Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտի ծեծած, ձյան տարած

Հոկտեմբեր 16,2009 00:00

Արագածի տարածաշրջանի գյուղացիները դեռ երկու տարի պիտի սպասեն

Սեպտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 6-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի որոշ շրջաններում տեղացել է առաջին ձյունը, Արագածոտնի մարզի լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում դաշտերը ծածկվել են ձյան 15-17 սմ շերտով, հալոցքից հետո հողը խոնավ է եւ հացահատիկի մշակությամբ զբաղվող բարձրլեռնային համայնքները չեն կարողանալու բերքը հավաքել: Մարզի՝ հացահատիկի մշակությամբ զբաղվող 22 համայնքները մոտ 290 միլիոն դրամի վնաս են կրելու:

Հողատերերի հետ մեր զրույցներից պարզվեց, որ ողջ տարվա ընթացքում տեղացած անձրեւները, կարկուտը ու սեպտեմբերի վերջի ձյունը վնասել են նաեւ կարտոֆիլի ցանքատարածությունները:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում սովորաբար հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30 ցենտներ գարի եւ 40 ցենտներ ցորեն: Այստեղ մեկ հեկտարից մինչեւ 15-20 տոննա կարտոֆիլ են ստանում: Այս տարի հեկտարից ստացվել է 500 կիլոգրամ հացահատիկ, 5 տոննա կարտոֆիլ: Իսկ մեկ հեկտար հացահատիկ մշակելու համար արագածցին ծախսում է 140 հազար դրամ:

Ամենաբարձր մակարդակներով գյուղացուն բազմիցս խոստացել են տեղադրել հակակարկտային կայաններ, սակայն առայսօր այն մնում է երազանք: Տարածաշրջանում մեկ հեկտար հացահատիկ մշակելու համար արդեն 3 տարի է՝ հատկացվում է պետական լրավճար: Հաջորդ տարվանից այն չի լինելու, գումարներն ուղղվելու են հակակարկտային կայաններ տեղադրելու գործին:

Հիշեցնենք, որ, ըստ պատկան կառույցների, Հայաստանում կարկուտների դեմ արդյունավետ պայքարելու համար հարկ է ունենալ 250 հակակարկտային կայան: Իսկ սրա համար էլ հարկ է մոտ երկու տարի:

ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման նախարարությունները մտադիր էին ՀՀ կառավարությանն առաջարկել 2010-ի բյուջեում 120 կայան տեղադրելու համար գումար առանձնացնել, բայց կարծես թե այս գյուղամետ գաղափարը 2010-ին չի իրագործվի: Համենայնդեպս, 2010-ի պետական բյուջեի նախագծում նման տող չգտանք: Իհարկե, գյուղնախարարությունը 150 միլիոն դրամ է ստանալու բույսերի պաշտպանության համար, բայց հաստատ հակակարկտային կայանների կառուցում չի ենթադրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել