Լրահոս
Օրվա լրահոսը

7. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 16,2009 00:00

\"\"
Գազերի կուտակման սարք։

\"\"
Տեսարան աղբանոցից։

\"\"
Երիտասարդ «բոմժը»։

Դուրս գալով Նուբարաշեն ավանի տարածքից, քարտեզով ճշտում եմ ճամփորդությանս հետագիծը: Ներքեւում Նուբարաշենի քաղաքային աղբանոցն է, քիչ այն կողմ՝ Արինբերդի քաղաքային գերեզմանոցը, ապա եւ քրեակատարողական հիմնարկը: Հետո քարտեզային հոծ գիծը Նուբարաշենի խճուղով ինձ կտանի ավտոմեքենաների շուկան, Էրեբունու թանգարան-արգելոցը…

Ափսոսանքով հայացք եմ ձգում աջ կողմը, որտեղ ճանապարհը տանում է Դաշտավան (Շորբուլաղ): Չէ, ամառանոցները չէ, որ հետաքրքրում են ինձ: Սահանքի պատճառով ամառանոցների մեծ մասը փլվել է, ու մարդիկ նյութական հսկա կորուստներ են կրել: Տարիներ առաջ հեռուստատեսության իմ գործընկերները զարմանում էին, թե ինչու իրենց հետ ամառանոցային տարածք չեմ վերցնում Շորբուլաղի ամայի բլուրներում: Իհարկե, ես չգիտեի տեղանքի սահող հողերի մասին, ոչ մի կազմակերպություն մարդկանց չէր զգուշացրել այդ մասին: Հավանաբար, նախապես գեոդեզիական հետազոտություն չէին անցկացրել տեղանքում: Այն ժամանակ ես մտածում էի հայրենի Արցախում նման մի հենակետ ունենալ, սակայն պատերազմը ի չիք դարձրեց երազանքս. օկուպացվել է ծննդավայրս՝ Մարգուշեւանը, իսկ հայրական տունը Մեծ շեն գյուղում գրադի արկից հիմնովին ավերվել է ադրբեջանցիների կողմից ռմբակոծության ժամանակ:

Ինձ ավելի շատ հետաքրքրում է Դաշտավան տանող տարածքը, որը հնուց ի վեր էնդեմիկ վայրի ցորենի աճման վայր հանդիսանալով, փաստորեն, ցորենի նախահայրենիքներից է ու խնամքով պահպանվում է քաղաքի յուրացումից: Հայաստանում աճում է վայրի ցորենի 13 տեսակ: Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ցորեն, որը վկայում է, որ դեռեւս երեք հազար տարի առաջ Հայաստանում զարգացած էր ցորենի մշակությունը: Ու Հայաստանից մյուս ժողովուրդները սովորել են հացի մշակույթը: Դեպի աղբանոցը քայլելու ընթացքում ես տեսա ավելի քան տասնհազարամյա վայրի ցորենի հասկեր, զգուշացա, որ ոտքի տակ չտրորեմ Երեւանի այս բնական թանգարանը: Ու ես մտածեցի, որ եթե թերթի հետ պայմանավորվեի ընդամենը մեկ մետր ճանապարհորդել, ապա կարելի է ոչ պակաս հետաքրքիր ռեպորտաժա-արկածային հոդվածաշար գրել, քանի որ բնությունը անսահման հարուստ է ու դեռեւս ոչ լիարժեք մատուցված գրողի հայացքով: Իսկ կյանքը, բնությունն ու մարդկությունը կարիք ունեն ամեն ինչի գրական վերարտադրության ու մատուցման: Մի պարզ օրինակ՝ վայրի ցորենի հատիկները դիպի մրջնանոց կրող մրջյունները սերնդեսերունդ հարազատ են մնացել դարավոր ավանդություններին, իրենց հին նախնիների նման կերել միայն նախացորենը, ու նրանց մոտ հարյուր հազար տարի շարունակ ոչինչ չի փոխվել: Իսկ մրջնանոցի մոտ մի դաժան պայքար էր ծավալվել դեղին մորմի ու զինվոր մրջյունների միջեւ: Այն այնքան հետաքրքիր էր ու գրավիչ, որ ես մոռացել էի իմ ճամփորդության մասին: Ի վերջո, տասնյակ զոհերի գնով մրջյունները հաղթեցին եւ որոշեցին իրենց համեմատ հսկա մորմը մրջնանոցի ներսը տանել: Ես մտովի արդեն պատրաստվում էի մրջնանոց մտնել, բայց հիշեցի, թե ինչու եմ այստեղ: Դժվարությամբ կտրվում եմ մտքերից ու քայլում դեպի քաղաքային աղբանոցը: Հետաքրքիր է, որ բացակայում է այս աղբանոցի սովորական դարձած հոտն ու խեղդող ծուխը: Սովորաբար նույնիսկ ճանապարհի՝ աղբանոցին մերձակա հատվածով անցնելիս մարդիկ ակամա փակում էին քիթն ու բերանը, արագացնում ընթացքը:

Նախապես պայմանավորվել էի Էրեբունու սանիտարական մաքրման գրասենյակի հետ, որ արգելք չհանդիսանան աղբանոցի տարածք մտնելու հարցում: Դիսպետչերը խնամքով գրանցում էր քաղաքի տարբեր հատվածներից տարածք մտնող աղբով բեռնված մեքենաների վարորդների անուններն ու համարանիշները: Աղբանոցից վերադարձող մեքենայի թափքում մանկական սայլակի անիվներ ու թիթեղյա տաշտ երեւաց, որի մեջ լվացքի մեքենա չունեցող կանայք սովորաբար սպիտակեղեն էին լվանում: Իսկ աղբանոց նետած սայլակները այժմ օգտագործում են աղբարկղերը քչփորողները:

Մի վարորդ դիմեց դիսպետչերին.

– Նուբարաշեն եմ գնում:

– Ի՞նչ, գնում ես Նուբարաշենի ա՞ղբը բերես,- առարկեց դիսպետչերը,- իրենք աղբատար մեքենա չունե՞ն:

– Դե…

– Չէ, դու քո զիբիլը բեր,- չոր կտրեց դիսպետչերը:

Մուտքի ձախ կողմում պոմպակայան էր տեղադրված՝ մեկ մետր տրամագիծ եւ հինգ մետր բարձրություն ունեցող այրման վառարանով, որի տանիքին օդը շիկացած էր: Հայտնեցին, որ Էրեբունու շրջանի սանմաքրման գլխավոր ինժեներ Տիգրան Բոջանյանն ինձ է սպասում: Նա ընդհանուր տեղեկություններ հաղորդեց: Նուբարաշենի աղբանոցը հիմնվել է 1971 թվականին: Այն գրավում է 52 հեկտար տարածք, որից օգտագործվում է 32-ը: Ամեն օր 210 աղբատար մեքենաները քաղաքի տարբեր հատվածներից այստեղ են բերում շուրջ 450 տոննա աղբ, որը տարեկան կազմում է յոթ միլիոն տոննա: Երկու բուլդոզերները անընդհատ հողի շերտով ծածկում են բերած աղբը, որպեսզի կանխվեն խորքային ինքնաբռնկումները, որոնք սովորաբար անհնար է լինում հանգցնել:

Այժմ ճապոնական երկու ֆիրմա հատուկ կայանքի միջոցով իրականացնում են աղբանոցից արձակվող մեթան գազի այրումը:

Մինչ ճապոնացի մասնագետների գալը՝ աղբանոցի տնօրենի տեղակալ Տիգրան Մուշեղյանը, որը 74-ամյա մարդ էր, ինձ ուղեկցեց աղբանոցի տարածք: Նա երկար տարիներ աղբանոցի տնօրենն է եղել: Մենք բարձրացանք կավահողով պատած բլուրը, որի տակ շուրջ 200 մետր բարձրության աղբանոցն է: Շների մի ոհմակ, անծանոթ մարդ տեսնելով, միաբերան հաչեցին ու շարժվեցին իմ կողմը: Տիգրան Մուշեղյանը սաստեց նրանց: Բլրի վրա 28 սարք էր տեղադրված: Աղբի մեջ 20 մ խրված ծակոտկեն խողովակներից օրգանական աղբի քայքայումից արձակվող մեթան գազը խողովակներով հասցվում է այրման տեղամաս, որտեղ էլ տեղի է ունենում այրումը: Այս ծրագիրն ունի իր նախապատմությունը: Կիոտոյի պրոտոկոլը ստորագրվելուց հետո ծրագիրը իրավական ուժ ստացավ: 2005 թ. փետրվարին ՀՀ եւ Ճապոնիայի կառավարությունները ստորագրեցին այս ծրագրի իրականացման համաձայնագիրը: Նոյեմբերին ծրագիրը գրանցվեց ՄԱԿ-ում: Իսկ ուսումնասիրությունները սկսվել էին 2003 թվականից: 2006 թ. մայիսին ճապոնական «Շիմիցու» կորպորացիան ու Երեւանի քաղաքապետարանը համաձայնագիր կնքեցին ծրագիրը կյանքի կոչելու խնդրում, ու ճապոնացի մասնագետները սկսեցին Նուբարաշենի աղբավայրում գազի պարունակության ուսումնասիրությունները: Հաջորդ տարի պատրաստեցին նախագիծը ու ընթացիկ տարվա մայիսից սկսեցին ծրագրի իրականացումը, որը կավարտվի սեպտեմբերի կեսին: Ծրագրի ֆինանսավորումը իրականացնում է նույն «Շիմիցու» կորպորացիան: Ծրագրի իրականացմանը մասնակցում են նաեւ ճապոնական «Մեսկո» ֆիրման եւ երեւանյան «Չիլինգարյան դիզայն կոնսթրակշն» շինարարական կազմակերպությունը:

Բլրի մի անկյունում սպիտակ թռչունների երամ էր խմբվել: Բլուրը ծածկված էր ոչ հեռվից բերած կավահողի 60 սմ շերտով:

Ճապոնական սարքերով աղբաբլրի ծայրից տարօրինակ ու ցնցող տեսարան բացվեց իմ առաջ: Առաջին հայացքից թվաց, թե մրջնանոցում եմ հայտնվել, որտեղ աշխատող մրջյունները տեսակավորում են դաշտում աշխատողների բերած ուտելիքները: Ներքեւում բուլդոզերները իրենց պողպատյա շեղբով աղբի հսկա հրապարակ էին գոյացրել, որտեղ անընդհատ գալիս էին աղբատար մեքենաներն ու դուրս թափում թափքի պարունակությունը: Աղբակույտերի մեջ շարժվող սեւ բծեր նկատեցի: Հաշվեցի երեսուն նմանօրինակ բծեր: Իսկ ճայերի խմբերը, Սեւանա լճի ու տասնյակ բնական ու արհեստական լճակների համեղ ձկները մոռացած, ողջ տարածքով մեկ աշխուժորեն աղբակույտից աղբակույտ էին թռչկոտում, մինչեւ մարդկանց մոտենալը առաջինը քչփորում աղբակույտը: Դիմեցի տնօրենի տեղակալին.

– Այդ շարժվող բծերը մարդի՞կ են:

– Այո,- պատասխանեց նա,- նրանք աղբից ջոկում են երկրորդական հումքը, որը կաշի է, պլաստմասսա, շիշ, գունավոր մետաղ, թուղթ. այն ամենը, ինչ կարելի է վերամշակել:

– Փաստորեն, գործի է գցվել երկրորդական հումքի արտադրության պարզագույն արտադրությունը,- ասացի ես:

– Այդպես է ստացվում:

– Իսկ եթե արեւմուտքից նման տեխնոլոգիա բերվի, ի՞նչ կլինի աղբանոցի քչփորողների, քաղաքի աղբարկղերում քչփորող հարյուրավոր մարդկանց ճակատագիրը:

– Նույնիսկ չեմ պատկերացնում,- ասաց նախկին տնօրենը:

– Իսկ ես պատկերացնում եմ,- ասացի ես,- քաղաքի մի քանի հազար քչփորողները իրենց պարկերով, հումք ընդունող կետերի, վերամշակող արտադրությունների տերերն ու աշխատողները ցույցի դուրս կգան Հանրապետության հրապարակում, կառավարությունից ու քաղաքապետարանից կպահանջեն փակել երկրորդական հումքի վերամշակման ժամանակակից գործարանը: Ու հրապարակից՝ մի քանի ամիս շարունակ մարդիկ կճաշակեն Նուբարաշենի աղբանոցի «բույրը»:

Այն, ինչ չի ուտում մարդը, ուտում են թռչունները: Այդ պահին կցանկանայի իմանալ թռչունների լեզուն ու հարցնել. «Մի՞թե մոռացել եք ձեր գեղեցիկ սլացքով ընթացքից ձկնորսությունը՝ ծփացող Սեւանի ալիքների վրա: Մի՞թե մարդկանց փտած թափոնը գերադասում եք անուշահամ ձկներից: Թե՞ Սեւանի ձկների համն էլ արդեն այն չէ, այլեւս անուշահամ իշխան չի հանդիպում: Կարո՞ղ է ճայերի կղզում այլեւս տեղ չկա ապրելու, բնադրելու: Գուցե ինչ-որ կերպ լսել եք, որ լճի ջրերը աղտոտվում են զանազան թափոններով, ախր էս լրագրողներն էլ շատ են բերանբաց. ինչի մասին ասես՝ գրում են… իսկ լճակների տերերն էլ անխնա սպանում են ձկնորս թռչուններին: Հիշում եմ, Արարատյան դաշտի լճակների մոտ սպանված արագիլ էի տեսել: Լճակի պահակն ասաց, որ իրեն խիստ հանձնարարել են սպանել ձկնգողին՝ ով էլ որ լինի: Իսկ ես տիրոջը բացատրեցի, որ թռչունը տանում է այն, ինչը բնությունից իրեն է տրված»: Այս մտքերով ցած իջանք Ճապոնական բլրից ու քայլելով հասանք աղբանոց:

Մի երիտասարդ, նկատելով, որ լուսանկարում եմ, հարձակվեց ինձ վրա.

– Քեզ ո՞վ է թույլ տվել լուսանկարել այստեղ: Հենց հիմա հեռացի՛ր այստեղից:

Տիգրան Մուշեղյանը նրան նշան արեց, որ չխանգարի լրագրողին:

– Իսկ դուք ո՞վ եք, -դիմեցի ես:

– Ես աղբանոցի տնօրենն եմ:

– Ես խանգարո՞ւմ եմ ձեր աշխատանքը:

– Ոչ, ոչ, ուղղակի չգիտեի…

– Դուք էլ ի՛նձ մի խանգարեք: Սա իմ աշխատանքն է:

Աղբանոցի կույտի միջից մի գլուխ հայտնվեց, դիմեց ինձ.

– Լսի՛, ինձ չնկարես, եթե նկարես՝ կգամ, ապարատդ կջարդեմ, գլուխդ էլ հետը, թող-գնա ստից:

– Նա գիժ է,- ասաց տնօրենը,- եթե ասում է՝ կանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել