Վերջին տարվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումների նախօրեին արդեն յոթերորդ անգամ է, ինչ ասպարեզ են գալիս «քաղաքական» կամ «քաղաքականացված ֆուտբոլ» արտահայտությունները՝ անհարկի լարվածությամբ պարուրելով զուտ մարզական միջոցառումն ու նաեւ՝ դրա արդյունքները:
Իհարկե, անժխտելի է, որ մեր օրերում քաղաքականությունը՝ պետության շահերն ու հետաքրքրությունները շոշափող, ներթափանցել է ամենուր, այդ թվում եւ մեծ ֆուտբոլի աշխարհ: Եվ 21-րդ դարասկզբին արդեն միանշանակ կարելի է պնդել, որ ֆուտբոլը մասն է դարձել քաղաքականության, ինչի վառ օրինակն է հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Սակայն մի բան է «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ բացարձակ այլ՝ «քաղաքական ֆուտբոլը»:
«Քաղաքականացված ֆուտբոլի» դեպքում մենք գործ ենք ունենում մի կողմից՝ ֆուտբոլային կյանքին քաղաքական-դիվանագիտական գործոնների միջամտման, մյուս կողմից՝ բուն խաղի արհեստական գաղափարականացման, իսկ ավելի կոնկրետ՝ «գերհայրենասիրության» հետ: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, երկրորդ դեպքում, սովորաբար, կառավարությունները, իշխող կուսակցություններն ու, պարզապես, քաղաքական էլիտան միջազգային ասպարեզում սեփական հավաքականի ելույթներին հաղորդում են ինչ-ինչ գաղափարական կամ ազգային արժեքների համար չափազանցեցված քաղաքական պայքարի ստատուս: Այսօրինակ քաղաքականացումն է հենց ծնում «խաղադաշտում կենաց-մահու կռիվ տալու», «մեր միլիոնավոր հայրենակիցների համար եք/ենք խաղալու», «ոչ մի քայլ ետ» լոզունգները, ինչպես նաեւ «հայրենասիրական ներարկումը» խաղերից առաջ: Ինչը, համաձայնեք, ավելի շատ հիշեցնում է պսեւդոպատրիոտիզմ, քան՝ անկեղծ զգացմունքներով առաջնորդվող առողջ պայքար ու ազգայինի երկրպագում:
Մեզ մոտ նման պսեւդոհայրենասիրական զեղումներ դիտվում են միայն երկու հարեւան պետությունների թիմերի հետ խաղերից առաջ: Ու եթե Ադրբեջանի հավաքականի պարագայում մենք չկարողացանք «հագուրդ տալ մեր գերհայրենասիրությանը»՝ հանդիպումները չեղյալ հայտարարելու հետեւանքով, ապա թուրքերի դեպքում առիթն աշխատում ենք բաց չթողնել: Հիշենք, թեկուզ, նախորդ տարի սեպտեմբերյան Հայաստան-Թուրքիա հանդիպմանը նախորդած բազում-բազմաթիվ թոք-շոուներն ու ասուլիսները եւ դրանցում կարմիր թելի պես անցնող «պարտավոր ենք հաղթել մեր ազգի համար» լոզունգները: Բայց ո՞ւր էին դրանք մյուս խաղերի նախօրեներին, ինչո՞ւ անհետացան: Ի՞նչ է, Իսպանիայի կամ Բոսնիայի թիմերի հետ նրանց համա՞ր էր մեր հավաքականը խաղում, թե՞ ուղղակի գեներով փոխանցված ատելությունն է հեռուստաեթերում եւ մամուլի ակումբներում հետաքրքրություն ծնում ֆուտբոլի ու մեր թիմի հանդեպ:
Ասել է թե, որպես այդպիսին Հայաստանում քաղաքականացվում է ոչ թե ֆուտբոլը, այլ՝ կոնկրետ միջոցառումը, հակառակ դեպքում «մեր ազգի պատիվը» էստոնացիների հետ հանդիպումից առաջ էլ բարձրագոչ հայտարարություններով ու «կենաց-մահու կռվի» տրամաբանությամբ կպահպանեինք: Չենք անում, պետք չէ… Եվ դա էլ բավարար չէ: Հենց մարզական միջոցառումը հաշմանդամ ենք սարքում, ընդ որում, թե մենք եւ թե մեր մրցակիցները:
Անցած տարի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվեց երեւանյան հանդիպմանը թուրք երկրպագուների համար նախատեսված տոմսերի 5%-ից՝ հայտարարելով, որ ամեն բան կանի, որպեսզի թուրք ֆուտբոլասերները չժամամեն Երեւան՝ միաժամանակ ՀՖՖ-ից նմանատիպ վարքագիծ ակնկալելով պատասխան հանդիպման շրջանակներում: Արդյունքում, մի տեսակ հաշմանդամ դարձավ այն առաքելությունը, ինչին շատ շատերը սպասում էին: Մինչդեռ, շատ ավելի արդյունավետ կլիներ, որ շարքային ֆուտբոլասերները գային Հայաստան, իսկ հայերը գնային Թուրքիա: Այդ դեպքում հասարակական միջավայրը կփոխվեր, բարդույթները կվերանային, խաղերը շատ ավելի նպաստած կլինեին տարածաշրջանային խաղաղությանը, հասարակությունը կսովորեր, որ Թուրքիայի հավաքականը կարող է տարեկան երեք անգամ ժամանել Երեւան՝ պարզապես ֆուտբոլ խաղալու, իսկ մերոնք էլ կարող են մեկնել Թուրքիա, եւ կարգով առավել ուժեղ հավաքականից մարզական պարտություն գրանցելու դեպքում «ազգի դավաճան» խարանից կխուսափեն, այլ ոչ թե պատանդ կդառնան մեր էմոցիաներին…
Սպորտը խաղաղության դեսպան է, այլ ոչ թե նոր հակամարտություն եւ լարումների բորբոքում: Մեր հասարակությունն այսօր, ցավոք, դեռ դրան պատրաստ չէ: Կամ էլ, գուցե, կրակի վրա յուղ լցնողներն են շատ: