ԿԳՆ-ում 10 տարի՝ ժամանակ չեն ունեցել «Կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված զուգահեռ երկու մասնագիտություն ստանալու մեխանիզմները մշակել:
Օրերս «Առավոտին» էր դիմել մի ծնող, որը ցանկանում էր, որ իր երեխան կրթություն ստանա զուգահեռաբար երկու բուհում կամ նույն բուհի երկու բաժիններում: Քանի որ նրա երեխան սովորում է ԵՊՀ-ում, նա դիմել է բուհի ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանին՝ հետեւյալ դիմումով. «Երեխաս սովորում է ԵՊՀ-ում: Ցանկանում է զուգահեռ կրթություն ստանալ մեկ այլ բուհում կամ նույն բուհի այլ բաժնում: Դրա համար անհրաժե՞շտ է ներկայացնել ավարտական փաստաթուղթը: Արդյոք ես կարո՞ղ եմ վերցնել այն, եթե ոչ, ապա ինչո՞ւ»: Նա ստացել է հետեւյալ պատասխանը. «Ավարտական փաստաթուղթը չեք կարող վերցնել: Ճիշտ է, «Կրթության մասին» օրենքը թույլ է տալիս զուգահեռ կրթությունը, սակայն առայժմ կրթության եւ գիտության նախարարության կողմից անհրաժեշտ մեխանիզմներ մշակված չեն»: Փաստենք, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 14.04.1999-ին՝ 10 տարի առաջ: Դրա 49-րդ հոդվածի 8-րդ դրույթը սահմանում է. «Միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա բաժինների սովորողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալ երկրորդ մասնագիտություն»:
Մի՞թե 10 տարվա ընթացքում ԿԳՆ-ն օրենքի այս կետի գործարկման մեխանիզմներն այդպես էլ չմշակեց: Պարզաբանումներ ստանալու համար «Առավոտը» դիմեց ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության վարչության բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանին: Մի քանի օր զանգելուց հետո հաջողվեց նրա հետ հարցազրույցի համար պայմանավորվել: Երբ պայմանավորվածության արդյունքում այցելեցինք բաժնի պետին, պարոն Մելիք-Բախշյանը մեզ առաջարկեց հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ճշտել, թե ով է հարցին պատասխանելու, ասելով, թե ինքը ուշանում է: Սենյակից դուրս գալով՝ նա ասաց, որ հարցին կպատասխանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը: Պարոն Մելիքյանն էլ՝ այն կողմից, թե՝ դասից ուշանում եմ, չեմ կարող: Մի քանի րոպե սպասում էինք, թե ի վերջո ով կբարեհաճի պատասխանել մեր հարցադրմանը, երբ կրկին սենյակ վերադարձավ պարոն Մելիք-Բախշյանը՝ ասելով՝ լա՜վ, ես կպատասխանեմ: Կատարելով այդ մե՜ծ լավությունը, նա դժկամորեն ծանոթացավ խնդրին եւ ասաց. «Տվյալ ուսանողը կարող է զուգահեռ լրացուցիչ կրթություն ստանալ, իսկ դրա համար նրան ատեստատ պետք չէ: Սակայն այդ կրթությունը չի կոչվում երկրորդ բարձրագույն, երկրորդ բարձրագույն կրթություն նա կարող է ստանալ բուհն ավարտելուց հետո»: Մենք էլ հղում արեցինք 1999-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքին եւ հարցրինք, թե այդ ինչպե՞ս է եղել, որ զուգահեռ երկրորդ մասնագիտությունը ստանալու մեխանիզմներ դեռ չեն մշակվել, չնայած անցել է արդեն 10 տարի: Բաժնի պետը պատասխանեց. «Չենք հասցրել՝ չենք մշակել: Հետո մշակողը մենք չենք»: Իսկ Սասուն Մելիքյանը հավելեց. «Այդ հարցը տեխնիկապես էլ չի ստացվում: Օրինակ, եթե երկու բուհում սովորող երեխան մի տեղի դասերից բացակայեց, ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս պիտի կրեդիտներ հավաքի»: Մեր դիտարկմանը, թե՝ այդ դեպքում չի՞ նախատեսվում փոփոխություններ կատարել օրենքում կամ մշակել մեխանիզմներ օրենքի պահանջը կատարելու համար, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Այդ կապակցությամբ առաջիկայում կլինեն քննարկումներ: Մյուս կողմից էլ՝ զուգահեռաբար երկու մասնագիտությամբ կրթություն ստանալու համար մեզ հատուկենտ դիմումներ են եղել»: