Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդ եւ փախուստ՝ «կրթական» աստառով

Հոկտեմբեր 16,2009 00:00

«Առավոտը» երեկվա համարում տեղեկացրել է, որ Մարզահամերգային համալիրում բացվել է «Կրթություն եւ կարիերա» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը՝ ԿԳ նախարարության եւ «Լոգոս էքսպո կենտրոնի» նախաձեռնությամբ: Կրթական հաստատությունների կողքին մի տաղավարում էլ հանգրվանել էր «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամ ներկայացող կազմակերպությունը, որը տրանսցենդենտալ մեդիտացիայով է զբաղվում, քիչ այն կողմ էլ ցուցահանդեսի այցելուներին «էստի համեցեք» էին անում «Գրին քարդի» «քարոզիչները»: Թե ինչ կապ ունեին աղանդն ու Հայաստանից փախչելուն միտված ակցիան կրթության եւ կարիերայի հետ, մի քիչ դժվար է պատկերացնել, բայց կարելի է ենթադրել:

«Լոգոս էքսպո կենտրոնի» PR պատասխանատու Մարի Ղաբազյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք գաղափար չունեն, թե իրենից ինչ է ներկայացնում «Մահարիշի վեդայական կենտրոնը», խնդրեց ինչ-ինչ տեղեկություններ տրամադրել: «Եթե իրենք աղանդ են, ուրեմն ժուռնալիստը պիտի գա ու իրենց հետ ինտերվյու անի»,- նման տարօրինակ առաջարկ արեց նա: Ի դեպ, «Գրին քարդի» եւ կրթության կապի մասին էլ Մ. Ղաբազյանը կոնկրետ պատասխան չուներ: Հիշեցնենք, որ անցյալ տարի եւս անդրադարձել ենք նույն ցուցահանդեսին ու նույն խնդրին («Մահարիշի վեդայական կենտրոնը»՝ կրթական աստառով», «Առավոտ», 28.10.2008թ): Այդ ժամանակ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը փաստել էր, թե աղանդավորական ինչպիսի քարոզչություն է իրականացնում «Մահարիշին»՝ կրթության եւ կարիերայի զարգացման պատրվակով, չնայած «Մահարիշի վեդայական կենտրոնի» տնօրեն Սվետլանա Գալստյանը այլ բան էր պնդում:

Ի դեպ, Քայքայիչ աղանդներից տուժածների աջակցության եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ քանիցս մամուլում հանդես է եկել հայտարարությամբ («Արմինֆո», «Նովոյե վրեմյա» եւ այլն) «Մահարիշի վեդայական կենտրոնի» (երկրորդ անվանումը՝ «Տրանսցենդենտալ մեդիտացիա») մասին՝ այն որակելով որպես տոտալիտար աղանդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել