Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԳՐՈՀԻ»

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Երեկ հանրահավաքում հայտարարեց Դաշնակցությունը եւ պահանջեց, որ իշխանությունը կանգնի ժողովրդի կողքին եւ չվավերացնի արձանագրությունները:

ՀՅԴ-ի կազմակերպած «ՈՉ»-ի հանրահավաքը երեկ կայացավ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր հանրահավաքն անցկացնելու մասին Դաշնակցության դիմումը: Հավաքվածները դեռ մինչ հանրահավաքի սկիզբը տարերայնորեն «ոչ» էին գոռում, եւ ընդհանրապես հրապարակ եկածները խիստ զայրացած եւ դժգոհ էին Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Հնչում էին ազգային-ազատագրական երգեր: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ընդդեմ արձանագրությունների Դաշնակցության կողքին կանգնած այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ ժողովներ անցկացնելու մասին» օրինագիծը, ինքը զգուշացրեց, որ մի օր էլ թույլ չեն տա ազգային խնդիրներով հանրահավաքներ անցկացնել: Ըստ պատգամավորի՝ այս կանխատեսումն արդեն իրականացել է: Նկատի ուներ քաղաքապետարանի մերժումը: Երեկ էլ պարոն Սաֆարյանը զգուշացրեց, որ հնարավոր է մի օր էլ իշխանությունները արգելեն ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ հիշատակի երթերը: Հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը դեռ չէր հասցրել ասել. «Սիրելի հայրենակիցներ», երբ մի կին ոգեւորեց ներկաներին. «Մի վախեցեք, թուրքը մեր արյունը խմել ա, էլի ա ուզում խմի, չենք թողնի»: Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ 12 կուսակցությունների շարժմանը միացել են եւս 2 կուսակցություն՝ «Հայկանդուխտը» եւ «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունները: Հանրահավաքի նպատակն էր պահանջել հայոց խորհրդարանից՝ չվավերացնել արձանագրությունները:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցավակցում է մեր իշխանություններին. «Որոնց այսպես ճզմել են: Ցավակցությունս՝ ԱԳ նախարարին, որին ինչ-որ միջազգային չինովնիկ թույլ է տալիս թշերին խփել՝ ինչպես փոքրիկ երեխայի, որին խաբել են ու ստորագրել են տվել ինչ-որ թուղթ»: Ասաց, որ գլուխը խոնարհում է «այն քաջ տղաների առջեւ, որոնք, ոնց է կոչվում, Բուրսա, չէ՞, հիմա, առաջ դա հունական Բրուսա քաղաքն էր, Բրուսայի ստադիոնում չվախեցան եւ պլակատ բարձրացրեցին՝ «Սասունի եւ Բիթլիսի հայերը քեզ հետ են, Հայաստան», այո, այ ըտենց տղերք ունենք մենք, նույնիսկ Թուրքիայի խորքում այդ ամբողջ ոստիկանական ոհմակների, նացիոնալիստների շարանների առաջ մի քանի հոգով չվախեցան, բարձրացրին հայատառ, հայալեզու իրենց պլակատը: Եվ այնպես չի, որ չենք հաջողում: Մեր նախորդ հսկայական հանրահավաքը բերեց նրան, որ այդ չարաբաստիկ ստորագրություններից ժամեր առաջ ՀՀ նախագահը հանդես եկավ ուղերձով: Եվ ի՞նչ ասաց նա իր ուղերձի մեջ: Նա ասաց բոլոր այն մտահոգությունները, որ ունենք մենք՝ բոլորս»: Ըստ Վահան Հովհաննիսյանի, այս ուղերձը նշանակում է, որ իշխանությունները սկսում են մտահոգությունները հասկանալ, ուրեմն. «Մենք պետք է ավելի ուժեղ սեղմենք, ավելի ուժգին բարձրացնենք մեր «ՈՉ»-ի ձայնը, որպեսզի իշխանություններին թույլ չտանք կատարել երկրորդ սխալը»:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ Թուրքիան շտապում է, քանի որ հասկացել է, որ Հայաստանում բարձրացել է մի հզոր ալիք, որը կսրբի այս արձանագրությունները. «Իսկ եթե ժողովրդի ձայնը ստորագրողները չլսեն, ապա կսրբի նաեւ ստորագրողներին»: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանի պատգամավորների մեծ մասը հոգու խորքում դեմ է արձանագրություններին. «Բայց վախեցած են, խաբված են, ճնշված են: Մենք նրանց կվերադարձնենք հայ ժողովրդի գիրկը»: Զգուշացրեց բոլոր պատգամավորներին. «ՀՀ նախագահի ուղերձը պետք է դառնա ձեզ համար ուղեցույց: Եվ չփորձեք փախչել այնտեղ արտահայտված մտահոգություններից, մեր աչքերի առջեւ պետք է քվեարկեք, եւ Աստված մի արասցե, եթե կատարեք ոչ թե մեր ժողովրդի այլ ուրիշի կամքը»:

Վահան Հովհաննիսյանը ասաց, որ Հայ դատը իրական իմաստով դատ է, իսկ դատը պետք է պատժի եւ պահանջի հատուցում: Ասաց, որ իշխանությունները կամ կանգնելու են ժողովրդի կողքին եւ դիմադրելու միջազգային կառույցներին, կամ՝ «վայ այդ իշխանությանը»: Ասաց նաեւ, որ հայերը այլեւս պետք է ոչ թե դիմադրեն եւ պաշտպանվեն, այլ անցնեն հարձակման. «Մենք անցնում ենք հարձակման, մենք անցնում ենք գրոհի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել