայել, անդրադարձել է իրականացրած ուղեւորությանը եւ ասել է, որ ինքը այդ ուղեւորությունը կատարել է Սփյուռքին բացատրություններ տալու համար: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներում էլ կարող են լինել մարդիկ, որ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ գործընթացի նկատմամբ, բայց կարեւորն այն է, որ դրական մոտեցում ունեցողների թիվն ավելի մեծ է, եւ ինքը ենթադրում է, որ ժամանակին այդ դրական մոտեցում ունեցող մարդկանց թիվը պիտի ավելանա, որովհետեւ ձեռնարկված է լավ գործ: Հետո խոսվել է ժամանակացույցի մասին, նշվել է, թե իրավաբանական հաստատման ընթացակարգը ինչպես է նախատեսված երկու երկրներում: Որեւէ թվականի մասին որեւէ բան չի խոսվել, իրենց հիշեցրին, որ Թուրքիայում այդ գործընթացն արդեն սկսվել է, հոկտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ԱԳ նախարարությունը համապատասխան բացատրությամբ պետք է հանդես գա: Գյուլը խոսել է ձեռնարկված քայլերի տարածաշրջանային նշանակության մասին, իսկ պարոն Սարգսյանը որեւէ ձեւով տարածաշրջանային ակնարկություն չի արել: Բայց երբ Աբդուլա Գյուլը տարածաշրջանային այդ ակնարկներն արել է, Սերժ Սարգսյանը չի առարկել, այսինքն՝ ինքը բան չասաց, բայց չառարկեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել