Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները վավերացնել պայմանով

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Երկու առաջարկ Դավիթ Շահնազարյանի կողմից

Մինչ հայաստանյան քաղաքական մի շարք ուժեր հայ խորհրդարանականներին կոչ են անում «խելքի գալ» եւ ԱԺ-ում չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, այլք նույն խորհրդարանից այլ բան են պահանջում կամ առաջարկում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն է հեռակա կարգով դիմել իշխանություններին եւ նրանց երկու առաջարկ է արել, թերեւս, այն առաջարկները, որոնց մասին նա ավելի վաղ ակնարկել էր մեկ այլ ասուլիսի ժամանակ՝ շեշտելով, թե իշխանությունները դժվար թե դրանցից հրաժարվեն: Եվ այսպես, Դ. Շահնազարյանը, հակառակ ՀՀԿ-ականների մտադրության՝ արձանագրությունները վավերացնել միայն դրանք Թուրքիայի խորհրդարանում վավերացվելուց հետո, առաջարկել է, որ ՀՀ ԱԺ-ն առաջինն ինքը դրանք վավերացնի, բայց պայմանով, որ Թուրքիայի խորհրդարանն այն վավերացնի, ասենք, պայմանականորեն ասած՝ 2 ամսվա ընթացքում եւ կյանքի կոչի: Ասել է թե՝ նաեւ բացի հայ-թուրքական սահմանը:

«Դրանից հետո թուրքական կողմը ստիպված է լինելու որոշում կայացնել: Այո, սա կլինի որոշակիորեն ճնշում թուրքական խորհրդարանի վրա»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, հայտարարել է Շահնազարյանը: Հստակեցնելով իր այս առաջարկի իմաստը՝ Կոնգրեսի ներկայացուցիչն ասել է, թե հակառակ դեպքում՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից սահմանված ժամկետում արձանագրությունները չվավերացնելու պարագայում, Հայաստանը պետք է հայտարարի, որ դրանք առ ոչինչ կհամարվեն, եւ ՀՀ ԱԺ-ն այս հաստատումը կհամարի ուժը կորցրած: «Վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանն էլ փորձի ինքնուրույնություն ցուցաբերել, այլ ոչ թե քարշ գալ իրադարձությունների ետեւից»,- կարծիք է հայտնել Շահնազարյանը:

ՀՀ իշխանություններին ուղղված նրա երկրորդ առաջարկը վերաբերվել է Հայաստանում կոշտ քննադատության արժանացած միջկառավարական պատմական ենթահանձնաժողովին եւ դրանում պարունակվող վտանգները չեզոքացնելուն ուղղված քայլերին: ՀԱԿ անդամն առաջարկել է՝ մինչեւ ՀՀ խորհրդարանում արձանագրությունների վավերացումը ընդունել թուրքական քրեական օրենսդրության 301 հոդվածին համարժեք մի օրենք, որով՝ «ՀՀ պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրավունք չունեն մասնակցելու այնպիսի քննարկման, որի ժամանակ կժխտվի կամ որոշ չափով կասկածի տակ կդրվի Ցեղասպանության փաստը: Այլապես պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով»:

Այս առաջարկի տրամաբանությունը, ըստ Շահնազարյանի, այն է, որ հիշյալ ենթահանձնաժողովի ստեղծումը պետք է միայն թուրքերին՝ գնահատական տալու եւ կասկածի տակ դնելու Ցեղասպանության փաստը, մանավանդ, որ թուրքերն այլ կերպ ուղղակի չեն կարող վարվել՝ նկատի ունենալով Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը կստիպի նրանց ժխտողական քաղաքականություն վարել, իսկ հակառակ դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկվել: Եթե այս մի առաջարկը ՀՀ խորհրդարանը չընդունի, ապա, բանախոսի ասելով, կնշանակի, որ հայկական եւ թուրքական կողմերը իսկապես բանավոր պայմանավորվել են հարցականի տակ դնել խնդրահարույց հարցերից մեկը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել