Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողված նորամուտ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Վլադիսլավովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների անդրանիկ առաջնության տղաների մրցապայքարի երկրորդ օրը մեր հանրապետությունից մրցահարթակ մտավ էջմիածինցի 22-ամյա մարզիկ Վանիկ Ավետիսյանը:

Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ սա Վանիկի առաջին մասնակցությունն էր Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող միջազգային մրցումներին: Ու ինչպիսի՜ մասնակցություն:

Պոկում վարժությունում շնորհալի երիտասարդը 119 կիլոգրամ արդյունքով բավարարվեց չորրորդ տեղով, ինչն էլ նրա մեջ ամրապնդեց վստահությունը՝ հավատ ներշնչելով, որ ինքնատիրապետման դեպքում օտար երկրներում էլ հնարավոր է պայքարել, թեկուզ, ավելի փորձառուների հետ: Եվ դա երեւաց արդեն հրում մրցաձեւում: Այստեղ, ի վերջո, սանձելով 151 կիլոգրամանոց ծանրաձողը՝ հայ մարզիկն իր նորամուտը միջազգային ասպարեզ նշեց երկրորդ տեղով, իսկ երկամարտի 270 կիլոգրամով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր՝ միեւնույն ժամանակ Հայաստանի թիմային հաշվարկին բերելով եւս երկու մեդալ՝ մեկական «փոքր արծաթ» եւ «մեծ բրոնզ»: Իսկ չեմպիոնի կոչումը 274 կգ արդյունքով նվաճեց Լեհաստանի ներկայացուցիչ Դամիան Վիշնիեւսկին:

Երեկ 69 կիլոգրամ քաշայինների օրն էր, որտեղ Հայաստանը ներկայացուցիչ չուներ: Իսկ ահա այսօր սպասում ենք մեր հանրապետության միանգամից չորս մասնակցի՝ 77 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանի եւ Աղասի Աղասյանի, ինչպես նաեւ 85 կգ քաշայիններ Արամ Անդրիկյանի եւ Աղվան Մելիքյանի մրցելույթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել