Նախկին «Հայ տղեք» եւ «Հայ թիմ» խմբերի անդամներ Հայկոյի եւ Միշոյի ասուլիսը երեկ տեղի ունեցավ «առանց հարցերի» նախապայմանով. «Նախապես մենք որոշել ենք, որ ձեր կողմից հարցեր չեն հնչելու»,- լրագրողներին այս հորդորով դիմեցին տղաները՝ նշելով, որ մանրակրկիտ բացատրություններն ավելորդ են: Նրանք պարզաբանեցին վերջերս իրենց միջեւ ծագած եւ մեծ աղմուկ բարձրացրած վիճաբանության հարցը: «Վերջին շրջանում քաղաքում երկու կարեւոր հարց էին քննարկում. մեկը սահմանի բացումն էր, մյուսը՝ իմ եւ Հայկոյի հարաբերությունները: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ եւ Հայկոյի հարաբերությունները շատ լավ են»,- ասաց Միշոն: Հայկոյի խոսքով էլ, այդ վիճաբանությունը շատերն ընկալել են որպես յուրօրինակ PR: «Այսպես մտածողներին ասեմ, որ շատ լուրջ հարցեր են քննարկվել, եւ դա չէր կարող PR լինել»,- հավաստիացրեց նա: Թեեւ ասուլիսի ժամանակ տղաները չցանկացան մանրամասնել վիճաբանության պատճառները, բայց, մեր տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է «Հայ թիմի» այն երգից, որում ասվում էր, թե բացի «Հայ թիմից», Հայաստանում լավ ռեփ երգող չկա, սրան ի պատասխան՝ ծնվել էր նախկին «Հայ տղեք» խմբի Հայկոյի հայհոյախառն երգը:
Հավելենք, որ մինի-ասուլիսի վերջում տղաները` չնայած սրահում իգական սեռի լրագրողների ներկայությանը, մեջտեղի մատ ցույց տվեցին իրենց բոլոր «չուզողներին» ու տեսա եւ ֆոտոխցիկներին հրավիրեցին նկարելու: