Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատասխանելով ֆրանսիական «L՚ Express» ամսագրի հարցերին՝ անդրադարձել է նաեւ թուրքական խորհրդարան ներկայացվելիք հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին:
«Մի թուրքական ասացվածք կա՝ լավ նպատակը միշտ լավ արդյունք է տալիս։ Տա Աստված, որ բոլորը լավ նպատակներ ունենան»,- «news.am»-ի փոխանցմամբ, ասել է Գյուլն ու հայտարարել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա «դրսից» ոչ մի ճնշում չկա: Նա վստահեցրել է, թե տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելը, հարեւանների հետ լավ հարաբերություններ ստեղծելը Թուրքիայի քաղաքականությունն է։ Թուրքիայի կողմից զիջումների գնալուն վերաբերող հարցին Գյուլը պատասխանել է, թե «այդպես մտածելը սխալ է, եւ եթե այդպես մտածենք՝ երբեք խաղաղության չենք կարող հասնել։ Հեռագնա նպատակների համար պետք է ունենալ լայն հեռանկարներ»։
Լեռնային Ղարաբաղում դեռեւս հայկական զինուժ կա, դա Անկարայի կողմից զիջո՞ւմ է: Այս հարցին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Մի երկրի կողմից մյուս երկրի տարածքի մի մասը զավթելը անընդունելի է։ Այդ հարցը պետք է երկխոսությամբ կարգավորվի։ Կրկնում եմ, որ մեր մտահորիզոնը պետք է ընդլայնենք: Ի՞նչ է, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չե՞ն կարգավորվելու»։
Գյուլը խոսել է նաեւ, թերթի ձեւակերպմամբ՝ 1915 թվականի իրադարձությունների մասին. «Թուրքիան բարի կամք է դրսեւորում եւ պատրաստ է իր բոլոր, այդ թվում՝ ռազմական արխիվները բացել։ Մենք այլ երկրներից ժամանելիք պատմաբաններին էլ, բաց պատմական հանձնաժողովին էլ այս խնդրում աշխատելու իրավունք ենք տալու եւ արդյունքներն էլ պատրաստ ենք ճանաչել եւ ընդունել»: