Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԸ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՄԻՍ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Կամ լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելիները»

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ լրացավ «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 4-ամյակը: Նաեւ նշել, որ այս ակումբում չկան տաբուներ՝ թեմաների եւ անձերի առումով: Ի դեպ, այսօր էլ «Հայելի» ակումբի հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանի ծննդյան օրն է, այնպես որ՝ հոկտեմբերը նրա համար հոբելյանների ամիս է, մանավանդ լրանում է նաեւ Կենտրոն TV-ով ցուցադրվող նրա «Հայելու առաջ» հաղորդաշարի 1-ամյակը: Ա. Թովմասյանը գաղտնաբար ասաց, որ հոկտեմբերին հեռուստատեսային մեկ այլ անակնկալ էլ ունի, թե ինչպիսի՝ առայժմ փակագծերը չբացեց:

Գաղտնիք չէ, որ «Հայելի» ակումբում ասուլիսները բուռն են լինում, նախկինում դրանք երբեմն վերաճում էին ձեռնամարտի, եթե հյուրերը երիտասարդ կուսակցականներ էին: Դա պայմանավորված է ոչ միայն վարողի խառնվածքով, այլեւ նրանով, որ այս ակումբում չկան արգելված թեմաներ եւ անձինք: Ա. Թովմասյանին հարցրինք՝ կա՞ն հյուրեր, որոնք վերջին պահին հրաժարվում են ասուլիսին մասնակցել: Պարզվեց՝ քիչ, բայց այդպիսիք էլ կան: Քաղաքական ոլորտի որոշ ներկայացուցիչներ էլ, ըստ Անժելայի, սիրում են ուշանալ: Նա այս առիթով մեջբերեց Ռուբեն Հախվերդյանի այն միտքը, թե ուշացողը ոչ թե հրավիրողին, այլ ինքն իրեն չի հարգում:

Լինում են նաեւ զվարճալի ասուլիսներ, անուններ չտրվեցին, որովհետեւ բոլոր լրագրողները «հինգ մատի պես» գիտեն, թե ում մասին է խոսքը: Ա. Թովմասյանի պատմելով, ոմանք էլ մեկ անգամ ասուլիսի մասնակցելուց ու լրագրողական հարցերի տարափից հետո, այլեւս հրաժարվում են հյուրընկալվել «Հայելիում», ինչպես, օրինակ՝ Արտաշես Գեղամյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Հայելու առաջ» «առանց փողկապի» ձեւաչափով հաղորդաշարին. ամեն հաղորդումից ու հյուրից հետո Անժելան բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Նա ասաց, որ իր խնդիրը հաղորդման ժամանակ մարդուն մերկացնելը ու անհարմար դրության մեջ դնելը չէ. «Ես իմ առաջ խնդիր եմ դնում՝ բացահայտել մարդուն… Հյուրերս ինձ վստահում են ու «բացվում»՝ գիտեն, որ անազնիվ չեմ գտնվի իրենց հանդեպ, տմարդի չեմ վարվի»: Ա. Թովմասյանը նաեւ հավելեց, որ շատ արձագանքներ է ստացել հատկապես սպարապետի մոր՝ Գրետա Սարգսյանի, դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի՝ «Հայելու առաջ»-ում հյուրընկալվելուց հետո:

Ինքնատիպ է եղել նաեւ լեգենդար Վանուշ Խանամիրյանի «Հայելու առաջ»-ը:

«Հաղորդման ժամանակ ասացի՝ հույս ունեմ, որ 18 տարի էլ պիտի պարեք՝ մինչեւ 100-ամյակը բոլորեք: Ի պատասխան, պարոն Խանամիրյանը կես կատակ-կես լուրջ նշեց՝ դու քո մասին մտածիր»,- պատմեց մեր զրուցակիցը: Նա մյուս ակումբները «Հայելիին» մրցակից չի համարում, գտնում է, որ յուրաքանչյուրն իր տեղն ու գիծն ունի, ինչպես իր ակումբն է տեսակով բանավեճի: Ա. Թովմասյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ մեր օրերում դեֆիցիտ դարձած բարությունն ու հանդուրժողականությունն ավելանան. «Առաջ վախենում էի չար մարդկանցից, հիմա խղճում եմ: Ախր չարությունը նախեւառաջ ինքնակեղեքում է, ինքնախոշտանգում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել