Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԵՆԴ

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ իշխանությունները ֆիդայական երգեր են երգելու:

– Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս ստորագրված են: Ի՞նչ տվեց դա կողմերին:

– Նախ՝ հասկանանք, թե ի՞նչ խնդիրներ էին դրել իրենց առջեւ հայկական եւ թուրքական կողմերն իրենց դիվանագիտությամբ, եւ ով ինչի հասավ:

Հայկական դիվանագիտությունը հայտարարում է, որ խնդիր ուներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ ունենալ բաց սահմաններ: Այս պահին մենք սրանցից ոչ մեկին չենք հասել: Թուրքիան խնդիր ուներ առաջին հերթին կանգնեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իր սահմանները եւս մեկ անգամ վերահաստատել տալ: Մեզ ասում են, թե մենք, այսպես թե այնպես, ճանաչել էինք Թուրքիայի այսօրվա սահմանները: Համաձայն եմ, բայց այդ դեպքում թող բացատրեն, թե Թուրքիան ինչո՞ւ է ուզում եւս մեկ անգամ դա հաստատել տալ: Բայց ամենակարեւորն ու վտանգավորն այն է, որ Թուրքիան հնարավորություն ստացավ Ղարաբաղի հարցը լեգիտիմորեն քննարկել աշխարհի խոշորագույն կենտրոնների՝ Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ: Այսինքն՝ Թուրքիան արդեն այս պահին հասել է իր նպատակին՝ անկախ արձանագրությունների վավերացումից:

– Ի՞նչ գործընթացներ կարող են սրան հաջորդել:

– Քանի որ Թուրքիան է, որ պիտի ապաշրջափակի Հայաստանը (այդպես ավելի ճիշտ է ասել), այդ հարցի լուծումը նրա ձեռքում է, ուրեմն՝ մենք պետք է հետեւենք, թե այդ առնչությամբ ինչ են ասում Թուրքիայում: Իրենք հայտարարում են, որ մինչեւ ԼՂ-ից զորքերը դուրս չբերենք կամ լուծման չգնանք, իրենք սահմանը չեն բացելու: Սերժ Սարգսյանն իր հերթին ասում է՝ ԼՂ խնդրի լուծումը դեռ բավականին հեռու է, մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Այսինքն՝ մինչեւ ԼՂ հարցը չլուծվի, սահմանը չի բացվի: Երբ Իլհամ Ալիեւն է հայտարարում, թե՝ Ղարաբաղը վերցնելու է, ես դա կարող եմ համարել «ներքին օգտագործման», որովհետեւ ԼՂ-ն ոչ թե Ալիեւի, այլ մե՛ր ձեռքում է, ու ես լսում եմ, թե ինչ է ասում այդ առնչությամբ ՀՀ նախագահը: Իսկ նա ասում է, որ նման բան չկա, որ ԼՂ խնդրի լուծումը հեռու է: Հենց այդ տրամաբանությամբ էլ ես կարծում եմ, որ արձանագրությունները թուրքական խորհրդարանում չեն վավերացվելու, եւ հայկական կողմը չի լուծելու այն երկու խնդիրները, որոնց ձգտում էր, իսկ Թուրքիան ստացավ ամեն ինչ:

– Բայց արձանագրությունները օրենքի ուժ են ստանալու միայն երկու խորհրդարաններում վավերացվելուց, նախագահների կողմից ստորագրվելուց հետո:

– Մենք հիմա չենք կարող ժամանակն առաջ տալ, բայց ես հավաստիացնում եմ, որ քանի դեռ Հայաստանում կա այս իշխանությունը, աշխարհի ոչ թե մի երկիր, այլ մի գյուղ չի ճանաչի Ցեղասպանությունը:

– Է, թող չճանաչի: Ի՞նչ է տվել Հայաստանին երկու տասնյակից ավելի երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, քանի դեռ դա չի ճանաչել ինքը՝ Թուրքիան:

– Դա առանձին խոսակցության թեմա է, բայց Ցեղասպանության ճանաչումը դա Հայաստանի համար անվտանգության խնդիր է: Գուցե ձեզ համար դա հուզական հարց է, բայց Ցյուրիխում թուրքական դիվանագիտության հարձակումից ՀՀ իշխանություններին փրկեց միայն Ցեղասպանության հարցը: Երբ Ցյուրիխում Թուրքիան փորձել էր Ղարաբաղի հարցը մտցնել իր հայտարարության մեջ, հայկական կողմը իր վերջին խաղաթուղթն էր օգտագործել՝ ասելով, որ այդ դեպքում ինքն էլ Ցեղասպանության մասին կխոսի, եւ արդյունքում թուրքերը վախեցել էին, ու որոշում էր կայացվել որեւէ հայտարարություն չանել: Ի վերջո, Ցեղասպանության հարցը Թուրքիային այնքան էր մտահոգել, որ այս պրոցեսից առաջ, եթե նկատել եք, նա Ղարաբաղի հարցն էլ այնքան ակտիվ չէր կարողանում քննարկել: Հիմա Ցեղասպանության հարցում իրենք ստացան իրենց ուզածը, իսկ այդ հարցի վրա նրանք տարեկան միլիարդավոր դոլարներ էին ծախսում, ու ախորժակներն ավելի բացվեց. հիմա խոսում են Ղարաբաղի մասին: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ կարեւոր խնդիր է Ցեղասպանության հարցը, իսկ հայկական կողմն իր բոլոր խաղաքարտերը տվեց:

Մյուս կողմից, Թուրքիան ուզում է Հայաստանի կողմից ճանաչել տալ իր սահմանները, այսինքն՝ Ղարսի պայմանագիրը: Այդ դեպքում Թուրքիան էլ թող ճանաչի այսօրվա ԼՂՀ դե-ֆակտո սահմանները:

– Բայց դրանք տարբեր հարթության խնդիրներ են: Թուրքերը Հայաստանին առաջարկում են ճանաչել միջազգայնորեն ճանաչված սահմաններ, մինչդեռ ԼՂՀ սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն:

– Համաձայն եմ, բայց Թուրքիայի սահմանը Հայաստանի կողմից ճանաչված չէ, չէ՞: Հայաստանի սահմաններն էլ են միջազգայնորեն ճանաչված, բայց ոչ Թուրքիայի կողմից (ի դեպ, ըստ արձանագրության, առաջարկվում է փոխադարձաբար ճանաչել սահմանները- Ն. Մ.): Հիմա Թուրքիան Հայաստանին ասում է՝ եկեք, իմ սահմանները ճանաչեք: Ես էլ ասում եմ՝ եթե դու ուզում ես սահմաններդ ճանաչեմ, դու էլ ճանաչիր ԼՂՀ-ի սահմանները: Կճանաչի՞:

– Իհարկե՝ ոչ:

– Բա այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան սահմանի բացումը պայմանավորում ԼՂ հիմնախնդրի լուծմամբ, իսկ մենք նրա սահմանների ճանաչումը չենք ուզում կապել Թուրքիայի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հետ:

Ես կողմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց այս պրոցեսը մեզ ավելի ետ է շպրտում, քան կայինք Գյուլի՝ Երեւան այցից առաջ: Այսօր ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն է ստեղծվելու, որն առաջ չկար: Այսօր Թուրքիան ամբողջ աշխարհի հետ միասին ճնշումներ է գործադրում ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ, ինչն առաջ չկար: Իսկ մենք դրա արդյունքում ոչինչ չենք ստացել: Այս դիվանագիտությունը խայտառակ ձեւով է տապալվել:

– Արդեն հայտնի է, որ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան են մտնելու հոկտեմբերի 21-ին: Ի՞նչ է սպասվում այնտեղ:

– Թուրքիայի խորհրդարանը եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին կհայտարարի այն, ինչ մտադիր էր հայտարարել Ցյուրիխում. միջազգային հանրությանը կոչ կանի արագացնել ԼՂ հարցի լուծումը, ինչը նշանակում է՝ Հայաստանի կողմից այդ հարցում միակողմանի զիջումների գնալ:

– Որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում ակտիվություն կա, նկատելի էր մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Ընդդիմությունն անգամ ասում էր, թե արագ լուծման հարցում արտաքին ճնշումներ կան:

– Մեզ 1997-ին էլ էին ասում, որ լուծումն անխուսափելի է:

– Ուզում եք ասել, որ եթե հայ-թուրքական արձանագրությունները չլինեին, միջազգային հանրությունը հանդուրժելու էր, որ այս սառեցված հակամարտությունն էլի՞ ձգվեր:

– Նույնիսկ այս արձանագրությունների պայմաններում ԼՂ հարցի լուծում մոտակա ժամանակահատվածում ես չեմ տեսնում: Եթե ՀՀ իշխանություններն այս հարցում արագ լուծման գնան՝ երկրում իշխանափոխություն կլինի:

– Ստեղծված իրավիճակից ելքի ի՞նչ տարբերակ եք տեսնում: ՀՀ իշխանություններին համոզել չեք կարող:

– Ինձ թվում է, որ իշխանություններն էլ են համոզվել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվել է, եւ ես կանխատեսում եմ, որ այն նույն մարդիկ, ովքեր կուրծք ծեծելով, կոկորդ պատռելով գոռում էին՝ կեցցե՛ բաց սահմանը եւ հանուն դրա արժե ինչ-որ զոհաբերությունների գնալ, այսօր սկսելու են ֆիդայական երգեր երգել: Հիմա իշխանությունների մոտ կսկսվի հայրենասիրության լիխարադկա, բայց ոչ թե պայմանավորված իրենց զգացումներով, այլ այն պատճառով, որ Էրդողանն իրենց մղեց այդ դաշտ, համապատասխան վայր: Այսպիսի խոսք կա՝ համապատասխան մարդկանց վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Հիմա նրանց մոտ սկսվելու է հայրենասիրության փուլը, ու մենք կտեսնենք, թե ի՜նչ կոշտ հռետորաբանություն են կիրառելու ՀՀ իշխանությունները, մերձիշխանական եւ արտահաստիքային քծնողները, պնակալեզները, սազանդարներն ու այլ էակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել