Հոկտեմբերի 21-30-ը Նովի Սադում (Սերբիա) կայանալու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 17-րդ եւ կանանց 8-րդ թիմային առաջնությունները, որոնց, համապատասխանաբար, մասնակցելու են 38 եւ 28 ազգային հավաքականներ:
Հայաստանի երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնելու են մարտական կազմերով: Նովի Սադում մեր հանրապետության շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են.
Աղջիկներ. գրոսմայստերներ՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան եւ միջազգային վարպետ՝ Սիրանուշ Անդրիասյան:
Տղաներ. գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան եւ Տիգրան Պետրոսյան:
Ներկայումս երկու հավաքականներն էլ Ջերմուկում ուսումնամարզական հավաք են անցկացնում: Մեր առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը երեկ հեռախոսով տեղեկացրեց, որ աղջիկների թիմի հետ է նաեւ վերջին շրջանում Հոլանդիայում բնակություն հաստատած Էլինա Դանիելյանը, իսկ ահա տղաներից բացակայում է միայն Վլադիմիր Հակոբյանը, որը հիմա Քաթարում է: Լիլիթի խոսքերով, մարզումներն ընթանում են արդյունավետ ու առանց բացառության՝ բոլորն էլ մրցավայր մեկնելու են լավ տրամադրությամբ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ թիմային առաջնությունում, որ կայացել էր Հունաստանի Հերակլիոն քաղաքում, մեր տղաները նվաճել են փոխչեմպիոնի կոչումը՝ զիջելով միայն Ռուսաստանին, սակայն գերազանցելով Ադրբեջանին, իսկ աղջիկները դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ Լեհաստանին: