Ուզում եմ մի նկատառում հայտնել Հ. Խուրշուդյանի «Երկու ժողովուրդ» հոդվածի մասին: Հեղինակի գաղափարն, ըստ էության, նորություն չէ. էպոսում հստակ առանձնացվում են մի կողմից՝ Ջոջանց տուն (տանուտերերի տուն), իր խոյերեն ժառանգորդներով (ընդ որում, ոչ բոլորն էին համարվում խոյերեններ եւ ժառանգորդներ), իսկ մյուս կողմից՝ մնացյալ սասունցիները (աղք եւ ընդոցին), ինչը բնականոն վիճակ է, եւ կարիք չկա այն ներկայացնել որպես ազգի բացասական հատկություն: Սակայն դրան չէ, որ ուզում եմ բեւեռել հեղինակի ուշադրությունը: Իմ կարծիքով, ճիշտ չի ընկալվել եւ մեկնաբանվել Ագռավաքարի իմաստը: Փոքր Մհերը փակվել է Ագռավաքարում ոչ այն պատճառով, որ Դավթի արժանի ժառանգն ու շարունակողը չէ: Նա ավելի կատարյալ եւ ուժեղ է, քան Դավիթն ու նրա նախնիները: Այն աստիճանի կատարյալ, որ Արարիչը անհրաժեշտ չի համարել նրան կատարելագործել հաջորդ սերնդով եւ դարձրել է անմահ, իսկ Ագռավաքարում նա փակվել է այն պատճառով, որ Հողը (ժողովուրդը), Մհերի բառերով ասած՝ «ղալբացել է եւ իրեն չի պահի»: Որտեղ նա քայլում է քարերի վրայով՝ ձին չի խրվում, իսկ երբ քայլում է հողի վրայով՝ ձին խրվում է: Էպոսի վերջերգում հստակ նշվում է, որ Մհերը տարին երկու անգամ՝ մեկ Վարդավորին, մեկ էլ՝ Համբարձմանը, դուրս է գալիս Ագռավաքարից եւ փորձում է Հողին: Քանի դեռ հողի մեջ բավարար Ար չկա, եւ նա քարի հատկություն չունի, «Մհերը չի կարող կենալ երկրի վրա»: Քանի դեռ բավարար քանակի ու որակի խոյերեններ (տանուտերեր) չունենք:
Վերջում ավելացնեմ, որ չեմ հավակնում անփոփ եւ ամբողջական բացատրություն տալ այս բացարձակ եւ վերմարդկային երեւույթի մասին, սակայն ուզում եմ հորդորել, որ հային վերաբերող բարձրագույն եւ սրբազան Բաների մասին դատողություններ անելիս լինենք ավելի զգույշ, պատասխանատու եւ տանուտիրական: