Հարգելի Ա. Աբրահամյան, Ձեր խմբագրականներից մեկում անդրադարձել էիք բլոգներում կեղծանունով հանդես եկող անձանց եւ հորդորել էիք կեղծանուններով վիրտուալ անձինք գնահատական չտան իրական եւ կենսագրություն ունեցող անձանց մասին, որի հետ ամբողջովին համաձայն եմ նաեւ ես: Նույն այս սկզբունքով առաջնորդվելիս առավել անտրամաբանական չէ վիրտուալ ԱՍԱԼԱ-ի անունից հայտարարություններ հրապարակելը թերթերի, առավել եւս, «Առավոտի» էջերում: Որքան ինձ հայտնի է, Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն 80-ականների վերջերից այլեւս գործունեություն չունի, նրա համախոհները տարբեր երկրներում հիմնել եւ ընդգրկվել են «Հայկական ժողովրդային շարժում» կազմակերպություններում: Իմ ընկալմամբ նույնիսկ կասկածելի են թվում այն հրապարակումները, որոնք արվում են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի անունից. դրա ապացույցն են Ձեր թերթի էջերում նրա անունից արվող իրարամերժ հրապարակումները: