Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել: Այսինքն այն, ինչ թուրքական կողմին թույլ չտրվեց ասել նախօրեին՝ Ցյուրիխում, հաջորդ օրն իսկ ասվեց Անկարայում: Ու թեեւ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Էրդողանի տվյալ հայտարարությունը, թերեւս, ավելի շատ արված էր ադրբեջանական լսարանի համար, այնուամենայնիվ, հիշելով ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Ցյուրիխում նախատեսված հայտարարության մեջ Ղարաբաղի խնդրի հիշատակման՝ թուրքական կողմի ցանկությունը, պարզ է դառնում, որ այդօրինակ հայտարարություններն ուղղված են ոչ միայն ադրբեջանական լսարանին:
Եվ եթե խորհրդարանական Թուրքիայում լուրջ դերակատարություն ունեցող իշխող քաղաքական ուժերը՝ ի դեմս այդ երկրի վարչապետի, պարբերաբար հնչեցնում են Արձանագրությունների վավերացման մերժման կոչեր, ապա Հայաստանի իշխանական շրջանակների կողմից մինչ օրս որեւէ ակնարկ անգամ չի արվել այն մասին, որ ՀՀ խորհրդարանը կարող է եւ չվավերացնել Արձանագրությունները: Ավելին, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարության ներկայացուցիչը նախօրեին հայտարարեց, թե՝ մենք կսպասենք մինչեւ Թուրքիան վավերացնի, ապաեւ՝ ինքներս դա կանենք: Այսինքն՝ միակ մտահոգությունն այն է, որ թուրքական կողմը հանկարծ չտապալի վավերացումը, իսկ մեր մասով՝ խնդիր չկա: Դա, անշուշտ, միանգամայն բնական մոտեցում է՝ հաշվի առնելով մեր խորհրդարանի կազմն ու լիակատար կախվածությունը գործադիր իշխանությունից: Ինչ վերաբերում է Արձանագրությունների վավերացման ընթացակարգերին, ապա Հայաստանում դրանք, մինչ ԱԺ մտնելը, պետք է անցնեն համապատասխան գերատեսչություններով եւ, ի վերջո, ներկայացվեն Սահմանադրական դատարանի քննարկմանը, ինչի համար օրենսդրությամբ նախատեսված է առավելագույնը 8 ամիս: Եթե, իհարկե, ՀՀ նախագահն անմիջապես դիմի ՍԴ՝ քննարկելու Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:
Մինչդեռ Թուրքիայի մեջլիսին այդ երկրի ԱԳՆ ղեկավարը Արձանագրությունները կներկայացնի արդեն հոկտեմբերի 21–ին: Այս փաստը, սակայն, չի նշանակում, թե թուրքերը հնարավորություն չեն ունենա վավերացման գործընթացն անվերջ ձգձգելու, քանի որ՝ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական օրենսդրությամբ նշված փաստաթղթերի վավերացման համար որեւէ ժամկետ սահմանված չէ, եթե վավերացվող փաստաթղթում կանխավ ամրագրված չէ վավերացման վերջնաժամկետը: Իսկ Արձանագրություններում, ինչպես հայտնի է, վավերացման ժամկետների վերաբերյալ որեւէ նշում չկա, ի տարբերություն, օրինակ, Ալեքսանդրապոլի պայմանագրի, որտեղ նշված էր, որ այն պետք է վավերացվի մեկամսյա ժամկետում: Այնպես որ, չի բացառվում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգվի սպասվածից ավելի երկար:
Ենթադրենք՝ թուրքական կողմը Արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգի ընդհուպ մինչեւ «ողջամիտ ժամկետի» ավարտը: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանը:
Ստեփան Գրիգորյան- Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար
Անկախ նրանից, թե ինչ է անում Թուրքիայի խորհրդարանը, Հայաստանը պետք է շատ արագ կերպով վավերացնի Արձանագրությունները: Մենք մանեւրելու հնարավորություն չունենք, քանի որ ողջ աշխարհը գիտի, որ մեր ԱԺ-ն անկախ մարմին չէ: Եթե թուրքերը պետք է ձգձգեն, թող ձգձգեն: Որեւէ կողմից վավերացման ձգձգումը աշխարհի համար հավասարազոր է գործընթացի խափանման: Եվ եթե պետք է լինի գործընթացը խափանող, ապա թող դա լինի Թուրքիան, քանի որ դա լուրջ հարված կլինի այդ երկրի իմիջին: Իսկ Հայաստանը, կրկնում եմ, պետք է ուղղակի հընթացս վավերացնի Արձանագրությունները:
Վարդան Պողոսյան- քաղաքագետ, սահմանադրագետ
Եթե Հայաստանն իսկապես համարում է, որ Արձանագրությունները բխում են իր շահերից, ապա պետք է ակտիվ գործի, այլ ոչ թե սպասի Թուրքիայի քայլերին: Սակայն, եթե Թուրքիան փորձի անվերջ ձգձգել կամ հրաժարվել վավերացումից, ապա Հայաստանի Հանրապետությունն այդ դեպքում կարող է պարզապես չվավերացնել այդ պայմանագիրը կամ, եթե արդեն վավերացրել է՝ չեղյալ ճանաչել վավերացումը եւ հրաժարվել այդ բոլոր ստորագրություններից: Ի վերջո, այդ Արձանագրությունները դեռեւս իրավական առումով ուժ չունեն: Դրանք ընդամենը ստորագրված փաստաթղթեր են, որոնք մնում են թղթի վրա այնքան ժամանակ, քանի դեռ դրանք սահմանված կարգով ուժի մեջ չեն մտել:
Այնուամենայնիվ, ես չեմ կարող հարյուր տոկոսով պատասխանել, թե տվյալ դեպքում որը կլինի ճիշտ լուծումը Հայաստանի համար, քանի որ ինձ համար մինչեւ վերջ այս Արձանագրությունների հետ կապված շարժառիթները պարզ չեն: Հատկապես սահմանների ճանաչման հետ կապված: Եթե չլիներ սահմանների ճանաչման կետը, ապա ես խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին՝ որքան հնարավոր է շուտ վավերացնել այդ Արձանագրությունները: Քանի որ դրանք, իմ կարծիքով, ավելի շատ բխում են մեր շահերից, քան Թուրքիայի: Սակայն, քանի որ կա սահմանների ճանաչման կետը, ապա ես կարծում եմ, մեր կողմից չարժե արագացնել վավերացման գործընթացը, ավելին, հնարավոր է սահմանների ճանաչման մասով ՍԴ-ն որոշակի կորեկցիա մտցնի այդ կետի՝ մեր կողմից մեկնաբանման առումով: Ամեն դեպքում, մեր օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգը հնարավորություն է տալիս մեզ ե՛ւ շարունակել բնականոն ընթացքը, ե՛ւ հետեւել Թուրքիայի քայլերին, ե՛ւ միաժամանակ փորձել առաջ տանել մեր որոշակի հարցերը:
Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այդ «ողջամիտ ժամկետ» ասվածը մինչեւ այս տարվա վերջն է, եւ հենց այդ ժամկետում պետք է արվի վավերացումը: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այս գործընթացը, շատ մեղմ ասած, ոչ առանց երրորդ կողմերի ներգործության է: Հակառակ դեպքում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան միայն երկուսով այդքան արագ չէին գնա նման լուծումների:
Խոսրով Հարությունյան–ՀՀ քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ
Ամենից ողջամիտը կլիներ այն, եթե երկու կողմերը պայմանավորվեին միաժամանակյա վավերացման մասին: Ոչ թե պետք է այս ժամանակահատվածում փորձել սեփական «մկանները ցույց տալ», այլ հանուն ընդհանուր նպատակի՝ պետք է փորձել պայմանավորվածություն ձեռք բերել միաժամանակյա վավերացման շուրջ: Առավելեւս, որ Արձանագրություններում, կարծեմ՝ հավելվածում, այդ մասին խոսք է գնում: (Նշենք, որ Արձանագրություններում նման բան չկա: Ա. Ս.) Ամեն դեպքում գործընթացի վերաբերյալ քաղաքական մտահոգվածությունը դա է հուշում: Եթե կողմերից որեւիցե մեկը փորձի հարցը ձգձգել եւ այս փուլում գնալ դիրքային առավելությունների ձեռքբերման ճանապարհով, ապա դրանով իսկ կարող է վտանգել ողջ գործընթացի ապագան: Ուստի, իմ կարծիքով, այս փուլում կողմերից որեւէ մեկի ձգձգման մարտավարությունը միանշանակ սխալ է:
Տիգրան Կարապետյան- ՀՀ ժողովրդական կուսակցության նախագահ
Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ հրաժարվի այդ փաստաթղթերի վավերացումից: Լավ կլիներ, որ այդ Արձանագրություններն ի սկզբանե չլինեին: Ես չեմ հասկանում, թե ինչներիս է դա պետք՝ մի ժողովրդի հետ, որը ի սկզբանե խաբեությամբ է զբաղվում եւ մեզ ատում է: Հենց թեկուզ, օրինակ, նախօրեին ֆուտբոլային խաղից առաջ մեր լրագրողների ավտոբուսի քարկոծումը: Ինչ վերաբերում է այդ Արձանագրությունների վավերացման ձգձգմանը, ապա ես վստահ եմ, որ դրանք չեն վավերացվի Թուրքիայի կողմից, քանի որ թուրք ժողովուրդը դա չի ուզում: Բացի այդ, ես կարծում եմ, որ Թուրքիան այնպես կանի, որ մենք էլ չվավերացնենք Արձանագրությունները: Դրա համար նրանք կփորձեն դիմել սադրանքների:
Սուրեն Սուրենյանց-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Ստորագրված Արձանագրությունները եւ դրանց վավերացման ու իրականացման ժամանակացույցը ես համարում եմ ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ պարտավորություններ, այլեւ երկու երկրների ստանձնած պարտավորություններ՝ աշխարհի առաջ: Այս համատեքստում, կարծում եմ, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Իսկ թե Թուրքիան ինչպիսի վարքագիծ կորդեգրի… միայն դրանից հետո կարող ենք համարժեք քայլեր անել: Ամեն դեպքում, եթե անգամ Թուրքիան իր պարտավորությունները չկատարի, միեւնույն է, Հայաստանն իր քայլերը չպետք է պայմանավորի Թուրքիայի քայլերով: Քանի որ եթե Թուրքիան վավերացումը ձգձգի կամ խափանի, կստացվի, որ նա խախտում է ստանձնած պարտավորությունները ոչ միայն Հայաստանի, այլեւ գործընթացի միջազգային հովանավորների առջեւ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: