Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Կրկին քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մեկնաբանությունները երեկ հնչեցին «Երիտասարդ թուրքագետների ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ, որը բավականին լարված ընթացք ստացավ, հնչեցին հակասական կարծիքներ: Պատմ. գիտ. թեկնածու Յուրա Հովսեփյանը, «Ագոս» թերթի հայաստանյան ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը, Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնի գիտահետազոտական հիմնադրամի նախագահ Հայկազուն Ալվրցյանը հանդես եկան արձանագրությունների եւ դրանց ստորագրման գործընթացի վերաբերյալ սուր քննադատական ելույթներով, իսկ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, չնայած մտահոգություններին, այնուամենայնիվ, արձանագրություններին վերաբերող քննադատությամբ նկատելիորեն զիջում էր իր գործընկերներին: Օրինակ՝ Յու. Հովսեփյանը, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները մեծ տերությունների կողմից թելադրված խաղ անվանելով, հռետորական հարց հնչեցրեց, թե գոնե այդ խաղում մենք մեր նպատակը գիտե՞նք, ու հանգեց հետեւյալ եզրակացությանը. «Նույնիսկ հնարավոր է, որ վերջում ոչինչ էլ չշահենք»: Հետո արձանագրությունները որակեց «անգրագետ ձեւով կազմված» եւ մանրամասնեց. «Դեռ արձանագրությունները չվավերացված՝ մենք ունենք կորուստներ. Հայաստանի եւ Սփյուռքի հասարակության մեջ անվստահություն է ստեղծվել, տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակների համար փորձում են օգտագործել այս ամենը՝ ոմանք իշխանափոխության լավ առիթ համարելով: Մտահոգություն ունեմ նաեւ մեր անվտանգության խնդիրների հետ կապված. չենք կարող վստահ ասել, որ սահմանները բացելուց հետո մեր ատոմակայանը չի դառնա հարձակման թիրախ: Վտանգ կա, որ սահմանի բացումից հետո տարբեր ահաբեկչական գործողություններ կազմակերպվեն, եւ հավատացած չեմ, որ մեր պատասխանատու մարմինները դրանք կանխելու հնարավորություն ունեն»: Տիրան Լոքմագյոզյանն էլ սկսեց խոսել սխալներից. «Մի կողմ թողած դիվանագիտական հարաբերությունները՝ շեշտը դրվում է սահմանի բացման վրա: Այնինչ առանց դիվանագիտական հարաբերությունների, ո՞ւմ է պետք այդ սահմանի բացումը: Թուրքիան փակել է սահմանը, մենք էլ շարունակ խնդրում ենք՝ բացիր, բացիր… Այնինչ Թուրքիան կարող է սահմանը փակ պահել, բայց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, բայց չի ուզում, Հայաստանին մարդու տեղ չի դնում»: Հետո ավելացրեց. «Ասում են, թե Փոթիի նավահանգստի փոխարեն սահմանի բացումից հետո կարող ենք օգտագործել Տրապիզոնինը: Ի՞նչն է տարբերությունը, երբ ես նույն բեռնատարով իմ բեռները հասցնում եմ Փոթի՞, թե՞ Տրապիզոն: Բայց ասում են, թե իբր Տրապիզոն գնացքով են տանելու, այնինչ այնտեղ գնացք չկա»:

«Ագոս» թերթի լրագրողը Հայաստանի ներկայիս իրավիճակը համեմատեց մի կարտոֆիլ վաճառողի հետ, որը սկզբում կարտոֆիլի գինը դնում է 150 դրամ, հետո գին հարցնելու ժամանակ իջեցնում է 100-ի՝ մտահոգություն հայտնելով, որ մենք իջեցրել ենք մեր գինը: Սա դուր չեկավ Ռ. Մելքոնյանին, որը դա ոչ կոռեկտ զրույց անվանեց ու փաստեց «Վրացական կողմը հայկական բեռները շատ լուրջ հարկերի է ենթարկում, եւ Ադրբեջանի բեռների հետ համեմատած՝ հայկականը 3 անգամ թանկ են անցնում: Բայց եթե սահմանը բացվի, եւ մշակվեն համապատասխան նորմեր, Թուրքիայի տարածքով բեռների փոխադրումը ավելի էժան լինի, կդիմենք այդ տարբերակին: Նաեւ հիշեցնեմ, որ արձանագրություններից մեկը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Հետո այսօր խոսում են, թե արձանագրությունների ստորագորումը սեպ խրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Արդյոք սեպ չի՞ առաջացել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, արդյոք երեկ Ադրբեջանում Գյուլի, Էրդողանի եւ Դավութօղլուի նկարները չէի՞ն այրվում»: Դառնալով հավանական ենթահանձնաժողովի ստեղծման հարցին՝ թուրքագետը նկատեց. «Այն չունի կանոնակարգված ոչ մի նորմ, հստակ չէ դրա օրակարգը, ո՞վ է հարցերը մտցնելու, արդյոք մյուս կողմը հարցին ունի՞ վետոյի իրավունք, քննարկումներին մասնակցելու են պատմաբաննե՞ր, քիմիկոսնե՞ր, թե՞ չինովնիկներ»: Հնարավո՞ր է, որ հանձնաժողովը քննարկի ցեղասպանության եղելության հարցը՝ այս հարցին պարոն Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Միամիտ է կարծել, որ թուրքական կողմը ենթահանձնաժողովի օրակարգ չի բերելու ցեղասպանության խնդիրը: Բայց ցեղասպանության եղելության փաստը երբեք չի լինելու քննարկման առարկա, քանի որ ոչ մի գիտնական այդ հարցը քննարկման առարկա չի համարում: Մյուս կողմից՝ Թուրքիան 90-ից ավելի տարի քարոզել է, որ ցեղասպանություն չի եղել: Հիմա, ստեղծելով ենթահանձնաժողով, արդյո՞ք պիտի քննարկի մի բան, որը 90 տարի ժխտել է»: Իսկ Հայկազուն Ալվրցյանը, պոպուլիզմ որակելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նկատեց. «Պոպուլիզմ չէ՞ արդյոք, երբ այսօր ասպարեզ է բերվում խայտառակ փաստաթղթերի մի կույտ, որը վերեւից ներքեւ լղոզված մատուցում են որպես ազգի տնտեսական փրկության ուղի: Ցավոք, այդ մտայնությունը սկսում է դառնալ առաջնորդող: Խնդիրը դիտելով սահման բացել-չբացելու համատեքստում՝ մոլորեցնում են ազգին: Ո՞ր խելամիտ մարդը կարող է ասել, թե սահմանը չբացենք: Բացենք, բայց ինչպե՞ս բացենք: Տվյալ դեպքում սահմանի բացումը մեզ զրկում է ոչ միայն քաղաքական հեռանկարներից, այլեւ արժանապատվությունից»:

Երիտասարդ թուրքագետների ակումբի նախագահ Լիա Էվոյանն էլ «Առավոտին» փոխանցեց ակումբի երիտասարդների կարծիքը. «Ցանկացած սահմանների բացումը բնականոն երեւույթ է, ուստի մենք չենք կարող կողմ կամ դեմ լինել մի բանի, որը բնական է: Բայց հարցեր են ծագում՝ ինչպե՞ս բացել, ո՞վ բացի, մե՞նք բացենք, թե՞ Թուրքիան, որ սահմանները ժամանակին փակել է մեզ շրջափակման մեջ դնելու համար: Ու հիմա, ինչպես Գյուլը եւ Էրդողանն են ասում, սահմանը բացելու պայմանը Ղարաբաղի հարցի լուծումն է: Իսկ դա, ըստ Թուրքիայի, Ղարաբաղից եւ ազատագրված տարածքներից հրաժարվելն է: Ցավոք, ժողովուրդը կենցաղային մակարդակով է դատում, բայց մենք՝ որպես ակումբ, դրա իրավունքը չունենք: Մենք չենք կարող դատել՝ ելնելով նրանից, թե Անթալիայի տոմսերը ինչքանով կէժանանան հաջորդ ամառ, ուստի ոչ մի կերպ չենք կարող կողմ լինել այդ արձանագրություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել